4.6.12

ՉԻ ԿԱՐԵԼԻ ???


Զարմանում եմ... 
Չի կարելի՞ այնպասի հայկական  հեռուստասերիալներ արտադրել, որոնցում զենք-զինամթերք և դրանց հետևանք հանդիսացող սպանություններ ու արյունահեղության տեսարաններ չլինեն: Պարտադիր չէ հանճար լինել` հասկանալու համար, որ դրանք դիտողի մոտ, լինի ահել, թե ջահել, «մսագործի» հոգեբանություն է կերտվում:

Չի կարելի՞ դրանցում օրը ցերեկով չցուցադրել ստացված կամ չստացված ինքնասպանություններ, մարդկանց հոգեբանաբարոյական և ֆիզիկական ճնշումների օրինակներ, թմրադեղերի և ծխախոտի կիրառություն, բայց դիտարժան ու իրականությանը մոտ տեսարաններ ստանալ: Դժվա՞ր է հասկանալ, որ այդ ախտերի ցուցադրությունը ինքնին քարոզչություն է, և շատերը դրանք քարշ են տալիս իրենց կյանք:

Չի կարելի՞ մի փոքր ավելի ստեղծագործ միտք ունեցող սցենարիստներ գտնել, որպեսզի հեռուստադիտողը միանգամից չկռահի առանց այդ էլ հնդկական ֆիլմեր հիշեցնող մեկը մյուսին կրկնող սցենարները, որոնք այնքան հեռու են հայկական առօրյայից` մարդկային առևանգումներ, վթարների արդյունքում կորչող-գտնվող կերպարներ, և որ ամենազավեշտալին է, մեռնող ու հարություն առնող Ադոնիս-հերոսներ:

Չի կարելի՞ մանկահասակ երեխաներին չկտրել իրենց հեքիաթային աշխարհից ու չնկարահանել չարաբաստիկ սերիալներում (եթե չեմ սխալվում, դա անգամ օրենքով է արգելված): Մի՛ զրկեք նրանց մանկությունից` ներկայացնելով որպես կյանքի փորձությունների բովում թրծված, ամեն հարցի պատասխան ունեցող մեծացած-փոքրացած «ծյոծյաներ»:

Չի կարելի՞ առանց այդ էլ աստիճանաբար փտող ու վարկաբեկվող հայոց ընտանիքի էլ ավելի անկումին չնպաստել խառնամուսնությունների, ապօրինի ամուսնությունների ու երեխաների, դավաճանությունների ու ամուսնալուծությունների տեսարաններով: Թե՞ սա է իրականում անհրաժեշտ առողջ ընտանիք, հետևաբար և առողջ հասարակություն ու պետություն ունենալու համար: 

Չի կարելի՞ չօգտագործել այնպիսի բառապաշար, որից հասարակության ամենագռեհիկ ու ամենաընկեցիկ շերտերն են օգտվում: Ֆիլմն ավելի հետաքրքիր չի՞ լինի, եթե պսեվդոհեղինակությունների փոխարեն ավելի շատ լինեն կիրթ ու ինտելեկտուալ կերպարներ, ավելի բնական չի՞ լինի, եթե գիշերային թթեռնիկների շարժուձևն ու կերպարը ըստ ամենայնի կապկող վուլգար «կոկետուհիների» փոխարեն համեստ, խելացի, պարկեշտ հայուհու կերպարներ լինեն: Թե՞ իրականում այսպիսին է հայի կերպարը, և ես եմ միամիտ ու երազկոտ...

Չի կարելի՞ եղած ֆինանսը, ժամանակն ու ռեսուրսները ներդնել որակյալ, համոզիչ դերասանական խաղով, հոգեբանական ճիշտ խառնվածք կրող կերպարներով, ուսուցողական, լավը, դրականն ու բարին, դաստիարակիչն ու ընդօրինակելին քարոզող ֆիլմեր արտադրելու համար:
Չի կարելի՞... Վստահ եմ` կարելի է...
Զարմանում եմ...

3 արտահայտվիր:

Blognews said...
6/5/12, 10:10 AM

Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

Սոսե said...
6/6/12, 4:26 PM

Ter hayr jan karelin iharke kareli e,bayc im karciqov baci ver@ tvarkvac patjarneriv mekn naev ayn e,vor mer hasarakutyunum aprum en tarber mtacoghutyan,haskacoghutyan ev @nkaloghakanutyan ter mardik ev dra hamar aveli hesht e grel primitiv,dyuramars,hasarakuyan@ matcheli ev ekranin kapogh knereaq himar scenarner...shnorhakalutyun grarman hamar

Srk. said...
6/22/12, 8:09 PM

@Սոսե , ես համաձայն եմ, բայց դրանի էլ ելք պիտի լինի:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...