19.11.13

ՀԱՍ-ՉՀԱՍ

Խոսենք ոչ այնքան բարդ, որքան խճճված մի թեմայի մասին, որի դրդապատճառ, որքան էլ որ անհեթեթ հնչի, հանդիսացավ հայկական սերիալներից մեկը: Բանն այն է, որ սցենարիստի թեթև ձեռքով սյուժեում այնպես է ստացվում, որ իրար սիրահարվում կամ միմայնց հետ ամուսնական կապի մեջ մտնելու պատրաստակամություն են հայտնում ինչ-որ մեկի զավակները և այդ ինչ-որ մեկի սանիկները:
Եթե «հանճարեղ» սցենարիստը տեղյակ չէ, ապա ասեմ, որ արդեն դարեր ի վեր ամուսնության նմանօրինակ դրսևորումը  հոգևոր-բարոյական անթույլատրելի նորմ է հայերիս մեջ, ինչպես որ ասենք՝ անթույլատրելի է մերձավոր ազգականների ամուսնությունը: Եկեղեցական տեսանկյունից կնքահոր հարազատ զավակը և հոգեզավակը դիտարկվում են արյունակից քույր կամ եղբորը համահավասար, հետևաբար ամուսնությունն այս երկուսի միջև եկեղեցու կանոնական տեսանկյունից համարվում է արյունապղծություն:

Հիմա ընթերցողը կարող է մտածել, թե պարապ է այս մարդը, որ սերիալային ինտերպրետացիաներ է անում: Ո՛չ, ուղղակի նպատակս սերիալ դիտողների մոտ (իսկ այդպիսիք տասնյակ հազարավորներ են) սխալ կարծիքի ու տեսակետի ձևավորումը հնարավորինս կանխարգելելն է (չնայած որ այս սխալմունքի բուն արմատը ամենևին էլ սերիալը չէ):

Վստահ եմ՝ շատերն են լսել «պորտ» հասկացության մասին, որի առավել մասնագիտական անվանումներն են ճյուղահամարը կամ աստիճանը: Պորտը, այսպես ասած, մարդկանց միջև արյուանակցական կապի սերնդային հեռավորությունն է: Արյունակիցների միջև ամուսնության արգելքը որպես հիմք ունի թե՛ Աստվածաշունչը (հմմտ. Ղևտ. 20:21), թե՛ եկեղեցական կանոնագիտական ավանդությունը՝ սկսած Բարսեղի Մեծի կանոններից ու Աշտիշատի ժողովից (356 թ.)  մինչև Գևորգ Ե կաթողիկոսի կոնդակը: Դարերի ընթացքում պորտային հեռավորության թույլատրելի սահմանը հիմնականում համարվել է 7 պորտը, որը թույլատրեի ճշգրիտ ազգականական հեռավորություն է համարվում նաև բժշկագիտական տեսանկյունից: Միայն Մեծ Եղեռնից հետո Եկեղեցին այս արգելքը բացառաբար նվազեցրեց մինչև 6-րդ պորտ ազգակցական և 4 պորտ խնամիական ամուսնությունների համար: Պատճառը մարդկային հսկայական կորուստների վերականգման հրատապ անհրաժեշտությունն էր:
Առհասարակ գոյություն ունի պորտային մերձավորության 3 խումբ՝
ա. ազգացական մերձավորություն,
բ. խնամիական մերձավորություն,
գ. հոգևոր մերձավորություն:

Իսկ ինչպե՞ս է պետք հաշվել պորտային հեռավորությունները:
Կարճ ասած՝ յուրաքանչյուր ծնունդ՝ լինի տղա կամ աղջիկ, համարվում է 1 պորտ: Հաշվարկը սկսելու համար անհրաժեշտ է սկսել այն անձից, ով կապ է հանդիսանում ամուսնանալ պատրաստվող կողմերի միջև: Նայենք նկարին՝


Նկարում առկա յուրաքանչյուր սլաք համարժեք է 1 պորտի: Օրինակ՝ կապող անձ հանդիսացող Հակոբ պապի Սուրեն թոռը իր մոր (Անուշ) եղբոր (Գրիգոր) թոռան (Սևան) հետ գտնվում է 5 պորտ հեռավորության վրա: Ուրեմն, եթե հաշվենք 7 պորտի (ցանկալի է) սկզբունքով, ապա Սուրենի և Սևանի միջև կա չհասություն: Ամուսնություն հնարավոր է միայն Հայկանուշի և Վարդգեսի (8 պորտ), Հայկանուշի և Վարդանի (7 պորտ), Վարդգեսի և Սևանի (7 պորտ) ինչպես նաև նրանց սերունդների միջև:

Միևնույն սկզբունքով է հաշվարկն ընթանում նաև խնամիների սերունդների ամուսնության պարագայում, քանի որ ամուսնանալով՝ երկու առանձին անձիք մի են դառնում խորհրդաբանորեն, հետևաբար և յուրաքանչյուրի ազգականը համարժեք ազգական է նաև կողակցի համար: Ընդ որում՝ խնամիական երրորդ կողմի առկայության դեպքում գործում է «Իմ խնամու խնամին իմ խնամին չէ» սկզբունքը: Դիտենք ստորև բերված պատկերը՝  


Արամ և Սոս խնամիների սերունդների միջև ամուսնությունը հնարավոր է դառնում միմիայն Հեղինեի և Վարազդատի կամ Զմրուխտի և Դանիելի պարագայում: Այս եթե հաշվենք 7 պորտի սկզբունքով: 1922թ. Գևորգ Հայրապետի խնամիական 4 պորտային արտոնության պարագայում հարցը բավական դյուրանում է՝ թույլատրելի դարձնելով ընդհուպ Անիի և Վարազդատի կամ Մանեի և Դանիելի ամուսնությունը:

Ինչ վերաբերում է հոգևոր մերձավորությանը՝ կնքահայրությանը, որի մասին հպանցիկ ծանուցողական տրվեց սկզբում, ապա այս պարագայում էլ հաշվարկը արվում է ճիշտ այնպես, ինչպես ազգակից քույր ու եղբայրների պարագայում՝ ելակետ վերցնելով կնքահորը: Նկարում բերված է հենց սերիալի օրինակը :)` 

Ինչպես տեսնում եք, ըստ ֆիլմի անհաջող սցենարի՝ զավակներին և սանիկներին բաժանում է ընդամենը անթույլատրելի 2 պորտը... Պորտային հաշվարկը ինքնաբերաբար տարածվում է նաև կնքահոր մյուս զավակների, թոռների ու սանիկների, ինչպես նաև սանիկի թոռների, սերունդների և հոգեզավակների վրա՝ մինչև արյունակցական թույլատրելի հեռավորությունը:

Այսքանը: Հուսամ հետաքրքիր էր և հասկանալի, իսկ եթե հարցեր առաջանան, անպայման գրե՛ք, կփորձեմ պատասխանել: Տերը օրհնի բոլորիդ ու թագ ու պսակի արժանացնի:


Հիմնական աղբյուր՝ Լույս ամսագիր, էջ 415-420:

0 արտահայտվիր:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...