14.11.19

ՍԿՍԵՆՔ - Աստվածաշնչի երիտասարդները


«Երիտասարդն ի՞նչ միջոցով ուղղի ճանապարհն իր, 
եթե ոչ Աստծո խոսքերը պահելով» (Սաղմ. 118:9)

Աստվածաշունչ մատյանը, որ քրիստոնյա ամեն մարդու կյանքի և փրկության ուղեցույցն է, հարուստ է պատմություններով, առակներով, խրատներով, հրաշքներով և դրանցից բխող օրհնություններով: Քրիստոնյայի համար Սուրբ Գրքի էջերի միջից խոսում է Ինքը՝ Աստված, ինչի համար Աստվածաշունչը նաև անվանվում է «Աստծո Խոսք»: Երբեմն, սակայն, քրիստոնյաներս Աստվածաշունչն ընթերցում ենք պարզապես ընթերցած լինելու համար, որպես վիպական մի ստեղծագործություն կամ պատմական մի նկարագրություն, որ տեղի է ունեցել անցյալում, դարեր առաջ:

Իսկ այսօ՞ր… Ի՞նչ ունի ասելու Աստված մեզ այսօր... Ավելի ճիշտ՝ ի՞նչ կարող ենք մենք այսօր քաղել Աստվածաշնչի սուրբ էջերից: Թերևս մենք մոռանում ենք, որ մարդիկ ու հերոսները այս Գրքի մեջ առասպելաբանական հորինվածքներ չեն: Նրանք իրական միս ու արյունից կազմված մարդիկ են, որ պարզորեն ապրել են իրենց հանապազօրյա կյանքը: Ինչպես մեզ, այնպես էլ նրանց հարազատ են եղել մարդկային բնույթի բոլոր հատկանիշները. մարդիկ էին իրենց թերություններով և առավելություններով, վերելքներով և անկումներով: Ուրեմն, սիրելի՛ երիտասարդ, մենք ևս, օրինակ առնելով Աստվածաշնչի կենդանի հերոսներից, կարող ենք նրանց համաքայլ ապրել մարդկային պարզ կյանքը՝ այն իմաստավորելով Աստվածաշնչի լույսով ու սրբությամբ:


Մեր այս գրքի հերոսները երիտասարդներ են, Աստվածաշնչի հայտնի և անհայտ հերոսներ, որոնք ըստ Սուրբ Գրքի նկարագրության, իրենց երիտասարդության տարիքում աչքի են ընկել որևէ դրական կամ երբեմն բացասական ընթացքով: Այո՛, ամենևին պարտադիր չենք համարել, որ այդ երիտասարդները իրենց քայլերի, մտքերի մեջ լինեն խիստ օրինակելի: Երբեմն դիմացինի խոտոր և թերի ընթացքը ևս կարող է իր մեջ շատ ուսանելի դաս պարփակել, որի միջոցով, ինչպես ասում են, կարող ենք սովորել ուրիշների սխալների վրա: Մյուս կողմից, վստահ ենք, որ ընտրված կերպարների մեծ մասը առատ օրինակներ կարող էին տալ մեզ, սակայն ընտրեցինք դրանցից 1-2-ը՝ ընթերցողին հնարավորություն տալով Սուրբ Գրքի հետագա սերտողությամբ բացահայտելու Աստվածաշնչի երիտասարդների նորանոր հատկանիշներ:

Ամենադժվար խնդիրներից մեկը մեզ համար որոշելն էր երիտասարդության տարիքը և սահմանումը: Մարդկության պատմության տարբեր ժամանակներում, զանազան մշակույթների մեջ երիտասարդություն հասկացությունը տարբեր չափորոշիչներ է ունեցել, ուստի ընթերցողը այս գրքի մեջ կարող է գտնել որոշ կերպարներ, որոնք իր մտապատկերում ամենևին էլ երիտասարդ չէին: Առկա բոլոր հերոսների համար, սակայն, ջանք ենք թափել հնարավորինս հստակեցնել տարիքային սահմանը (մոտավոր՝ 15-40 տարեկան) և հատկապես ներկայացնել հերոսի գործունեությունը երիտասարդական այդ տարիքի մեջ, որովհետև այս գիրքը միտված է առաջնահերթ Աստվածաշնչի երիտասարդների միջոցով կյանքի օրինակներ տալ այսօրվա երիտասարդներին և նրանց փոքրիշատե բարեկամացնել Աստվածաշունչ մատյանի հետ: Լիահույս ենք, որ գիրքը կընթերցեն բոլոր նրանք, ովքեր իրենց երիտասարդ են զգում և երիտասարդ համարում անկախ տարքից:

Սիրելի ընթերցող, այս գրքի համառոտ պատումները մեզ պիտի ուղեկցեն դեպի հեռավոր անցյալը, որպեսզի միասին սովորենք ներկան օրհնությամբ և ըստ Տիրոջ կամքի ապրել՝ արժևորելով երիտասարդության մեր օրերը: Չափազանց կարևոր է, որ այսօրվա երիտասարդի ներկան և ապագան լինեն հաստատված ամուր հիմքի՝ Աստծո Խոսքի վրա, որպեսզի քրիստոնյա հայը օրավուր քայլի դեպի հույսի, լույսի, սիրո, խաղաղության, հավատքի ու շնորհի թագավորություն: Կարեւոր այդ նպատակին քայլ առ քայլ մոտենալու համար յուրաքանչյուր բաժնի ավարտին կգտնես ուղորդող հարցումներ, որոնք քեզ պետք կգան մի փոքր մտորելու եւ աստվածաշնչյան երիտասարդի օրինակին հետեւելու հարցում։

Պատրա՞ստ ես... Դե՛, գնացինք, ու թող որ Տերը մեզ օգնական և ուղեկից լինի մեր հոգևոր ճամփորդության մեջ. ամեն:

Հաջորդ նյութը՝ ԱԴԱՄ - ՈՐՈՇՈՂԸ ԴՈՒ ԵՍ


0 արտահայտվիր:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...