13.2.13

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՂՆՈՒՄ ԵՆՔ ՁԵԶ


Մօտեցաւ Տեառընդառաջի տօնը (Տրնդես), եւ դարձեալ նորոգուեցին այս տօնի շուրջ առնչուող խօսակցութիւնները։ Շատերը կարծում են, թե այն հեթանոսական տօն էր եւ Հայ Եկեղեցին չկարողանալով ժողովրդին կտրել իր հեթանոս անցեալից, փոխարէնը հռչակեց մի նոր տօն…։ Ցաւօք սրտի կարգ մը հոգեւորականներ նոյնպէս կիսում են այս կարծիքը։
Այս միտքը այնքան խօսուեց, որ մեր ցեղակրօնները խանդավառուած կարծեցին, թէ իսկապէս իրենց տօնն է եղել, որ նոյնիսկ FBի էջերում հրաւիրում են մասնակցելու իրենց «տրնդես»ի տօնակատարութեանը։
Տխուր է եւ ծիծաղելի...
  • Նախ եւ առաջ ուզում ենք տօնի տեղափոխութեան մասին խօսել։ Հարց է առաջանում, թե ինչպէս կաթոլիկ եկեղեցին Քրիստոսի Ծննդեան օրը ՝ Յունուարի 6-ը, տեղափոխեց Դեկտեմբեր 25ի, որ հեթանոսական տօն էր արեւմուտքում. արդեօք այդպէս էլ մեր հայրե՞րը Տեառընդառաջի տօնը տեղափոխեցին հեթանոսական տօնի օրը։ Այս տրամաբանական չէ, որովհետեւ Քրիստոսի Ծննդից (Յունուարի 6) 40 օր յետոյ (Փետրուար14) է գալիս Տեառընդառաջը։ Կամ էլ ճիշդ հակառակը՝ արդեօ՞ք հեթանոսական տօնը տեղադրուեց Տեառընդառաջի օրը... Եզրակացութիւնը թողնում ենք ձեզ:

  •  Գալով Տօնի անուանմանը՝ ասենք, որ այս տօնը (40 օրեկան մանուկ Քրիստոսի տաճար ընծայումը) մեր ժողովրդի մէջ յայտնի է Տեառընդառաջ եւ Տրնդես անուանումներով։ Ըստ աւանդութեան, երբ Մարիամը Մանուկ Քրիստոսին Տաճար բերեց ընծայելու, լուսաբացից առաջ մարդիկ դեռ քնած էին: Եւ երբ Յիսուս անցնում է քաղաքի փակուած Ոսկէ Դռների մօտով, դռները բացվում են մեծ աղմուկով եւ ժողովուրդը ճրագներով գալիս է իրենց ընդառաջ... այս պատճառով էլ Տօնը կոչւում է Տեառընդառաջ՝ Տիրոջը ընդ առաջ: Իսկ Տրնդեսի իմաստը հետեւեալն է։ Սուրբ Գրիգոր Տաթեւացու մօտ կը գտնենք բառի իմաստը՝ «Տէրն ընդ էս դուռը անցաւ», ինչը զարմանք էր պատճառել, թէ փակ դռնից ինչպէս էր անցել։ Չմոռանանք, որ Տաթեւացի Եռամեծ սուրբը յայտնի է նաեւ որպէս լեզուաբան, կը հանդիպենք բառերի բազում վերլուծումների իր գործերի մէջ:
  • Այժմ խօսենք կրակի մասին։ Որքան էլ ուզեն համոզիչ դարձնել, թէ կրակի միջով անցնելով մաքրւում են, կրակ պաշտող մարդը երբեք չի ցատկի կրակի վրայով, այլ որպէս պաշտամունքի առարկայ կրակը կը տեղադրի բարձր յարգարժան տեղ խոնարհուելու համար։ Հարց է առաջանում, թէ ինչո՛ւ եկեղեցին չի արգելում կրակ վառելն ու վրայով ցատկելը։ Նշենք, որ այս տօնը կապուած է նաեւ Քրիստոսի երկրորդ Գալստեան հետ, որը լինելու է կրակով։ Ըստ Սուրբ Գրիգոր Տաթեւացու՝ կրակը ունի երկու յատկութիւն՝ այրելու եւ լուսաւորելու։ Պիտի այրուին մեղաւորները եւ լուսաւորուին արդարները։ Այս պաճառով էլ կրակ ենք վառում հաւատացեալներին մի անգամ եւս յիշեցնելու մեր Տիրոջ գալուստը։ Քրիստոսի գալուստով փրկուածները «պիտի յափշտակուեն եւ տարուեն ամպերի վրայից Տիրոջ առաջ օդում...» ինչպէս ասում է Պօղոս Առաքեալը (Ա Թեսաղ. 4։17)։ Ցատկելով կրակի վրայից մենք օդում Տիրոջ ընդ առաջ ենք գալիս։ Եւ այդպիսով տօնում ենք Տեառնընդառաջը, ուրախութեամբ սպասելով Տիրոջ երկրորդ գալուստին: Իսկ եթէ քրիստոնեաները ցատկում են այլ նպատակներով, դա տգիտութեան արդիւնք է, ինչպէս նաեւ եկեղեցու չլուսաբանելու թերութիւնը։
Երուսաղէմ

0 արտահայտվիր:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...