Անեղ բնութիւն, մեղայ քեզ մտօք իմովք, հոգւով եւ մարմնով իմով. մի՛ յիշեր զմեղս իմ զառաջինս վասն անուանդ քում սրբոյ. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:
Անե՛ղ բնություն, մեղա՜ Քեզ իմ մտքով, հոգով և մարմնով, հանուն Քո սուրբ անվան մի՛ հիշիր իմ նախկին մեղքերը. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
Խորամանկութեամբ, որը նույն նենգություն մեղքն է՝ այս անգամ գործված հոգու կողմից. սա ընկերոջ նկատմամբ գաղտնի չարիք նյութող հոգու վիճակն է: Այս մեղքն էլ է գործվում խաբեությամբ, կեղծավորությամբ, առանց ենթակային նյութվելիք չարիքը զգացնել տալու: Նման խորամանկության հստակ օրինակ տվեցին փարիսեցիները, երբ «ուղարկեցին խաբեբաներ, որոնք իրենք իրենց, կեղծավորությամբ, արդար էին ձևացնում, որպեսզի Հիսուսին խոսքերով բռնեն՝ մատնելու համար պետության եւ իշխանության կուսակալին» (Ղուկաս 20:20): Եվ երբ կայսրին տուրք տալ-չտալու մասին հարցը տվեցին. «Յիսուս իմացաւ նարանց խորամանկութիւնը»:
Անզգամութեամբ. հոգու այն վիճակն է, երբ մարդն իր նյութած չարության համար ո՛չ խղճահարություն է զգում, ո՛չ էլ մարդկային որևէ այլ սովորական զգացում (խղճալ, ամաչել, ցավել և այլն): Բարոյական և կրոնական լույսից զրկված և խավարած հոգու վիճակն է անզգամությունը: