Showing posts with label Հորդանան. Show all posts
Showing posts with label Հորդանան. Show all posts

17.2.15

ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ՝ ՆՈՐԱՑՄԱՆ ԱՂԲՅՈՒՐ - Մեկնություն ՀԱՎԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ աղոթքի


Հոգի աստուծոյ, Աստուած ճշմարիտ, որ իջեր ի յորդանան եւ ի վերնատունն, եւ լուսաւորեցեր զիս մկրտութեամբ սուրբ աւազանին. մեղայ յերկինս եւ առաջի քո, մաքրեա զիս վերստին աստուածային հրով քո` որպես հրեղէն լեզուօք սուրբ զառաքեալսն, եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

Հոգի՛ Աստծո, Աստվա՛ծ ճշմարիտ, որ իջար Հորդանան և Վերնատուն և լուսավորեցիր ինձ սուրբ Ավազանի մկրտությամբ, մեղա՜յ երկնքի և Քո առաջ, մաքրի՛ր ինձ վերստին Քո աստվածային հրով, ինչպես հրեղեն լեզուներով՝ սուրբ առաքյալներին. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:


«Որ իջար Հորդանան և Վերնատուն» - Սուրբ Հոգին տեսանելի կերպով գլխավորապես երկու անգամ է երևում քրիստոնեական տնտեսության մեջ. մեկը Քրիստոսի մկրտության ժամանակ, իսկ մյուսը՝ Հոգեգալստյան օրը։ Առաջին դեպքում Սուրբ Հոգին երևում է Հորդանանի ջրերի վրա աղավնու կերպարանքով և «մարմնաւոր տեսլեամբ», այսինքն՝ նյութական կամ տեսանելի կերպով։ 
Սուրբ Հոգու՝ աղավնու կերպարանք ստանալը խորհրդանշական իմաստ ունի և բացատրում է, թեև շատ անկատար կերպով, Սուրբ Հոգու բնությունը։ Աղավնին բոլոր թռչուններից տարբերվում է մի շարք հատկանիշներով։ Նախ սիրազեղ թռչուն է և առհասարակ հայտնի է որպես անարատ և անմեղ սիրո խորհրդանշան։ Սուրբ Հոգին էլ աստվածային սիրո զեղումն է երկրի վրա, ինչպես շարականագիրն էլ է սքանչելի կերպով ասում. «Սէրդ ի Սիրոյ զՍէրդ առաքեաց», այսինքն՝ Սեր Քրիստոսը Սեր Հայր Աստծուց Քեզ՝ Սեր Սուրբ Հոգուդ ուղարկեց։ Դարձյալ նույն շարականագիրը, որ նույն ինքը այս մեծ աղոթքի հեղինակ Ներսես Շնորհալին է, մեկ այլ տեղ, իր խոսքն ուղղելով Սուրբ Հոգուն, ասում է. «Գգուես սիրով աղաւնակերպ, զմարդիկ ծնանիս աստուածակերպ»։ Աղավնին մեզ ծանոթ միակ թռչունն է, որ իր կրծքով է կերակրում իր ձագին, այսինքն՝ իր համար մթերած կերն է, որ բաշխում է իր ձագուկին, ինչը սիրո և հոգածության առավել բարձր արտահայտություն է։ Աղավնին, հակառակ իր խելոք և խաղաղ բնույթին, ամենաարագաթռիչ թռչուններից մեկն է, որը հաստատում է իր ուժականությունը։ Սուրբ Հոգին ոչ միայն աստվածային սիրո և խաղաղության մարմնացումն է, այլ նաև զորության։ Հիսուս «Աստուծո հոգով» հանում էր դևերը, այսինքն՝ Աստծո զորությամբ էր կատարում Իր հզոր գործերը։ Մեր Տերը, երբ Իր վերջին հրահանգներն էր տալիս Իր աշակերտներին նախքան համբարձվելը, կնքում է Իր խոսքերը հետևյալ հաստատումով. «Առեք Սուրբ հոգուց եկող զորությունը ձեզ վրա և վկա եղեք Ինձ… մինչև աշխարհի վերջը»:

Աղավնին ընտրվեց ջրհեղեղից հետո ավետելու, թե Աստծո բարկության հետ իջել են նաև ջրերը, և որ բուսականությունը սկսել է արդեն աճել, և ի նշան ու ի հաստատում դրա՝ բերեց ձիթենու նոր ծլած մի ճյուղ։
Այս պատկերը (աղավնին՝ ձիթենու ճյուղը կտուցին) դարձավ խաղաղության և ապահովության խորհրդանիշը։ Հորդանանի ջրերի մեջ Քրիստոսի ընկղմվելով և երկրի վրա Նրա երևումով՝ մեղքի համատարած ջրհեղեղը վերջացավ, և սկիզբ դրվեց նոր և վերածնվող մի կյանքի։ Սուրբ Հոգին էր, որ աղավնակերպ հայտնվելով Հորդանանում, մարդկությանն ավետեց այս լուրը։ Հիսուսի մկրտությանը հաջորդեց Սուրբ Հոգու էջքը «մարմնաւոր տեսլեամբ», մարդկանց հասկացնելու համար, թե ամեն օրինավոր մկրտության պիտի հաջորդի Սուրբ Հոգու էջքը՝ մկրտվողին «աստուածակերպ ծնելու» և լուսավորելու համար, ինչպես կտեսնենք ստորև։