Անեղ բնութիւն, մեղայ քեզ մտօք իմովք, հոգւով եւ մարմնով իմով. մի՛ յիշեր զմեղս իմ զառաջինս վասն անուանդ քում սրբոյ. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:
Անե՛ղ բնություն, մեղա՜ Քեզ իմ մտքով, հոգով և մարմնով, հանուն Քո սուրբ անվան մի՛ հիշիր իմ նախկին մեղքերը. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
Խորամանկութեամբ, որը նույն նենգություն մեղքն է՝ այս անգամ գործված հոգու կողմից. սա ընկերոջ նկատմամբ գաղտնի չարիք նյութող հոգու վիճակն է: Այս մեղքն էլ է գործվում խաբեությամբ, կեղծավորությամբ, առանց ենթակային նյութվելիք չարիքը զգացնել տալու: Նման խորամանկության հստակ օրինակ տվեցին փարիսեցիները, երբ «ուղարկեցին խաբեբաներ, որոնք իրենք իրենց, կեղծավորությամբ, արդար էին ձևացնում, որպեսզի Հիսուսին խոսքերով բռնեն՝ մատնելու համար պետության եւ իշխանության կուսակալին» (Ղուկաս 20:20): Եվ երբ կայսրին տուրք տալ-չտալու մասին հարցը տվեցին. «Յիսուս իմացաւ նարանց խորամանկութիւնը»:
Անզգամութեամբ. հոգու այն վիճակն է, երբ մարդն իր նյութած չարության համար ո՛չ խղճահարություն է զգում, ո՛չ էլ մարդկային որևէ այլ սովորական զգացում (խղճալ, ամաչել, ցավել և այլն): Բարոյական և կրոնական լույսից զրկված և խավարած հոգու վիճակն է անզգամությունը:
Յանդգնութեամբ եւ երկչոտութեամբ. նկատելի է, որ այստեղ հոգեկան մեղքերը թվարկվում են զույգ-զույգ՝ իրենց երկու հակադիր ծայրահեղություններով: Հանդգնությունն ու երկչոտությունը միմյանց հակադիր հոգեկան վիճակներ են, երկուսն էլ՝ դատապարտելի: Առաջինը չափ ու սահման չճանաչող համարձակությունն է, իսկ երկրորդը՝ ընդհանրապես համարձակություն չունենալը: Հանդգնությունը կարող է հանգել անամոթության և անկրթության՝ վնասելով թե՛ ենթակային, թե՛ իր ընկերոջը: Երկչոտությունը հանգեցնում է անգործության, և զրկում է ենթակային բարիք գործելուց: Հանդգնությունը ծնունդ է անզգամության և տգիտության, իսկ երկչոտությունը՝ խղճահարության և տգիտության: Հանդգնությունը չպետք է շփոթել քաջության և արիության հետ, որոնք առաքինություն են, և ոչ էլ երկչոտությունը՝ բարության և խոհականության հետ:
Շռայլութեամբ եւ ժլատութեամբ. սրանցից առաջինը ծախսելու մեջ չափ ու սահման չունենալն է, իսկ երկրորդը՝ ընդհանրապես չծախսելն է, նույնիսկ՝ բարի նպատակների համար; Շռայլությունը աշխարհի վայելքերը ազատ, համարձակ վայելելու հոգեվիճակն է, իսկ ժլատությունն անգամ աշխարհի բարիքները վայելելուց սեփական անձը զրկելն է: Շռայլը վատնող և անառակ կյանք է ապրում, ժլատը կյանքի անմեղ վայելքներից էլ է իրեն զրկում:
Զեղխութեամբ եւ անիրավութեամբ. սրանցից առաջինը սեփական հարստությունը չար և վնասակար նպատակների համար մսխելն է, իսկ երկրորդը՝ ուրիշների ունեցվածքին տիրանալը: Զեխը ինքն իրեն որովայնամոլության և հեշտասիրության մատնողն է, իսկ անիրավը՝ մեկ ուրիշի արդար վայելքը նրա ձեռքից խլողը:
Չարահավանութեամբ, յուսահատութեամբ եւ թերամտութեամբ: Առաջինը չար բաներին անգամ հեշտությամբ հավատք ընծայելն է, երկրորդը բարի բաներից իր հույսը կտրելն է, իսկ երրորդը թերի, անկատար հույս ունենալը, սկեպտիկ լինելն է: Չարահավանը հավատում է, որ իր ծուռ միջոցներով կարող է իր եսասիրական ու փառասիրական նպատակներին հասնել, ուստի գործի է անցնում և միջոցների մեջ առանց խտրություն դնելու հետապնդում է իր չար նպատակի իրագործմանը: Հուսահատը Աստծո ամենակարողության վրա վստահություն չունեցող մարդն է, արդարության վերջնական հաղթանակին չհավատացող անձն է: Իսկ թերամիտը հավատքի ճանապարհից հուսահատության ճանապարհը մտնելու վրա եղող մարդն է:
Մարմնով գործված մեղքերը գրեթե բոլորն էլ ցանկասիրության մեղքեր են, ուստի «Զղջում»-ի մեջ այսպես են գրված. «Մեղայ ցանկութեամբ մարմնոյս»:
Հեշտութեամբ. սա դյուրին, հաճելի, թշվառ կյանքով ապրելու հաճույքն է:
Պղերգութեամբ. սա անհոգ և անգործ կյանքում հաճույք գտնելն է:
Յորանջմամբ քնոյ. սա ինքն իրեն քնի հաճույքին հանձնելն է և ծույլ-ծույլ հորանջելը:
Շարժմամբ մարմնոյս. մարմնական հաճույք ստանալու համար ֆիզիկական անպարկեշտ շարժումներ անելն է:
Զազրագործութեամբ ի պես պես ախտս. գիջությունը այդ զազրելի ախտերից մեկն է:
Հեշտալրութեամբ լսելեացս. սա ցանկության ախտը ականջի խողովակով ըմպելը, հեշտ և ցանկառիթ ձայներին տրամադրելով լսելիքն է:
Յայրատութեամբ աչացս. ցանկության ախտ, որը մարդն աչքով է գոհացնում, և կրքոտ նայվածք:
Իգութեամբ ռնգացս. անծանոթ բարոյական ախտ:
Ցանկութեամբ սրտիս. սրտով անբարոյական բաղձանքներ սնելն է:
Պագշոտութեամբ բերանոյս. վավաշոտ համբույներ փոխանակել:
Անժուժկալութեամբ, շուայտութեամբ և արբեցութեամբ. այս երեքն էլ նշանակում են կերուխումին չափից շատ անձնատուր լինելը, ինչից առհասարակ անբաժան է ցոփ և ցանկասեր կյանքը:
Առհասարակ սրանք են այն մեղքերը, որոնք մենք «Անեղ բնութիւն» աղոթատնում խոստովանում ենք, որ հնարավոր է գործած լինենք մտքով, հոգով և մարմնով:
«Հանուն Քո սուրբ անվան մի՛ հիշիր իմ նախկին մեղքերը». մարդն իր դարձից կամ գիտակից լինելուց առաջ, կամ մանկության և երիտասարդության տարիներին հնարավոր է կամովի, թե ակամա գործած լինի մեղքեր, որոնց համար խնդրում ենք, որ Աստված անհիշաչար լինի: Եվ սա՝ «վասն անուանդ Քում սրբոյ». Քո սուրբ անվան սիրո համար: Երբ մենք մեզ քրիստոնյա կամ Աստծո ժողովուրդ ենք կոչում, մեզ վրա ենք առնում Աստծո անունը: Ոչ մի արատ չպետք է գա Աստծո անվան վրա, ուստի աղաչում ենք Աստծուց, որ եթե մենք մեր մեղքերից սրբվելու արժանիքից և շնորհքից զուրկ ենք, գոնե մեզ վրա դրված Նրա անվան սիրո համար մեզ մաքրի մեր բոլոր հին ու նոր մեղքերից:
Ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս - Այս տողի մեկնությունը տե՛ս ԱՐԱՐԱԻՉ ԱՍՏԱՎԱԾ հոդվածի մեջ:
0 արտահայտվիր:
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: