Հոգի աստուծոյ, Աստուած ճշմարիտ, որ իջեր ի յորդանան եւ ի վերնատունն, եւ լուսաւորեցեր զիս մկրտութեամբ սուրբ աւազանին. մեղայ յերկինս եւ առաջի քո, մաքրեա զիս վերստին աստուածային հրով քո` որպես հրեղէն լեզուօք սուրբ զառաքեալսն, եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:
Հոգի՛ Աստծո, Աստվա՛ծ ճշմարիտ, որ իջար Հորդանան և Վերնատուն և լուսավորեցիր ինձ սուրբ Ավազանի մկրտությամբ, մեղա՜յ երկնքի և Քո առաջ, մաքրի՛ր ինձ վերստին Քո աստվածային հրով, ինչպես հրեղեն լեզուներով՝ սուրբ առաքյալներին. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
«Որ իջար Հորդանան և Վերնատուն» - Սուրբ Հոգին տեսանելի կերպով գլխավորապես երկու անգամ է երևում քրիստոնեական տնտեսության մեջ. մեկը Քրիստոսի մկրտության ժամանակ, իսկ մյուսը՝ Հոգեգալստյան օրը։ Առաջին դեպքում Սուրբ Հոգին երևում է Հորդանանի ջրերի վրա աղավնու կերպարանքով և «մարմնաւոր տեսլեամբ», այսինքն՝ նյութական կամ տեսանելի կերպով։
Սուրբ Հոգու՝ աղավնու կերպարանք ստանալը խորհրդանշական իմաստ ունի և բացատրում է, թեև շատ անկատար կերպով, Սուրբ Հոգու բնությունը։ Աղավնին բոլոր թռչուններից տարբերվում է մի շարք հատկանիշներով։ Նախ սիրազեղ թռչուն է և առհասարակ հայտնի է որպես անարատ և անմեղ սիրո խորհրդանշան։ Սուրբ Հոգին էլ աստվածային սիրո զեղումն է երկրի վրա, ինչպես շարականագիրն էլ է սքանչելի կերպով ասում. «Սէրդ ի Սիրոյ զՍէրդ առաքեաց», այսինքն՝ Սեր Քրիստոսը Սեր Հայր Աստծուց Քեզ՝ Սեր Սուրբ Հոգուդ ուղարկեց։ Դարձյալ նույն շարականագիրը, որ նույն ինքը այս մեծ աղոթքի հեղինակ Ներսես Շնորհալին է, մեկ այլ տեղ, իր խոսքն ուղղելով Սուրբ Հոգուն, ասում է. «Գգուես սիրով աղաւնակերպ, զմարդիկ ծնանիս աստուածակերպ»։ Աղավնին մեզ ծանոթ միակ թռչունն է, որ իր կրծքով է կերակրում իր ձագին, այսինքն՝ իր համար մթերած կերն է, որ բաշխում է իր ձագուկին, ինչը սիրո և հոգածության առավել բարձր արտահայտություն է։ Աղավնին, հակառակ իր խելոք և խաղաղ բնույթին, ամենաարագաթռիչ թռչուններից մեկն է, որը հաստատում է իր ուժականությունը։ Սուրբ Հոգին ոչ միայն աստվածային սիրո և խաղաղության մարմնացումն է, այլ նաև զորության։ Հիսուս «Աստուծո հոգով» հանում էր դևերը, այսինքն՝ Աստծո զորությամբ էր կատարում Իր հզոր գործերը։ Մեր Տերը, երբ Իր վերջին հրահանգներն էր տալիս Իր աշակերտներին նախքան համբարձվելը, կնքում է Իր խոսքերը հետևյալ հաստատումով. «Առեք Սուրբ հոգուց եկող զորությունը ձեզ վրա և վկա եղեք Ինձ… մինչև աշխարհի վերջը»:
Աղավնին ընտրվեց ջրհեղեղից հետո ավետելու, թե Աստծո բարկության հետ իջել են նաև ջրերը, և որ բուսականությունը սկսել է արդեն աճել, և ի նշան ու ի հաստատում դրա՝ բերեց ձիթենու նոր ծլած մի ճյուղ։
Այս պատկերը (աղավնին՝ ձիթենու ճյուղը կտուցին) դարձավ խաղաղության և ապահովության խորհրդանիշը։ Հորդանանի ջրերի մեջ Քրիստոսի ընկղմվելով և երկրի վրա Նրա երևումով՝ մեղքի համատարած ջրհեղեղը վերջացավ, և սկիզբ դրվեց նոր և վերածնվող մի կյանքի։ Սուրբ Հոգին էր, որ աղավնակերպ հայտնվելով Հորդանանում, մարդկությանն ավետեց այս լուրը։ Հիսուսի մկրտությանը հաջորդեց Սուրբ Հոգու էջքը «մարմնաւոր տեսլեամբ», մարդկանց հասկացնելու համար, թե ամեն օրինավոր մկրտության պիտի հաջորդի Սուրբ Հոգու էջքը՝ մկրտվողին «աստուածակերպ ծնելու» և լուսավորելու համար, ինչպես կտեսնենք ստորև։
Իր փրկարար արգասիքներով ավելի նշանավոր եղավ Սուրբ Հոգու էջքը Վերնատուն։ Այս դեպքը կարելի է համարել Սուրբ Հոգու մարմնեղությունը։ Դեպքը տեղի ունեցավ Քրիստոսի համբարձումից տասն օր հետո, հրեաների Պենտեկոստե կոչված տոնի օրը, որը նրանց Զատկից հիսուն օր հետո է լինում։ Նախքան համբարձվելը Հիսուս պատվիրել էր Իր աշակերտներին Երուսաղեմից չհեռանալ, «այլ սպասել Հոր ավետիսին», որի մասին նախապես ավելի հանգամանորեն ասել էր նրանց։ Իսկ առաքյալների սպասելու պատճառը Հիսուս այս խոսքով էր բացատրել. «պիտի մկրտվեք Սուրբ Հոգով» (Գործք 1:5): Եվ իսկապես, երբ «ամենքը միաբան միասին» էին, «հանկարծակի երկնքից ձայն» լսվեց ուժգին հովի ձայնի պես, և այս հոգևոր ներկայությունը բոլորին զգալի կերպով լցրեց ամբողջ տունը, որտեղ հավաքված էին առաքյալները։ Յուրաքանչյուր ոք նշմարեց, որ իր ընկերների գլխին հրեղեն լեզուներ էին իջնում և նստում նրանց վրա։ «Ամենքը լցվեցին Սուրբ Հոգիով և սկսեցին խոսել այլևայլ լեզուներով, ինչպես Հոգին իրենց բարբառել էր տալիս»։ Այսպիսի հրաշալի և տպավորիչ կերպով Սուրբ Հոգին օծեց, սրբացրեց և ծնունդ տվեց Աստծո ընտրյալ նոր ժողովրդին։ Այս դեպքով է սկսվում քրիստոնեական եկեղեցու պատմությունը, որը պիտի շարունակվի մինչև աշխարհի վախճանը։
Ինչպես ասեցինք, այս դեպքը պատահեց հրեական Պենտեկոստեի օրը. սա ավելին էր, քան պարզ զուգադիպությունը. այն Աստծո նախախնամության խորհրդալից մի ծրագիրն էր։ Սքանչելի զուգահեռ կա հրեական Պենտեկոստեի տոնի իմաստի և քրիստոնեական Հոգեգալսյան միջև, որն առաջին իսկ օրերից եկեղեցու մեծագույն տարեկան տոնական օրերից մեկը դարձավ։ Հրեական Պենտեկոստեն նախ հիշատակում էր Սինա լեռան վրա Մովսեսի ձեռքով Օրենքի տրվելը։ Սինա լեռան վրա տրված Օրենքով և այդ առիթով կնքված Ուխտով Իսրայելը իրավամբ Աստծո ընտրյալ ժողովուրդը դարձավ։ Քրիստոսի մահվանն ու հարությանը հաջորդող Պենտեկոստեի օրը Աստված ընտրեց մի նոր ժողովուրդ, որը չէր սահմանափակվելու մեկ ցեղով կամ ժողովրդով, այլ ընդգրկելու էր աշխարհի բոլոր ազգերը։ Առաքյալների՝ տարբեր լեզուներով խոսելու իմաստը սա էր։ Օրենքի փոխարեն Վերնատանն Աստված մարդկությանը տվեց Շնորհք, որն ընծայվում է Սուրբ Հոգու միջոցով։
Բացի սրանից, Պենտեկոստեն նաև հունձքի տոն էր, այսինքն՝ տարեկան հունձքը սկսելու և դրա առաջին պտուղը Աստծուն ընծայելու օրը։ Հոգեգալստով սկսվեց փրկված մարդկանց հոգևոր հունձքը, որը պիտի շարունակվի մինչև աշխարհի վախճանը։ Հոգեգալստյան օրը երեք հազար հոգի՝ որպես գալիք անհատում մեծ հունձքի երախայրիք, ընծայվեցին Աստծուն՝ դարձի գալով առաքյալների քարոզով և որպես քրիստոնյա մկրտվելով։
3 արտահայտվիր:
Շնորհակալություն պարզ ու հասկանալի մեկնաբանության համար:
Եթե կարելի է ,մի հարց է հետաքրքրում:
Հիմա՝ մեր ժամանակներում էլ հնարավոր է Սուրբ Հոգով մկրտություն եւ ինչով կարելի է վստաություն ունենալ:
Շնորհակալություն պարզ ու հասկանալի մեկնաբանության համար:
Եթե կարելի է ,մի հարց է հետաքրքրում:
Հիմա՝ մեր ժամանակներում էլ հնարավոր է Սուրբ Հոգով մկրտություն եւ ինչով կարելի է վստաություն ունենալ:
Հարգելի Լիանա, շատ շնորհակալ ենք, որ ընթերցում և մեկնաբանում եք մեր բլոգը և որ վստահում եք մեզ: Մեր օրերում Ձեր տված հարցի պատասխանը բազմակողմանի մեկնաբանությունների առիթ պիտի տա, սակայն ես պիտի խոսեմ Առաքելական Սուրբ Եկեղեցու տեսանկյունից: Մեր օրերում Սուրբ Հոգով մկրտություն միանգամայն կարելի է և անգամ՝ պարտադիր է: Կարճ ասած՝ չկա Մկրտություն, որը տեղի է ունենում առանց Սուրբ Հոգու կենդանացուցիչ զորության: Մեզ համար ուղենիշը այս հարցում Փրկչի Մկրտությունն է հորդանանի ջրերում: Ինչպես 2.000 տարի առաջ երկինքը բացվեց և Սուրբ Հոգին աղավնու տեսքով իջավ Հիսուսի վրա, այդպես և ամեն մեկիս՝ այդ թվում իմ և Ձեր մկրտության ժամանակ Աստծո Սուրբ Հոգին «ձրիաբար» իջնում է մկրտվողի վրա՝ լուսավորում անձը և լցնում անտեսանաելի շնորհներով: Մենք Քրիստոնյաներս մկրտվում ենք ՝ Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով և Սուրբ Հոգով մկրտվելը որևէ աղանդավորոկան միության մենաշնորհը չէ: Խորհուրդ կտամ կարդաք նաև այս հոդվածի շարունակությունը այս հղմամբ՝ http://www.sarkavagagirq.net/2015/02/mkrtutyun-hrov.html
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: