Հոգի աստուծոյ, Աստուած ճշմարիտ, որ իջեր ի յորդանան եւ ի վերնատունն, եւ լուսաւորեցեր զիս մկրտութեամբ սուրբ աւազանին. մեղայ յերկինս եւ առաջի քո, մաքրեա զիս վերստին աստուածային հրով քո` որպես հրեղէն լեզուօք սուրբ զառաքեալսն, եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:
Հոգի՛ Աստծո, Աստվա՛ծ ճշմարիտ, որ իջար Հորդանան և Վերնատուն և լուսավորեցիր ինձ սուրբ Ավազանի մկրտությամբ, մեղա՜յ երկնքի և Քո առաջ, մաքրի՛ր ինձ վերստին Քո աստվածային հրով, ինչպես հրեղեն լեզուներով՝ սուրբ առաքյալներին. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
«Լուսավորեցիր ինձ սուրբ Ավազանի մկրտությամբ» - Մկրտությունը ի սկզբանե հայտնի է որպես լուսավորության խորհուրդ։ Մկրտության աղոթքներում կան բազում խնդրանքներ՝ մկրտվողին Սուրբ Հոգու «շնորհի լույսով» նորոգվելու համար։ Մկրտության ավարտին, քահանան կարդում է մի աղոթք, որը սկսվում է հետևյալ տողերով. «Դու, որ լուսավորեցիր քո արարածներին, Քրիստոս Աստված մեր, Քո աստվածգիտության լույսը մեր անձերի մեջ ծագեցնելով...»։ Փակման մեկ այլ աղոթք էլ հետևյալն է ասում. «Նրանց, որ մկրտվեցին և լուսավորվեցին նաև տուր Քո զորությունը, Տեր,… պայծառանալու Քո աստվածգիտության լույսով»։ Լույսը, որով մկրտությամբ լուսավորվում ենք, նախ Աստծո զանազան շնորհների լույսն է, որոնցով պայծառանում է մկրտվողը, ապա լույսն է ճշմարտության, որն ստանում է նորահավատը՝ իրազեկ լինելով Աստծո լուսավոր պատվիրաններին և աշխարհի լույսը եղող Քրիստոսին ճանաչելով ու Նրա լույսին հաղորդ դառնալով։
«Մեղա՜յ երկնքի և Քո առաջ» տողի մեկնաբանությունը տես այստեղ:
«Մաքրի՛ր ինձ վերստին Քո աստվածային հրով, ինչպես հրեղեն լեզուներով՝ սուրբ առաքյալներին» - Սա այս աղոթատան միակ խնդրանքն է։ Ամբողջ նախադասության մեջ նշանակալից բառը վերստին մակբայն է։ Մկրտության խորհրդի կատարման ընթացքում բազմիցս խնդրանքներ են հնչում, որպեսզի Աստված մաքրի մեզ մեղքի աղտերից. «Նորոգի´ր մկրտվողինմեղքի ամեն նեղությունից», կամ՝ «Տո´ւր զորություն արժանավորվելու Սուրբ Ավազանի մաքրությամբ»։ Սակայն քանի որ «աշխարհ ամենայն ի չարիս կայ» («Ողջ աշխարհը չարիքի մեջ է» թրգմն.՝ Սրկ.), ու մենք պարտավորված ենք քայլել աշխարհի բարոյական տիղմի միջով, անխուսափելիորեն նորից աղտոտվելու ենք ցանկության, ատելության, նախանձի, եսասիրության և նման մոլությունների գործած ապականություններով։ Առնվազն անխուսափելի բարոյական թերություններ կունենանք, որոնք փոշու նման նստելու են մեր հոգիների վրա։ Հետևապես, Սրբության աղբյուր Սուրբ Հոգուն շարունակաբար աղոթելու անհրաժեշտությունն ունենք, որպեսզի նա վերստին մաքրի մեզ մեր մեղքերից Իր աստվածային կրակով։ Կրակը ոչ միայն լուսավորող հատկություն ունի, այլև սրբելու և մաքրելու։ Այդ պատճառով Սուրբ Հոգու երկրորդ խորհրդանշանը կրակն է, կիզող և մաքրող կրակը, որը միանգամայն լուսավորում է։
Դասական է ոսկու պատկերը, որը մաքրվում է կրակով, այսինքն՝ զտվում և զատվում է իր բնության օտար տարրերից՝ վերածվելու համար որպես մետաղների թագուհոի ճանաչված գեղեցիկ նյութին։ Նույնը կատարվում է իրենք իրենց Սուրբ Հոգու կրակին ենթարկողների հետ՝ Սուրբ Ավազանի մկրտությամբ։ Հովհաննես Մկրտիչը, երբ խոսում էր իրենից հետո եկող Քրիստոսի մկրտության մասին, ասում էր. «Նա պիտի մկրտի ձեզ Սուրբ Հոգով և կրակով»։ Հոգեկան այս մաքրազարդման և վերստին լուսավորվելու համար շարունակաբար դիմենք Աստծո Սուրբ Հոգուն, ասելով.
«Հոգի՛ Աստծո, Աստվա՛ծ ճշմարիտ, որ իջար Հորդանան և վերնատուն և լուսավորեցիր ինձ սուրբ Ավազանի մկրտությամբ, մեղա՜յ երկնքի և Քո առաջ, մաքրի՛ր ինձ վերստին Քո աստվածային հրով, ինչպես հրեղեն լեզուներով՝ սուրբ առաքյալներին. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս»:«Ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս» տողի մեկնաբանությունը՝ այստեղ:
ՇՆՈՐՔՀ ԵՊԻՍԿՈՊՈՍ
(Սիոն, 1959, 5-6)
0 արտահայտվիր:
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: