Հոգի աստուծոյ, Աստուած ճշմարիտ, որ իջեր ի յորդանան եւ ի վերնատունն, եւ լուսաւորեցեր զիս մկրտութեամբ սուրբ աւազանին. մեղայ յերկինս եւ առաջի քո, մաքրեա զիս վերստին աստուածային հրով քո` որպես հրեղէն լեզուօք սուրբ զառաքեալսն, եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:
Հոգի՛ Աստծո, Աստվա՛ծ ճշմարիտ, որ իջար Հորդանան և Վերնատուն և լուսավորեցիր ինձ սուրբ Ավազանի մկրտությամբ, մեղա՜յ երկնքի և Քո առաջ, մաքրի՛ր ինձ վերստին Քո աստվածային հրով, ինչպես հրեղեն լեզուներով՝ սուրբ առաքյալներին. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
«Լուսավորեցիր ինձ սուրբ Ավազանի մկրտությամբ» - Մկրտությունը ի սկզբանե հայտնի է որպես լուսավորության խորհուրդ։ Մկրտության աղոթքներում կան բազում խնդրանքներ՝ մկրտվողին Սուրբ Հոգու «շնորհի լույսով» նորոգվելու համար։ Մկրտության ավարտին, քահանան կարդում է մի աղոթք, որը սկսվում է հետևյալ տողերով. «Դու, որ լուսավորեցիր քո արարածներին, Քրիստոս Աստված մեր, Քո աստվածգիտության լույսը մեր անձերի մեջ ծագեցնելով...»։ Փակման մեկ այլ աղոթք էլ հետևյալն է ասում. «Նրանց, որ մկրտվեցին և լուսավորվեցին նաև տուր Քո զորությունը, Տեր,… պայծառանալու Քո աստվածգիտության լույսով»։ Լույսը, որով մկրտությամբ լուսավորվում ենք, նախ Աստծո զանազան շնորհների լույսն է, որոնցով պայծառանում է մկրտվողը, ապա լույսն է ճշմարտության, որն ստանում է նորահավատը՝ իրազեկ լինելով Աստծո լուսավոր պատվիրաններին և աշխարհի լույսը եղող Քրիստոսին ճանաչելով ու Նրա լույսին հաղորդ դառնալով։