Showing posts with label պոռնկություն. Show all posts
Showing posts with label պոռնկություն. Show all posts

8.6.15

ՀՈԳՈՎ ԵՒ ՄԱՐՄՆՈՎ ԳՈՐԾԱԾ ՄԵՂՔԵՐ - Մեկնություն ՀԱՎԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ աղոթքի

Անեղ բնութիւն, մեղայ քեզ մտօք իմովք, հոգւով եւ մարմնով իմով. մի՛  յիշեր զմեղս իմ զառաջինս վասն անուանդ քում սրբոյ. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

Անե՛ղ բնություն, մեղա՜ Քեզ իմ մտքով, հոգով և մարմնով, հանուն Քո սուրբ անվան մի՛ հիշիր իմ նախկին մեղքերը. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

Հոգով գործված մեղքերի շարքը «Զղջում»-ի մեջ սկսվում է այսպես. «Մեղայ զօրութեամբ հոգւոյս»՝


Խորամանկութեամբ, որը նույն նենգություն մեղքն է՝ այս անգամ գործված հոգու կողմից. սա ընկերոջ նկատմամբ գաղտնի չարիք նյութող հոգու վիճակն է: Այս մեղքն էլ է գործվում խաբեությամբ, կեղծավորությամբ, առանց ենթակային նյութվելիք չարիքը զգացնել տալու: Նման խորամանկության հստակ օրինակ տվեցին փարիսեցիները, երբ «ուղարկեցին խաբեբաներ, որոնք իրենք իրենց, կեղծավորությամբ, արդար էին ձևացնում, որպեսզի Հիսուսին խոսքերով բռնեն՝ մատնելու համար պետության եւ իշխանության կուսակալին» (Ղուկաս 20:20): Եվ երբ կայսրին տուրք տալ-չտալու մասին հարցը տվեցին. «Յիսուս իմացաւ նարանց խորամանկութիւնը»

Անզգամութեամբ. հոգու այն վիճակն է, երբ մարդն իր նյութած չարության համար ո՛չ խղճահարություն է զգում, ո՛չ էլ մարդկային որևէ այլ սովորական զգացում (խղճալ, ամաչել, ցավել և այլն): Բարոյական և կրոնական լույսից զրկված և խավարած հոգու վիճակն է անզգամությունը:  

19.5.15

ՄՏՔՈՎ ԳՈՐԾԱԾ ՄԵՂՔԵՐ - Մեկնություն ՀԱՎԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ աղոթքի

Անեղ բնութիւն, մեղայ քեզ մտօք իմովք, հոգւով եւ մարմնով իմովմի՛  յիշեր զմեղս իմ զառաջինս վասն անուանդ քում սրբոյ. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

Անե՛ղ բնություն, մեղա՜ Քեզ իմ մտքով, հոգով և մարմնով, հանուն Քո սուրբ անվան մի՛ հիշիր իմ նախկին մեղքերը. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

Խոստովանության ձևի մասին այս գրեթե հպանցիկ ակնարկից հետո  վերադառնանք մեղքերի ցուցակին և մեկ առ մեկ կարճ բացատրություններ տանք դրանց: Մտքով գործված չար խորհուրդները, ըստ «Զղջում»-ի մեջ տրված ցանկի, գլխավորվում են՝

Նենգութեամբ - նշանակում է ծածկաբար չարիք խորհել մեկ ուրիշի մասին: Նենգությունն ինքնին տկարություն է ենթադրում, որովհետև նենգամիտն իր խորհած չարիքը բացեիբաց չի կարող անել, ուստի դիմում է գաղտնի և ծածուկ միջոցների և ձևերի:

Մտքով գործված մեղքերի ցանկը շարունակվում է՝

Ատելութեամբ - ծանոթ ավերիչ մտքի ժխտական մի վիճակ, խաթարված կամ ավերված սերն է դա: Կերակուրն ինքին օգտակար և կյանք տվող նյութ է, բայց երբ փչանում է, դառնում է վնասակար և հաճախ՝ մահացու: Ատելությունը թունավորված սերն է, որն իր հերթին թունավորում է այլոց:

Խեթիւ, մախանօք, յաչաղանօք. իրար հոմանիշ և գրեթե նույնիմաստ մտքի մեղքեր են սրանք: Խեթը չարությամբ լցված մտքի աչքերի կամ դեպքի արտահայտությունն է. խոժոռ դեմքն ու ծուռ նայվածքն է: Իսկ մախանքը միևնույն չար մտքի արտահայտությունն է այս անգամ մարդու շնչի և շեշտադրման մեջ: Մտքի այն անհանգիստ վիճակն է, որով չարության և վրեժխնդրության զոհ դարձած անձը շարունակ մխում է, և կարծես իր ատելության առարկա անձին ուզում է խեղդել իր մեջ կուտակված չարության ծխով: Յաչաղանքը չար նախանձն է, որ դարձյալ աչքերում է հայտնվում. չար աչքն է, որին նախապաշարմունքներ ունեցող մարդիկ հավատում են, թե այն վնասում է նրանց, որոնց վրա ընկնում է չարություն հասցնելու մտքով և կրքով: