Showing posts with label Հասմիկ Հակոբյան. Show all posts
Showing posts with label Հասմիկ Հակոբյան. Show all posts

28.2.14

ԵՐԵՔ ՀՐԱՑԱՆԱԿԻՐՆԵՐ (ոչ մրցութային)

Աստծո այս զինվորներին հանդիպեցի մայիսի վերջին Գեղարքունիքի մարզում, Տեր Տաճատ քահանա Դավիդյանի առաջնորդությամբ մեկնել էինք ուխտագնացության:
Նախօրէին տեղած անձրևները տեսնելով՝ հարազատներս համոզում էին չմեկնել: Առավոտյան ամպած էր երկինքը, արևի լույսը սքողող ամպերը ճանապարհի ամբողջ ընթացքին սպառնում էին անձրևի տարափ հեղել երկնքից: Սակայն ուխտավորի համար վատ եղանակ չկա, իսկ ճանապարհին ասվող աղոթքը մոռացնել տվեց գույժ ամպերի սպառնալիքը: Հասանք Ծովինար գյուղ, որտեղի սբ. Աստվածածին եկեղեցում մասնակից եղանք Սուրբ Պատարագի խորհրդին, պատարագիչն էր այդ գյուղի զավակ Տեր Գևորգը: Պատարագին ներկա էին նաև Մարտունու քահանա Տեր Սիմեոնն ու Արծվանիստից Տեր Տիրատուրը: Աներևակայելի է, բայց պատարագի ավարտին եղանակը բոլորովին այլ էր, չքվել էին մեզ սպառնացող ամպերը և երկնքում տիրում էր ջերմացնող արեգակը:

20.2.14

ԿՈՄԻՏԱՍԻՆ

Ինչպես Մաշտոցը մեկենասությամբ
Արքայի հայոց
Ընծայաբերեց իր ժողովրդին տառերի ոսկին`
Մտահայեցմամբ, տքնանքով ոգու,
Այնպես էլ մի օր հայոց մեղեդին
Մեծն Կոմիտասի ձեռքով սրբագրվեց
Ու նոտայագիր հանձնվեց դատին իր ժողովրդի,
Տառերի պես, տաղերի ոսկին` անխառն ու մաքուր,
Հնչում է հիմա իբրև երկնքից իջած մանանա,
Աղոթահյուս շարականների լուսապսակով
Մտնում տուն ու դուռ ու եկեղեցի,
Խոնարհվում մաքուր սնար ու բարձի,
Մե՛կ մոլորյալին բերում է դարձի,
Մե՛կ շնորհյալին թևեր է տալիս անհունի, բարձրի,
Մե՛կ Կռունկ դառնում,մե՛կ էլ Անտունի...
Հովիվ ու գեղջուկ խաղիկը առած,
Պարապ-անպարապ, շուրթով ծարաված`
Տնետուն բերին ու... անցյալից` ներկա,
Մինչ ճեմարանական լույսերով օծուն
Պատանի ձայնն ու շնորհը հանկարծ
Լսողին գերեց,
Հմայեց այնքան,
Մինչև նա արդեն խաղիկների մեջ խայտանքն էր փնտրում
Իր հող ու ջրի,
Ցոլանքը` լույսի,
Կամուրջը` հույսի,
Մեղեդին այնքան պարզ էր, անաչառ,
Ասե՛ս ծաղկումն էր թևավոր բույսի,
Ասե՛ս թռիչքն էր հեգ տատրակների`
Արտերի միջով,
Ուր ցել էր անում գութանն իր տիրոջ`
Հորովելի տակ...
Հորովե՜լ, ջա՜ն հորովել...

ՆԱՀԱՏԱԿ ՔԱՀԱՆԱՅԻ ՇՈՒՆՉԸ

Ամեն մեկը հավատքին գալու իր պատմությունն ունի: Այսօր երջանիկ ենք այնքանով, որ մեր հայրենիքում ազատ ենք եկեղեցի գնալու,Սուրբ Պատարագին մասնակցելու,ամեն ժամ և ամեն տեղ Աստծուն փառաբանելու …
21-րդ դարում ապրողին դժվար է պատկերացնել, որ դեռևս ոչ հեռու անցյալում այս ազատությունն անիրականանալի երազանք էր շատերի համար: Երազանք էր քահանայի դստեր համար Ժամ գնալը, այնքան բաղձալի, որ երեխաներից թաքուն, չորսամյա թոռան ձեռքը բռնած, շտապում էր եկեղեցի: 20-րդ դարի կեսն էր, մանկան համար անհասկանալի էր սիրելի տատի հուզմունքն ու աղոթքը, հասկացավ հետո…
Հասկացավ, պատմեց թոռներին, որ իմանան ինչ ունեն հիմա և առժեքը չեն գիտակցում: Պատմեց մի նահատակ քահանայի պատմություն, ում շունչը կրողն էր ծնունդով: Խորհրդային տարիներին Գեղանուշ գյուղի վերջին քահանայի մասին էր խոսքը: Քահանայի, ում աչքի առաջ ոչնչացվեց եկեղեցու սրբությունը, ում խոշտանգելով ստիպում էին Աստծուն ուրանալ: Երեխաներից մի քանիսին կորցրած Տեր Հայրը, ավելի մեծ ցավ ապրեց հայ զավակների հոգիների կորուստը տեսնելով: Մտքում անդադար կրկնում էր. «Տեր ողորմեա, չգիտեն ինչ են անում»: Նույնն էր կրկնում, երբ անաստվածների հերթական հարձակումից լուրջ վնասված, անկողին ընկավ:

14.2.14

ԲԱՐԻ ՊՏՈՒՂ ԲԵՐՈՂ ԵՍ

Հայր Թեոդորոս վարդապետ Զաքարյանի մասին շատ էի լսել իմ մոտ ընկերուհուցս, ով Հայր Սուրբի ազգականն է: Բայց ավելի լավ է մեկ անգամ տեսնել…
Տեսա պատահաբար սբ. Հովհաննես եկեղեցում, պատարագիչն էր այդ օրվա: Չիմանալով ով լինելը՝ միանգամից հասկացա, որ հավատացյալների սերը վայլող մեկն է: Անհնար է ճանաչել նրան և չսիրել, քանզի սերն ինչքան տալիս ես, այն ավելանում է, իսկ Հայր Սուրբն առատապես է իր սերը բաշխում բոլորին: Բաշխում է անձնուրաց ծառայելով Երուսաղեմի Ժառանգավորաց Վարժարանի և Ընծայարանի տեսուչ, բայց նաև որպես մեր հոգիների լուսավորիչ: Հայր Սուրբը հոգում է ոչ միայն վարժարանի սաների մասին, այլև Երուսաղեմ ժամանող ուխտավորների: Ժամանման պահից մինչև մեկնում անընդհատ է Հայր Սուրբի հոգածությունը խմբի յուրաքանչյուր անդամի համար: Կարճատև է թվում ուխտավորին այն ժամանակը, որ անցնում է Տիրոջ անցած ուղով քայլելիս: Մեկնում ենք Սուրբ Երկրից տանելով անմոռաց հուշեր, որոնք շուտ կխամրեին, եթե մեր սիրելի Հայր Թեոդորոսի մեկնաբանություները լսած չլինեինք: Խումբն մեկնում է, գալիս է մի նոր խումբ, հետո ևս մեկը, և բոլորի մասին հոգ կտանի նա, ով հոժարակամ իր ուսերին է կրում թեև ծանր, բայց նաև քաղցր խաչը…
Հասմիկ Հակոբյան
Նյութը ներկայացված է «ՆԱ ՔԱՀԱՆԱ Է» 
մրցույթի շրջանակներում:

12.2.14

ԱՐԵՎԻ ՇՈՂ ՄԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Մինչ այս աշուն չէի ճանաչում մեր կյանքում անկախ եղանակից առկա արևի մի շող: Իրականում նա մեզ պես մարդ է, բայց Աստծո գործին խոնարհաբար ծառայելով, դարձել է արևի լույս բազում հուսահատվածների համար: Ծանոթությունը Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի հետ եղավ վաղ առավոտյան սբ. Զորավոր Աստվածածին եկեղեցու երիցատան շեմին: Աշխատակիցները նոր էին բացել եկեղեցու դռները, որտեղ աղոթքս ավարտելով, քայլերս ուղղեցի դեպի սբ. Անանիայի մատուռ: Տեր Գրիգորին տեսնելով կարծեցի նոր սպասավոր է, բայց մտքովս չանցավ, որ այդ խոնարհ հայացքով ծառայողն արդեն քահանա է և իմ սիրած եկեղեցու նորանշանակ հոգեվոր հովիվն է: Պարզելով որ քահանա է, մոտեցա օրհնություն խնդրեմ, մինչ այդ նրան չճանաչելով հարցերի շարան ուղղեցի, բոլոր հարցերիս պատասխանեց մեծ սիրով և առաջարկեց մասնակցեմ եկեղեցու երիտասարդաց խորհրդի գործնեությանը: Այնքան ջերմ էր առաջի հանդիպումն, որ օրերից մի օր կրկին այդ եկեղեցում էի և այս անգամ արևն ավելի էր ջերմացնում ներկաներին, քանզի եկեղեցում էին Տեր Գրիգորի արևի շող բալիկն ու այդ տեսանելի լույսն աշխարհ բերող երեցկինը: Բազում են նման շողերը մեր կյանքում,ամեն մի սիրով ստեղծված ընտանիք ավելի շլացնող է դարձնում այդ լույսը, իսկ եկեղեցի գնալով, ամեն ոք դառնում է լույսի փոխանցող շրջապատին…
Հասմիկ Հակոբյան
Նյութը ներկայացված է «ՆԱ ՔԱՀԱՆԱ Է» 
մրցույթի շրջանակներում:

ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՆԱԽՕՐԵԻՆ

2013թ. հունվարն էր, հրավիրեցին սբ.Սարգսի տոնին մասնակցեմ ուխտագնացության Թեղենիկի Սրբոց Նահատակաց եկեղեցի, կմտածեք ինչու էին հենց Թեղենիկ մեկնելու ուխտավորները, մի պարզ պատժառով՝ այնտեղ էր ծառայում Տեր Սարգիս աբեղա Այվազյանը: Սբ. Սարգսի տոնը Հայր Սարգսի համար առիթ էր մեկ անգամ ևս իր սերն ու նվիրումը փաստելու մեզ երկրավորներիս, քանզի Աստված գիտեր իր խոնարհ ծառայի սիրտը: Ցավում եմ, որ այդ պատարագին ներկա չէի:
Հայր Սարգսին բախտ եմ ունեցել տեսնել Արինջ գյուղի սբ. Հովհաննես եկեղեցում պատարագելիս: Անհնար էր, որ նրա հետ շփումը հետք չթողներ մեկի կյանքում: Իմ կյանքում որոշիչ էին Հայր Սուրբի տված խորհուրդները Սրբոց Նահատակաց եկեղեցու բակում:

11.2.14

ՏՆՕՐՀՆԵՔԻՑ ՀԵՏՈ

Հոգևոր ընթացքի առաջին քայլերս եղել են սբ. Զորավոր Աստվածածին եկեղեցում: Այնտեղ ծառայող հոգեվորականներից ոչ մեկին անձամբ չէի ճանաչում: Ամեն կիրակի մասնակցում էի Սուրբ Պատարագին չենթադրելով անգամ, որ եթե բացակայում էի, բացակայությունս աննկատ չէր մնում:

Օրերից մի օր ընկերուհուս տանն էի, բոլորս հուզված սպասում էինք կարեվոր հյուրի՝ քահանայի, ում հրավիրել էին տնօրհնեքի կարգ կատարելու: Քահանան եկավ և ինձ տեսնելով ժպտադեմ հարցրեց արդյոք մեր տուն է եկել: Եկողը Տեր Մյուռոն ավագ քահանա Ադամյանն էր, ով ծառայում էր սբ. Զորավոր Աստվածածին եկեղեցում: Տնօրհնեքի արարողության երբեք ներկա չէի եղել, աննկարագրելի ապրում էր, Աստծո ներկայության և ապահովության կատարյալ զգացում, ինչը ստիպեց չուշացնել մեր տան տնօրհնեքի կարգը:

10.2.14

ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՆՑՈՐԴ

Առանց եկեղեցական հանդերձի Տեր Անուշավան քահանա Կոշեցյանին սովորական անցորդի տեղ կդնես: Ներկայումս սբ. Երրորդություն եկեղեցում ծառայող Տեր Անուշավանին ճանաչել եմ սբ. Զորավոր Աստվածածին եկեղեցում նրա սպասավորության տարիներին: Եկեղեցի գնալիս միշտ տեսնում էի իրեն, տեսնում էի զբաղված այգու բարեկարգմամբ՝ կամ ծառերն էր ջրում, կամ հողն էր փխրեցնում, ձմռան ցուրտ ամիսներին սբ. Զորավոր Աստվածածնի բակը միշտ մաքուր էր, մարդկանց կթվար հրաշքով այդտեղ ձյուն չի տեղացել, այնինչ մի անցորդ էր ձյան շերտը սիրով մաքրել:

9.2.14

ՍԻՐԵԼՈՎ ՄԵՌՆԵԼԸ ԿՅԱՆՔ Է, ԱՏԵԼՈՎ ԱՊՐԵԼԸ՝ ՄԱՀ...

Տեր Հարություն քահանա Ավագյանին կարող եք հանդիպել տարածքով փոքր, բայց գործնականում անսահման Աստծո տանը՝ Ավան համայնքի սբ. Աստվածածին եկեղեցում: Բոլորի կողմից սիրված Տեր Հարությունն աշխարհի սուգն ու տրտմությունը կրում է ոչ միայն այդ խորհրդանշող հագուստ՝ սքեմ հագնելով, այլ ամեն մեկիս ցավն ու խնդիրը սրտում ապրելով: Շատերից եմ լսել. «Ես Աստծուն հավատում եմ, իսկ հոգեվորականին՝ ոչ, առանց եկեղեցու ծեսի էլ կարող եմ ապրել»: Ապրել կարող են, բայց առանց սիրո կյանք չի լինում և իրական կյանքի ապրում չի լինում: Աստված է այն կատարյալ սերը, որն բոլորս ենք երազում, երազում ենք, փնտրում, կարծում, որ գտանք, բայց կրկին հիասթափվում: Այստեղ է պետք գալիս Աստծո օծյալ ծառան, որն ինչքան էլ վատ խողովակ լինի այգին ջրելու համար, միևնույն է ջրի մաքրությունը չի պղծում: Քահանայի ձեռքից միայն կարող ենք ստանալ մեր Տիրոջ կենարար մարմինն ու արյունը խորհրդանշական հացի և գինու տեսանելի կերպով: Եկեղեցու այս խորհրդին ներկա լինելով՝ կյանք կունենանք մեր մեջ և մահ չենք ճաշակի երբեք:

7.2.14

ՆԱ ՈՒԽՏԱՎՈՐ Է, ՆՈՐ ՔԱՀԱՆԱ

Տեր Տիրայր ավագ քահանա Սահրադյանի հետ առաջի հանդիպումս երբեք չեմ մոռանա, 2011թ. հոկտեմբերի վերջն էր, հավաքվել էինք սբ. Հովհաննես եկեղեցու բակում՝ անհամբեր սպասելով մեկնելու հրահանգին: Ուղևորվեցինք Արցախ, որտեղ չորս օր վայլեցինք աշնան գույներով գեղեցիկ բնությունն ու մեր այցելած սրբավայրերում զգացած Աստծո զորությունը: Աննկարագրելի են այն ուխտատեղիներն, ուր եղել եմ Տեր Հոր առաջնորդությամբ, ամեն անգամ դժվար ճանապարհներ անցնելիս հոգատար հայր է մեզ համար Տեր Տիրայրը, առջևից քայլելով, միշտ հոգում է, որ բոլորն ապահով տեղ հասնեն: Այս անցած երկուսուկես տարվա մեջ կդժվարանամ թվել այն սրբավայրերն ուր եղել եմ Տեր Հոր հետ, կնշեմ միայն մեկն՝ Արցախի Ավետարանոց գյուղից ոչ հեռու գտնվող, Սրբոց Ղևոնդյանց վանքը: Կարող եմ ասել, որ ամեն մի ուխտ աչքի է ընկնում մասնակիցների կազմակերպվածությամբ և առավել աղոթական մթնոլորտով:

31.1.14

ՍԻՐՈ ՈՒԺՆ Է ԱՆՀԱՂԹ

Այսօր առավոտից ցանկություն ունեմ թղթին հանձնել մտքերս, կարծում եմ քչերն են ճանաչում մեր հոգևորականներին և ցավն այնն է, որ չեն էլ փորձում ճանաչել: Ամեն մարդու մեջ պետք է փորձենք տեսնել այն լույսը, որը Աստծո կողմից բոլորին է շնորհված: Անկախ հոգեվորականի հոգեվոր աստիճանից, բոլորի մոտ նկատել եմ առաջի շփման սառնությունը: Նախկինում դա ինձ շատ էր շփոթեցնում, հիմա երբ շատերին եմ ճանաչում մեր հոգեվորականներից, հասկանում եմ, որպես մեր հոգիները բժշկողներ, իրենք ակամայից սեփական հոգին փակի տակ են դնում: Իրենց հոգիներում է պարփակվում բոլորիս տվայտանքները, բոլորիս մարմնավոր և հոգեվոր ցավերը, հավատացեք մեր ցավերն իրենց հանձնելով, մենք խաղաղվում ենք, խաղաղվում ենք մեր ցավի բեռն իրենց ուսերին դնելով: Չենք էլ պատկերացնում, թե մեր թեթևության համար հոգեվորականն ինչ գին է վճարում հավիտենականության մեջ: Եվ ինչքան բարձր է հոգեվորականի աստիճանն, այնքան մեծ է իր ուսերի բեռը:

21.1.14

ՆԱ ՔԱՀԱՆԱ Է - ՏԵՐ ԵԶՆԻԿ ՔՀՆ. ՄԱԼԽԱՍՅԱՆ

Տեր Եզնիկ քահանա Մալխասյանին ես դեռ բախտ չեմ ունեցել հանդիպելու, բայց հույս ունեմ մեր բոլորիս աղոթքների շնորհիվ կրկին կտեսնենք այս հոգեվոր հովվին Սուրբ Պատարագ մատուցելիս: Ես տասնյակից ավել քահանա եմ ճանաչում և կդժվարանաի ընտրել ում մասին գրեմ, եթե Տեր Եզնիկը միտքս չգար: Անձամբ չճանաչելով նրան՝ ցավ եմ ապրում նրա ներկայիս անօգնական վիճակի համար, կարծես հարազատ եղբայրս է: Եղբայրս՝ ում ապաքինմանը օժանդակելու համար կանեմ ամեն հնարավորը հույսով, որ Աստված էլ կանի մեզ համար անհնարին թվացողը: Իր մասին լսել եմ մեր հավատացյալ քույրերից, երբ Տեր Հոր առողջական վիճակի կտրուկ վատացումից նեղված ընկերուհիս խնդրեց աղոթքներում հիշեմ Տեր Եզնիկին: