Showing posts with label Տեր Ղևոնդ քհն. Տեր-Ավագյան. Show all posts
Showing posts with label Տեր Ղևոնդ քհն. Տեր-Ավագյան. Show all posts

20.2.14

ՆԱՀԱՏԱԿ ՔԱՀԱՆԱՅԻ ՇՈՒՆՉԸ

Ամեն մեկը հավատքին գալու իր պատմությունն ունի: Այսօր երջանիկ ենք այնքանով, որ մեր հայրենիքում ազատ ենք եկեղեցի գնալու,Սուրբ Պատարագին մասնակցելու,ամեն ժամ և ամեն տեղ Աստծուն փառաբանելու …
21-րդ դարում ապրողին դժվար է պատկերացնել, որ դեռևս ոչ հեռու անցյալում այս ազատությունն անիրականանալի երազանք էր շատերի համար: Երազանք էր քահանայի դստեր համար Ժամ գնալը, այնքան բաղձալի, որ երեխաներից թաքուն, չորսամյա թոռան ձեռքը բռնած, շտապում էր եկեղեցի: 20-րդ դարի կեսն էր, մանկան համար անհասկանալի էր սիրելի տատի հուզմունքն ու աղոթքը, հասկացավ հետո…
Հասկացավ, պատմեց թոռներին, որ իմանան ինչ ունեն հիմա և առժեքը չեն գիտակցում: Պատմեց մի նահատակ քահանայի պատմություն, ում շունչը կրողն էր ծնունդով: Խորհրդային տարիներին Գեղանուշ գյուղի վերջին քահանայի մասին էր խոսքը: Քահանայի, ում աչքի առաջ ոչնչացվեց եկեղեցու սրբությունը, ում խոշտանգելով ստիպում էին Աստծուն ուրանալ: Երեխաներից մի քանիսին կորցրած Տեր Հայրը, ավելի մեծ ցավ ապրեց հայ զավակների հոգիների կորուստը տեսնելով: Մտքում անդադար կրկնում էր. «Տեր ողորմեա, չգիտեն ինչ են անում»: Նույնն էր կրկնում, երբ անաստվածների հերթական հարձակումից լուրջ վնասված, անկողին ընկավ: