Showing posts with label Տեր Տաճատ. Show all posts
Showing posts with label Տեր Տաճատ. Show all posts

28.2.14

ԵՐԵՔ ՀՐԱՑԱՆԱԿԻՐՆԵՐ (ոչ մրցութային)

Աստծո այս զինվորներին հանդիպեցի մայիսի վերջին Գեղարքունիքի մարզում, Տեր Տաճատ քահանա Դավիդյանի առաջնորդությամբ մեկնել էինք ուխտագնացության:
Նախօրէին տեղած անձրևները տեսնելով՝ հարազատներս համոզում էին չմեկնել: Առավոտյան ամպած էր երկինքը, արևի լույսը սքողող ամպերը ճանապարհի ամբողջ ընթացքին սպառնում էին անձրևի տարափ հեղել երկնքից: Սակայն ուխտավորի համար վատ եղանակ չկա, իսկ ճանապարհին ասվող աղոթքը մոռացնել տվեց գույժ ամպերի սպառնալիքը: Հասանք Ծովինար գյուղ, որտեղի սբ. Աստվածածին եկեղեցում մասնակից եղանք Սուրբ Պատարագի խորհրդին, պատարագիչն էր այդ գյուղի զավակ Տեր Գևորգը: Պատարագին ներկա էին նաև Մարտունու քահանա Տեր Սիմեոնն ու Արծվանիստից Տեր Տիրատուրը: Աներևակայելի է, բայց պատարագի ավարտին եղանակը բոլորովին այլ էր, չքվել էին մեզ սպառնացող ամպերը և երկնքում տիրում էր ջերմացնող արեգակը:

8.2.14

ԵՐԲ ԳԱԼԻՍ Է ԳԱՐՈՒՆԸ... ՏԵՐ ՏԱՃԱՏ ԱՎԱԳ ՔԱՀԱՆԱ ԴԱՎԻԴՅԱՆ

Արդեն քանի տարի է անհամբեր սպասում ենք գարնանը: Որովհետև մեր սիրելի Տեր Հայրը վերադառնում է Հայրենիք: «Երբ նոր էի քահանա ձեռնադրվել, կուզեի փոխել աշխարհը: 10 տարի հետո տեսա, որ անհնար բանմ է, որոշեցի փոխել միայն հայ ազգը: 10 տարի հետո տեսա դա էլ անհնար է, ուզեցի փոխել Ամերիկահայությունը: Օօօ՜, 10 տարի հետո հասկցա, որ դա էլ հնարավոր չէ: Կուզեի փոխել Բոստոնի Սուրբ Հակոբ եկեղեցու համայնքը: Դա էլ անհնար եղավ: Վերջը հասկցա, որ ինքս ինձ էլ փոխեմ, մեծ բան պիտի ըրած լինեմ...»: Տեր Տաճատին ճանաչում եմ 10 տարուց ավելին: Հանդիպում էի մեր փոքրիկ Կաթողիկե Աստվածածին եկեղեցում` հիմնականում Պատարագներին: Ամեն անգամ նրա քարոզից հետո, շատ տպավորված գնում էի տուն և պատմում նրա մասին: Բայց չէի շփվում նրա հետ, մի տեսակ քաշվում էի: Մի անգամ պատարագին դրսում կանգնած էի (տեղեկացնեմ, որ տաճարի փոքրության պատճառով շատերը դրսում կանգնած են մասնակցում ) և ցածր ձայնակցում էի դպրաց դասին: Տեր Տաճատը կանգնած էր ինձանից ոչ հեռու: Ողջույնի ժամանակ ներս գնաց: Եվ երբ ողջարգուրման ալիքների հետ դուրս եկավ, մոտեցավ ինձ ու ասաց. «Աղջի՛կ, պատարագին բարձր երգե՛»: