Տեր Տիրայր ավագ քահանա Սահրադյանի հետ առաջի հանդիպումս երբեք չեմ մոռանա, 2011թ. հոկտեմբերի վերջն էր, հավաքվել էինք սբ. Հովհաննես եկեղեցու բակում՝ անհամբեր սպասելով մեկնելու հրահանգին: Ուղևորվեցինք Արցախ, որտեղ չորս օր վայլեցինք աշնան գույներով գեղեցիկ բնությունն ու մեր այցելած սրբավայրերում զգացած Աստծո զորությունը: Աննկարագրելի են այն ուխտատեղիներն, ուր եղել եմ Տեր Հոր առաջնորդությամբ, ամեն անգամ դժվար ճանապարհներ անցնելիս հոգատար հայր է մեզ համար Տեր Տիրայրը, առջևից քայլելով, միշտ հոգում է, որ բոլորն ապահով տեղ հասնեն: Այս անցած երկուսուկես տարվա մեջ կդժվարանամ թվել այն սրբավայրերն ուր եղել եմ Տեր Հոր հետ, կնշեմ միայն մեկն՝ Արցախի Ավետարանոց գյուղից ոչ հեռու գտնվող, Սրբոց Ղևոնդյանց վանքը: Կարող եմ ասել, որ ամեն մի ուխտ աչքի է ընկնում մասնակիցների կազմակերպվածությամբ և առավել աղոթական մթնոլորտով: