Տեր Հարություն քահանա Ավագյանին կարող եք հանդիպել տարածքով փոքր, բայց գործնականում անսահման Աստծո տանը՝ Ավան համայնքի սբ. Աստվածածին եկեղեցում: Բոլորի կողմից սիրված Տեր Հարությունն աշխարհի սուգն ու տրտմությունը կրում է ոչ միայն այդ խորհրդանշող հագուստ՝ սքեմ հագնելով, այլ ամեն մեկիս ցավն ու խնդիրը սրտում ապրելով: Շատերից եմ լսել. «Ես Աստծուն հավատում եմ, իսկ հոգեվորականին՝ ոչ, առանց եկեղեցու ծեսի էլ կարող եմ ապրել»: Ապրել կարող են, բայց առանց սիրո կյանք չի լինում և իրական կյանքի ապրում չի լինում: Աստված է այն կատարյալ սերը, որն բոլորս ենք երազում, երազում ենք, փնտրում, կարծում, որ գտանք, բայց կրկին հիասթափվում: Այստեղ է պետք գալիս Աստծո օծյալ ծառան, որն ինչքան էլ վատ խողովակ լինի այգին ջրելու համար, միևնույն է ջրի մաքրությունը չի պղծում: Քահանայի ձեռքից միայն կարող ենք ստանալ մեր Տիրոջ կենարար մարմինն ու արյունը խորհրդանշական հացի և գինու տեսանելի կերպով: Եկեղեցու այս խորհրդին ներկա լինելով՝ կյանք կունենանք մեր մեջ և մահ չենք ճաշակի երբեք: