Showing posts with label ակնթարթ. Show all posts
Showing posts with label ակնթարթ. Show all posts

4.5.11

ԹՌԻՉՔԻՑ ԱՌԱՋ և ՀԵՏՈ

- Ներեցե՛ք, պարո՛նՆուրիջանյան, Ձեր փաստաթղթերում որոշ անճշտություններ կան,- ակնոցի տակից զննելով Հայկազին` ասաց օդանավակայանի անցագրային կետի աշխատակիցը:
- Համմե՞, քո՛ւր ջան,- սեղմվելով սեղանին` կես զարմացական, կես հարցական ասաց Հայկազը:
- Ձեր փաստաթղթերը թերի վիճակում են. անճշտություններ կան,- ներողամիտ ժպիտով կրկնեց աշխատակիցը:
Հայկազը փնչացնելով շրջվեց և սկսեց «վազվզող» մարդկանց մեջ որոնել եղբորը: Լևոնը, քիչ հեռու կանգնած, ժպիտը դեմքին նայում էր եղբոր կողմը: Հայկազը «հազար տարի» չէր եղել Հայաստանում, մեկ ամսով վերադարձել էր հայրենիք` ծնողներին ու հարազատներին տեսնելու, բայց այժմ, երբ ժամանակն էր վերադառնալու, կարծես թե գործերը չէին ուզում ստացվել:
Լևոնը ձեռքով նշան արեց` Հայկազի որոնող հայացքը կանգնեցնելով իր վրա: Ասես գոտեպնդվելով կրտսեր եղբոր ներկայությունից` Հայկազը շրջվեց դեպի սեղանը, գրպանից դուրս բերեց թաշկինակը, սրբեց ճակատի` վայրկենաբար հայտնված քրտինքը և շփոթված դիմեց աշխատակցին.
- Բահիմա չե՞մ կարող թռչել:

22.4.11

ԿՐԱԿ

Ամբոխը` որպես սնդիկի ահռելի զանգված` ծանր ու վտանգավոր, գլորվում էր Երուսաղեմի նեղ ու երկայն փողոցներով: Արևը ծիկրակում էր Գողգոթայի ետևից` բորբ շողարձակումով  լիզելով անցյալով վարակված պատերի հնոտի փոշին: Մարդկային կծիկը սեղմվում էր փողոցի ակցանի մեջ, և հարյուրավոր մարդկանց ոսկորների ճարճատյունը, աղմուկ-աղաղակը, դոփյունն ու ճիչերը արձագանքում էին հինավուրց քաղաքում: Ոտնատակերից փոշին քուլա-քուլա ծառս էր լինում, և կուրացած մարդիկ առաջ էին գլորվում սոսկ հոսանքին տրված: Գլխավերևում փայտյա հսկա խաչեր էին, և դրոշակներ` կարմիր, կանաչ, սև... Ոմանց ձեռքերում լապտերներ էին և սաղմոսարաններ. ոմանց շուրթերին օրհնություններ, ոմանց` հայհոյանք…

1.9.10

ԿԱ՛ՆԳ ԱՌ, ԱԿՆԹԱ՛ՐԹ…

Նարեկը մտավ դասարան: Մտավ իր ամենօրյա անկարգ ձևով. սկզբում աղմուկով բացեց դուռը, ապա ոտքերը քստքստացնելով անհամաչափ քայլերով մտավ դասարան` իր հետևից, գրեթե գետնին քսելով, քարշ տալով կաշվե դպրոցական պայուսակը: Այսօր, հակառակ արմատացած սովորության, չէր ուշացել դասերից: 8 անց 23 րոպե էր. դեռ հինգ-տասը րոպե կար մինչև դասերի սկսվելը: Նա նույն անկանոն քայլերով շարժվեց դեպի իր նստարանը, չհասած դրան` պայուսակը նետեց սեղանի վրա և դժգոհ կեցվածքով նստեց: Շուրջ երկու րոպե աչքերը հառած պահեց հանդիպակաց պատի կենտրոնում` սև գրատախտակի վերևում կախված Վ. Ի. Լենինի մեծադիր նկարին: Ի՛նչ էր մտածում, դժվար է ասել, բայց որ Նարեկի համար այս օրը մի տեսակ տարբերվում էր մնացած բոլոր օրերից, դա Նարեկը զգացել էր դեռ վաղ առավոտյան: Նախ մի հանգամանք. այն, որ ինքն առանց որևէ մեկի միջնորդության, կամովին արթնացել էր ուղիղ 7 անց 30 րոպեին, ինչը բացառիկ դեպք էր ամբողջ 7 տարվա դպրոցական կյանքի ընթացքում, լուրջ հիմքեր էր տալիս մտածելու, որ մի բան արտասովոր է այս օրվա մեջ: