- Ներեցե՛ք,
պարո՛ն… Նուրիջանյան, Ձեր փաստաթղթերում որոշ անճշտություններ կան,- ակնոցի տակից զննելով Հայկազին` ասաց օդանավակայանի անցագրային կետի աշխատակիցը:
- Համմե՞,
քո՛ւր ջան,- սեղմվելով սեղանին` կես զարմացական, կես հարցական ասաց Հայկազը:
- Ձեր փաստաթղթերը թերի վիճակում են.
անճշտություններ կան,- ներողամիտ ժպիտով կրկնեց աշխատակիցը:
Հայկազը փնչացնելով շրջվեց և սկսեց «վազվզող» մարդկանց մեջ որոնել եղբորը: Լևոնը, քիչ հեռու կանգնած, ժպիտը դեմքին նայում էր եղբոր կողմը: Հայկազը «հազար տարի» չէր եղել Հայաստանում, մեկ ամսով վերադարձել էր հայրենիք` ծնողներին ու հարազատներին տեսնելու, բայց այժմ, երբ ժամանակն էր վերադառնալու, կարծես թե գործերը չէին ուզում ստացվել:
Լևոնը ձեռքով նշան արեց` Հայկազի որոնող հայացքը կանգնեցնելով իր վրա: Ասես գոտեպնդվելով կրտսեր եղբոր ներկայությունից` Հայկազը շրջվեց դեպի սեղանը, գրպանից դուրս բերեց թաշկինակը, սրբեց ճակատի` վայրկենաբար հայտնված քրտինքը և շփոթված դիմեց աշխատակցին.
- Ցավում եմ,
բայց ոչ: Միայն համապատասխան ճշգրտումների և փաստաթղթերի առկայության դեպքում, պարո՛ն Նուրիջանյան:
Հայկազը կրկին շրջվեց դեպի եղբայրը: Նրա անհամարձակ հայացքում խուճապը քիչ էր մնում տեղի տար արցունքներին:
«Քեզ տղամարդու պես պահի՛ր,
Հայկա՛զ, հանգի՛ստ…»,- ինքն իրեն մտքում զսպեց Հայկազը:
- Քո՛ւր ջան,
ցա՛վդ տանեմ,- հուզմունքից կտրատվող ձայնով շարունակեց նա,- հասկացի՛ր ինձ, երկուսս էլ հայ ենք, արի՛ լեզու գտնենք, օտար չենք իրար. պիտի էսօր անպայման հասնեմ Սոչի, գործերս կիսատ-պռատ եմ թողել, եկել եմ հորս, մորս, բարեկամությանը տեսնելու… Որ էսօր չհասա է՜, գիտե՞ս` ի՛նչ գումարներ են օդ ցնդում:
- Ցավում եմ,
բայց ոչնչով չեմ կարող օգնել: Խնդրում եմ առա՛ջ շարժվեք, ձեզանից բացի էլի սպասողներ կան:
Հայկազը խոնարհեց հայացքը, բայց հանկարծ նրա գլխում միտք ծագեց. նա ահաբեկված զննեց շուրջբոլորը, և տակառանման փորը սեղմելով սեղանին` հսկա մարմնով խոնարհվեց քիչ-քիչ նյարդայնացող աշխատակցի վրա:
- Ուրիշ ի՞նչ կերպ կարող ենք իրար հասկանալ,-
հարցրեց նա` դեմքին մի տեսակ նենգ արտահայտություն տալով և ձեռքը պատրաստակամորեն գրպան տանելով:
Կնոջ խոշոր սև աչքերն ավելի մեծացան և ակնոցի տակից Հայկազին թվացին սարսափելի:
- Ես ստիպված կլինեմ հսկիչներին կանչել,
հեռացե՛ք անմիջապես,- ձայնը բարձրացրեց նա:
- Քո՛ւր ջան,
ինչո՞ւ ես բորբոքվում, ես քեզ նեղացնելու համար հո չասացի՞,- փորձեց արդարանալ Հայկազը:
- Մյո՛ւսը,-
բարձր կանչեց զայրացած կինը:
Հայկազը ձեռքով կասեցրեց ետևից առաջացող երիտասարդին:
- Բա հիմա ո՞նց շտկեմ թերությունները, ինչքա՞ն ժամանակ կուզի, գոնե դա ասա,- արագ-արագ թոթովեց Հայկազը` փորձելով հնարավորինս գրագետ խոսել:
- Դիմե՛ք անցագրային կետի տնօրինությանը:
Հաջողություն: Հաջո՛րդը…
Հայկազը հուսահատորեն օդում թափ տվեց ձեռքը, վերջին մի սպառնալից հայացք գցեց աշխատակցի վրա ու ետ դարձավ:
- Գնա՛նք,
գնա՛նք, Լևո՛ն ջան, տեսնենք էդ շան տղերքը ի՛նչ պիտի մոգոնեն, մարդ չեն, է՜, մարդ չեն…
- … Մարդ չեն,
Լևո՛ն ջան, մարդ չեն, աղբե՛ր ջան: Հայի էս մի բանը չեմ սիրում: Արա՛, դե ասա հայ ենք է՛լի, մի բուռ ենք մնացել, էդտեղ էլ չեն ուզում իրար օգնած լինել,- բորբոքված բողոքում էր Հայկազը ետդարձի ճանապարհին. մեքենան օդանավակայանից ուղևորվում էր հայրական տուն:
Հայկազի երկար-բարակ` շուրջ վեցժամյա վեճերից ու բորբոքումներից հետո պարզվել էր, որ ինքը, լինելով Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, չէր կարող առանց որոշ փաստաթղթերի առկայության դուրս գալ Հայաստանի Հանրապետությունից: Իսկ փաստաթղթերը հնարավոր էր ձեռք բերել միայն Հայաստանում Ռուսաստանի դեսպանատնից` այն էլ ոչ շուտ, քան մեկ շաբաթից:
- Է՛լ ինչո՞վ ենք տարբերվում ռուսից,
Լևո՛ն ջան,- շարունակեց Հայկազը մի քանի վայրկյան լուռ մնալուց հետո,- տո մենք անգամ թուրքից չենք տարբերվում, ուր մնաց ռուսից, ռուսը գոնե… Է՜, մարդ չենք,- կարճ կապեց նա` ինքն էլ չիմանալով` ի՛նչ ասել:
Լևոնը, ձանձրացած եղբոր բողոքներից, գրեթե չէր լսում նրան: Ծանրացած կոպերը շերտավարագույրների պես վայրկենաբար փակվում և անմիջապես բացվում էին, իսկ մատները մեխանիկորեն էին սահում ղեկի վրայով:
Տեսնելով եղբոր անտարբերությունը իր ասածների հանդեպ` Հայկազն ուղղվեց նստաթոռի մեջ, խոր հորանջեց, ապա վրա բերեց.
- Քեզ էլ հոգնեցրի…
Բան չկա, Լևո՛ն ջան, ես հո գիտեմ, էս անհաջողությունը անեծք էր, էս ամբողջը սատանայի ձեռքի գործն էր, ես գիտեմ, ես զգում էի, որ էս գործարքս չի կպնելու, վարի է գնալու, ես գիտեի… Հաջողությու՜ն, փողիկնե՛ր: Է՛հ, քնեմ մի քիչ դնջանամ. գլխիս ցավը սպանում է:
Հայկազը գլուխը հենեց պատուհանին և չանցած երկու րոպե, սկսեց խռռացնել այնպես, որ կարմիր, լիքը այտերը սկսեցին ծածանվող դրոշակի պես թրթռալ: Խռռոցն աստիճանաբար սաստկանում էր: Լևոնը ծանր հորանջեց, նայեց եղբոր արևառ դեմքին և փոքր-ինչ ցրվելու նպատակով միացրեց ռադեոընդունիչը…
… Լևոնն ուժգին արգելակեց մեքենան:
Այն ճռռալով սահեց գորշ ասֆալտի վրայով և կանգ առնելուն պես ետևի մասով ընդունեց հետևից եկող մեքենայի հարվածը: Հայկազը իներցիայով սուրաց առաջ և գլուխը զարկեց դիմապակուն:
- Գժվե՞լ ես ինչ է,-
ճչաց նա եղբոր վրա` միաժամանակ շոշափելով գլխի վնասվածքը. արյուն էր հոսում:
Լևոնը ցավեցրել էր կուրծքը, բայց վնասվածքը լուրջ չէր: Նա ապշած նայում էր եղբորը:
- Լսեցի՞ր,-
հազիվ արտաբերեց նա:
- Ի՞նչ լսեմ,
հիմա՛ր,- եղբոր վրա ավելի բարձր գոռաց Հայկազը:
«… Երևան-Սոչի չվերթի
A-320 մարդատար ինքնաթիռը: Վաղ առավոտյան ափից շուրջ վեց կիլոմետր հեռավորության վրա գտնվող ավիավթարի վայր են մեկնել համապատասխան փրկարարական ուժեր և տեխնիկա: Նախնական տվյալներով A-320-ի Սև
ծովն ընկնելու պատճառը …»:
- Հիմա լսեցի՞ր:
Հայկազը քար կտրած նայում էր եղբորը:
- Չի կարող պատահել…
Հենց… Հենց այդ ինքնաթի՞ռը,- կմկմաց նա:
- Երևան-Սոչի,
Հայկա՛զ, այս գիշեր, A-320:
Հայկազը աճապարանքով սկսեց գրպաններում փնտրել թռիչքի տոմսը: Նրա աչքերը կանգ առան կտրոնի վրա գրված հինգ նշանների վրա` A-320… Սարսուռը էլէկտրական հոսանքի պես անցավ Հայկազի միջով`
շանթելով նրա ամեն մի հյուլեն: Եղբայրները նայեցին միմյանց դեմքի. արցունքները վիժեցին նրանց աչքերից: Նրանք գրկախառնվեցին:
Ավտոմեքենայի դուռը Լևոնի կողմից կտրուկ բացվեց:
-Դո՛ւրս արի,
շա՛ն որդի, քո՛ ինչն եմ ասել, ելի՛ր, շո՛ւտ,- բղավում էր մեկի կատաղած ձայնը: Մեկ զույգ ձեռքեր Լևոնին դուրս քաշեցին մեքենայից: - Լակել ես, կորցրե՞լ ինքնակառավարումդ, շա՛ն որդի,- գոռում էր ալեհեր, պնդակազմ մի ծերունի` երկար խիտ բեղերով:- Ես հիմա քեզ ցույց կտամ սթափվելու ամենահարմար ճանապարհը,- շարունակեց նա և անակնկալ հարվածեց Լևոնի ծնոտին: Անպարկեշտ հիշոցներն սկսեցին կարկուտի պես թափվել ծերունու բերանից:
- Սպասի՛ր,
է՜, ի՞նչ ես անում,- մեքենայի մյուս կողմից գոռաց Հայկազը,- ի՞նչ է եղել:
- Ինչպե՞ս թե ի՞նչ է եղել…
Էս թուլեն քիչ մնաց մեզանից ու իրենից չորս տախտակ ու գերեզմանաքար թողներ… Ես քո՛…- ծերունին պատրաստվում էր մեկ անգամ էլ հարվածել, բայց Հայկազը բռնեց նրա ձեռքը:
- Սպասի՛ր,
քեռի՛ ջան, սպասի՛ր հե՛ր ջան: Ախար մի հարցրու, տես թե ի՛նչ է եղել: Որ իմանաս, համոզված եմ, դու էլ պիտի ուրախանաս, ա՛յ քո ցա՛վը տանեմ, հա՜, մենք դեռ պիտի իրար հետ մատաղ ուտենք. Աստվա՛ծ, մեռնեմ Նրա զորությանը, էսօր ինձ փրկեց, ես էսօր նորից ծնվեցի, հասկանո՞ւմ ես, ես Աստծո զորությա՛նը մեռնեմ…
Ծերունին զարմանք կտրած նայում էր հուզմունքից դողացող Հայկազին:
-Չե՞ս ասի,-
շարունակեց Հայկազը,- էսօր` էս երջանիկ օրով ես պիտի նստեի ու թռնեի Սոչի. էս էլ կլինի վեց տարի Սոչիում եմ ապրում, «կաֆելի» գործ ենք անում, լավ է, գործ կա, չեմ բողոքում. արդարացնում է: Հա՛, ուրեմն պիտի գնայի Սոչի, բայց էն աղջիկը, ես իրա ցա՛վը տանեմ, Լևո՛ն, անունը հիշո՞ւմ ես,- դարձավ նա եղբոր կողմը. Լևոնն իրեն էր կարգի բերում,- դե էն որ թղթերն է ստուգում, գիտես էլի,- կրկին դարձավ նա զայրույթից շիկնած ծերունուն,- ասաց չես կարող թռչել, որովհետև թղթերը պակաս են: Էսպես քոռ ու փոշման հետ էինք դառնում տուն, մեկ էլ լսում ենք ռադիոն ասում է, թե Սոչիի ինքնաթիռը գիշերը վթարվել է, ընկել ծովը:
Ծերունին զգուշորեն հենվեց ավտոմեքենային: Հայկազի հայտնած նորությունը սկսեց բերանից բերան անցնել հավաքված հետաքրքրասերների մեջ, որ շրջապատել էին մեքենաները:
- Ի՞նչ ինքնաթիռ,
տղա՛, Սոչի թռչող ինքնաթի՞ռը,- սպառնալից հարցրեց ծերունին,- էն, որ էս գիշեր գնա՞ց:
- Հա՛,
հե՛ր ջան, հա՛,- բացականչեց Հայկազը անհասկանալի ցնծությամբ:
Ծերունին ցնցվելով ձեռքը տարավ կրծքին, աչքերը հառեց երկինք:
-Աստված ջան,- խոր ցավով մրմնջաց նա,-
բալե՜քս,- վերջին շնչով արտաբերեց և կաթվածից շանթված ընկավ Հայկազի վրա:
Հոգւոցն հանգուցելոց, Քրիստոս Աստուած,
արա՛ հանգիստ եւ ողորմութիւն. եւ մեզ՝ մեղաւորացս,
շնորհեա՛ զթողութիւն յանցանաց:
(2006)
6 արտահայտվիր:
Erb kardum ei mi qani tari araj, verjin naxadasutyunic heto arcunqners u krcqis cavy chkaroxaca pahel. Nuyny exav ays angam, u karcum em amen kardaluc petq e ajdpes lini. Yes shat sirum qo grvacqnery. Nranq hogeshah en, usucoxakan en, hogud u xxjid het en xosum. Tuyl mardik kvaxenan kardal yuraqanchyur gracd. Hasmik
Հասմիկ ջան, այսքան ժամանակ ամենագովելի որակումը գրածներիս մասին դու տվեցիր. շնորհակալ եմ, որ գնահատում ես:
Es Uxaki hekekumem barchr lachumem ev gluxes verem barchrachnum Astun Axotum Hoqinere lusavori.chntvatem uxaki ev shat kuzem der stextagortujujtuner kardal.Shnorhakalutjun.Es Gnhatumem qo amen tar" amen bar" ev amen naxadasutjun"
Անշուշտ շնորհակալ եմ նման բառերի համար... Մի բան ասեմ միայն թե խնդրում եմ չնեղանաք Levon ջան. երբ ինձ նման բան են գրում, ինձ թվում է ծաղրում են:
Գրածներս առանձնապես ոչինչ են...
Սրտաճմլիկ էր...
Կարողանում ես հասնել մարդկանց սրտերին, Տեր Հայր...
Երբ առաջին անգամ կարդացի, ինչքան էլ փորձեցի,,,բայց վերջին տողերի հետ ազատություն տվեցի հուզմունքիս: Այսօր ևս մեկ անգամ կարդալով, ուզում եմ շնորհակալություն հայտնել ստեղծագործության համար:Շատ հաճախ մենք մոռանում ենք երբեմն այնքան կարևոր հաջորդ վայրկյանի մասին: Մեզ թվում է, որ այն հաստատ կլինի ու այս պահին գործած սխալի համար ունենք հաջորդ վայրկյանը, որ կարող է ծառայել ներում հայցելուն:
Բայց նման ստեղծագործությունները, ցավալի է, որ իրական հիմք ունի, ստիպում են հասկանալ, որ կարևորը հենց այս վայրկյանն է,այս պահին ասված ու չասված խոսքերը:Շնորհակալություն, որ այս գրվածքով օգնեցիք արժևորել ներկան:
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: