Showing posts with label երկրաշարժ. Show all posts
Showing posts with label երկրաշարժ. Show all posts

1.9.10

ԿԱ՛ՆԳ ԱՌ, ԱԿՆԹԱ՛ՐԹ…

Նարեկը մտավ դասարան: Մտավ իր ամենօրյա անկարգ ձևով. սկզբում աղմուկով բացեց դուռը, ապա ոտքերը քստքստացնելով անհամաչափ քայլերով մտավ դասարան` իր հետևից, գրեթե գետնին քսելով, քարշ տալով կաշվե դպրոցական պայուսակը: Այսօր, հակառակ արմատացած սովորության, չէր ուշացել դասերից: 8 անց 23 րոպե էր. դեռ հինգ-տասը րոպե կար մինչև դասերի սկսվելը: Նա նույն անկանոն քայլերով շարժվեց դեպի իր նստարանը, չհասած դրան` պայուսակը նետեց սեղանի վրա և դժգոհ կեցվածքով նստեց: Շուրջ երկու րոպե աչքերը հառած պահեց հանդիպակաց պատի կենտրոնում` սև գրատախտակի վերևում կախված Վ. Ի. Լենինի մեծադիր նկարին: Ի՛նչ էր մտածում, դժվար է ասել, բայց որ Նարեկի համար այս օրը մի տեսակ տարբերվում էր մնացած բոլոր օրերից, դա Նարեկը զգացել էր դեռ վաղ առավոտյան: Նախ մի հանգամանք. այն, որ ինքն առանց որևէ մեկի միջնորդության, կամովին արթնացել էր ուղիղ 7 անց 30 րոպեին, ինչը բացառիկ դեպք էր ամբողջ 7 տարվա դպրոցական կյանքի ընթացքում, լուրջ հիմքեր էր տալիս մտածելու, որ մի բան արտասովոր է այս օրվա մեջ: