Ամբոխը` որպես սնդիկի
ահռելի զանգված` ծանր ու վտանգավոր, գլորվում էր Երուսաղեմի նեղ ու երկայն
փողոցներով: Արևը ծիկրակում էր Գողգոթայի ետևից` բորբ շողարձակումով լիզելով անցյալով վարակված պատերի հնոտի փոշին:
Մարդկային կծիկը սեղմվում էր փողոցի ակցանի մեջ, և հարյուրավոր մարդկանց ոսկորների
ճարճատյունը, աղմուկ-աղաղակը, դոփյունն ու ճիչերը արձագանքում էին հինավուրց
քաղաքում: Ոտնատակերից փոշին քուլա-քուլա ծառս էր լինում, և կուրացած մարդիկ առաջ
էին գլորվում սոսկ հոսանքին տրված: Գլխավերևում փայտյա հսկա խաչեր էին, և
դրոշակներ` կարմիր, կանաչ, սև... Ոմանց ձեռքերում լապտերներ էին և սաղմոսարաններ.
ոմանց շուրթերին օրհնություններ, ոմանց` հայհոյանք…