Showing posts with label Երրորդություն. Show all posts
Showing posts with label Երրորդություն. Show all posts

12.2.18

Ո՞ւՄ ԵՍ ԴՈՒ ՀԱՎԱՏՈՒՄ - Շավիղ 1

Հարց. Սիրելի եղբա՛յր, դու ի՞նչ հավատքի ես պատկանում:

Պատասխան. Աստծու շնորհով քրիստոնյա եմ:

Հարց. Ինչպե՞ս ես դարձել քրիստոնյա:

Պատասխան. Սուրբ Երրորդության անունով մկրտվելով ու սուրբ Ավազանից ծնվելով:

Հարց. Սուրբ Երրորդությունն ի՞նչ է, կարո՞ղ ես ինձ բացատրել:

Պատասխան. Սուրբ Երրորդությունը մարդկորեն անհասկանալի, անճառելի է, ես չեմ կարող բացատրել, բայց այսքանը կարող եմ քեզ ասել, որ Երրորդության մեջ երեք անձ կա. Հայր Աստված, Որդի Աստված և Սուրբ Հոգի Աստված. երեք անձ, որ մեկ բնություն, մեկ զորություն և մեկ աստվածություն ունեն:

Հարց. Լավ չհասկացա. մի օրինակ ցույց տուր, որ խելքս հասնի:

Պատասխան. Ահա՛ քեզ օրինակ արևը. նախ՝ արևի գունդը, երկրորդ՝ լույսը և երրորդ՝ ջերմությունը. թեպետ երեք անուն կա, բայց երեքն էլ արև անունով ենք հիշում, այսինքն՝ արևի գունդը, արևի լույսը և արևի ջերմությունը, որոնք ամբողջը մեկ արև են և ո՛չ՝ երեք, որովհետև մեկը մյուսից բաժանված չեն: Նույնպես Երրորդության մեջ երեք անուն ենք հիշում՝ Հայր, Որդի, Հոգի, բայց երեքն էլ մեկ Աստծու անունով ենք հիշում, այսինքն՝ Հայր Աստված, Որդի Աստված և Սուրբ Հոգի Աստված: Սրանք երեքն էլ մեկ են և ոչ՝ երեք Աստված, որովհետև մեկը մյուսից բաժանված չեն, և երեքը մեկ բնություն, մեկ կարողություն ունեն:

Հարց. Հիմա փոքր-ինչ հասկացա. բայց առաջին հարցիս պատասխանը տվեցիր, թե քրիստոնյա ես, ես էլ ուզում եմ հասկանալ, թե ինչ է նշանակում քրիստոնյա:

Պատասխան. Քրիստոսին հավատացող և Քրիստոսին աշակերտող:

20.3.14

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍԲ. ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆ - Մեկնություն ՀԱՎԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ աղոթքի

Հաւատով խոստովանիմ եւ երկիրպագանեմ քեզ, անբաժանելի լոյս, միասնական սուրբ երրորդութիւն եւ մի աստուածութիւն, արարիչ լուսոյ եւ հալածիչ խաւարի. հալածեա ի հոգւոյ իմմէ զխաւար մեղաց եւ անգիտութեան, եւ լուսաւորեա զմիտս իմ ի ժամուս յայսմիկ աղօթել քեզ ի հաճոյս, եւ ընդունել ի քէն զխնդրուածս իմ. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

Հավատով խոստովանում և երկըրպագում եմ Քեզ, անբաժանելի լո՛ւյս, միասնական Սո՛ւրբ Երրորդություն և Մի Աստվածություն, արարի՛չ լոյսի և հալածի՛չ խավարի, հալածի՛ր իմ հոգուց մեղքերի և անգիտութեան խավարը և լուսաւորի՛ր միտքս` աղոթելու Քեզ այժմ հաճույքով ու ստանալու Քեզանից իմ խնդրածները. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

Շնորհալի հայրապետի՝ արդեն մեզ ծանոթ այս աղոթքի երրորդ տան մեջ հավատով խոստովանանքը և երկրպագությունը ուղղվում են Ամենասուրբ Երրորդությանը։ Առաջին տան մեջ հիշատակված Աստվածային Երեք Դեմքերը այստեղ միավորվում և վերաձայնվում են՝ «Միասնական Սուրբ Երրորդություն և մի Աստվածություն», ինչը քրիստոնեական Եկեղեցու դավանաբանական հիմնական ուսմունքն է։
«Անբաժանելի լույս» – Սրանք Սուրբ Երրորդությունը հատկանշող առաջին եզրերն են։ Լույսը Ներսես հայրապետի կողմից ամենից սիրված և հետևաբար ամենաշատ գործածված բառն է։ Դժվար է գտնել իր գրություններից մի կտոր, լինի աղոթք, շարական կամ նամակ, որտեղ չերևա լույսը: «Առաւոտ լուսոյ», «Երբեմն էի լոյս», «Լոյսն որ անեղ արարչական, ասաց լինել լոյս եղական». ահա մի քանի օրինակներ: Այս բառի գործածությունը իր գերազանց ճոխությանն ու լրումին է հանգում արևագալի ժամերգության համար նրա գրված շարականներից մեկի մեջ. «Լոյս արարիչ լուսոյ, առաջին լոյս, բնակեալդ ի լոյս անմատոյց»:

29.11.13

ԵՐԵՔ ԱՆՁԻՔ և ՄԻ ԲՆՈՒԹՅՈՒՆ - Մեկնություն ՀԱՎԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ աղոթքի

Հաւատով խոստովանիմ եւ երկիրպագանեմ քեզ, Հայր եւ Որդի եւ Սուրբ Հոգի, անեղ եւ անմահ բնութիւն, արարիչ հրեշտակաց եւ մարդկան եւ ամենայն եղելոց. ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: 

Հավատով խոստովանում և երկրպագում եմ Քեզ` Հա՛յր և Որդի՛ և Սո՛ւրբ Հոգի, անստեղծ և անմա՛հ բնություն, հրեշտակների, մարդկանց և բոլոր եղածների՛ Արարիչ, ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: 


Հավատով խոստովանանքը և երկրպագությունը ուղղվում են Աստվածության երեք Անձերին։
Նկատելի է, որ երեք Անձերի համար գործածված դերանունը եզակի է՝«Քեզ»։ Առանց խորանալու աստվածաբանական հարցերի մեջ՝ պետք է հաստատել, որ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն  հավատալը քրիստոնեական կրոնի դավանանքի հիմնական առանցքն է: Սրանում է մյուս բոլոր կրոններից քրիստոնեական Եկեղեցու դավանաբանական հիմնական տարբերությունը:
Աշխարհի մյուս բոլոր կրոնները երկու հիմնական խմբերի են բաժանվում.

ա) բացարձակ միաստվածություն, ինչպիսիք են մովսիսականությունն ու մահմեդականությունը,
բ) բազմաստվածությունը, որն իր մեջ ներառում է գրեթե բոլոր մնացյալ կրոնները։

Քրիստոնեական հասկացողությամբ Աստված անձնավոր էակ է, այսինքն՝ անհունորեն բանավոր, ինքնագիտակից և ինքնակամ մի Հոգի է: Աստծո՝ Անձ լինելը, բնականաբար, անհունորեն գերազանցում է մարդկային անձնականությանը, որ Աստծո մանրանկար պատկերն է միայն։ Աստվածությունը ոչ միայն անձնական է, այլ Նրա մեջ գոյություն ունեն երեք անձեր։ Այս ճշմարտությունը մարդկությանը տրված է գերբնական հայտնությամբ։