Showing posts with label Միքայել վրդ. Գևորգյան. Show all posts
Showing posts with label Միքայել վրդ. Գևորգյան. Show all posts

19.2.14

ԿԵՆԴԱՆԻ ԼՈՒՅՍԸ ՏԱԹԵՎՈՒՄ - ՏԵՐ ՄԻՔԱՅԵԼ ՎՐԴ. ԳԵՎՈՐԳՅԱՆ

Սովորության համաձայն` Երևան վերադառնալուց առաջ այցելեցի Տաթևի վանք: Քանի որ օրը դեռ նոր էր բացվում, կարծում էի վանքի սուրբ պատերի ներսում կաղոթեմ Տիրոջը և դուրս կգամ: Սակայն վանքի Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին մտնելուց քարացա: Խունկի անուշ բույրը տարածվել էր ամենուրեք և կարծես պար բռնել արևի առաջին շողերի հետ: Շունչս պահած առաջացա և Սուրբ Գրիգոր Տաթևացու տապանաքարի մոտ ծնկած տեսա հոգևորականի: Հայր Միքայելն էր: Կարծես ականատեսն էի մարդու և Աստծո կենդանի զրույցի: Չկարողացա աղոթել, քանի որ իմ առջև մարմնացած աղոթքն էր: Երկար նայելուց հետո լուռ դուրս եկա և վերադարձա Երևան: Օրեր անց միայն ծանոթացա Հայր Սուրբի հետ: «Լույս է»,- ամբողջ օրը կրկնում էի ես` տպավորված հանդիպումից:

17.2.14

ՄԵՐ ԱՐՄԱՆԸ

Երբ կարդացի, որ Սարկավագագիրքը հայտարարում է ստեղծագործական մրցույթ՝ «Նա քահանա է» խորագրով, որոշեցի մասնակցել այդ նախագծին՝ նպատակ ունենալով չիմացող մարդկանց ցույց տալ, որ մեր Առաքելական եկեղեցու շարքերում շատ-շատ են սրբակենցաղ վարքով, իրենց հոտին, իրենց ազգին և մեր Սբ. Եկեղեցուն անմնացորդ և անկաշառ սիրով նվիրված քահանաները: Խղճում եմ աղանդավորներին, որոնք, թողնելով մեր Սբ. Եկեղեցու քահանաներին, գնում են անհայտ և կասկածելի ծագում ունեցող մարդկանց լսելու: Ոչ մեկին դատելու կամ վիրավորելու նպատակ չեմ հետապնդում, կասեմ միայն իմ զգացածի մասին. երբ որևէ աղանդի առաջնորդի եմ հանդիպում, ինձ թվում է՝ ծաղրածու եմ տեսնում: Ինչևէ, խավարի դեմ լույսով պետք է պայքարենք. 

«Ես եմ աշխարհի լույսը, ով իմ հետևից է գալիս, խավարի միջով չի քայլի, այլ կընդունի կենաց լույսը» (Հովհ. 8:12):

16.2.14

ՀԱՅՐ ՍՈՒՐԲԸ ԱՂՈԹՈՒՄ Է...

Լուսադեմ էր. լուսինը կամաց-կամաց իր դիրքերն էր զիջում: Երկնքի կապույտ ստվերները միաձույլ էին լեռնագագաթներին: Համատարած լռությունը մերթընդմերթ ընդհատվում էր գետի աղմկոտ հոսքից, մեղմ քամին իր հետ բերում էր լեռնային թարմ շունչը: Գիշերային ահագնացած ամպ-երկինքը և հորդառատ անձրևը տարածքի միակ ծառի՝ տանձենու մի քանի ճյուղեր էր պոկել, որ անկանոն ընկած էին այս ու այն կողմ: Ամեն ինչ կուսական էր, բնության մեղեդին՝ միահունչ, ամեն ինչ Աստվածադիր էր, նույնիսկ վանական համալիրը, որ այնքան խոսուն էր միջավայրի հետ ու դաջված լեռներին:

24.1.14

ՆԱ ՔԱՀԱՆԱ Է - ՏԵՐ ՄԻՔԱՅԵԼ ՎՐԴ. ԳԵՎՈՐԳՅԱՆ

Աստծուն խնդրեցինք Տա Թև` հույսի թև, լույսի թև, և Տերը Հայր Միքայել տվեց Տաթևին: Նա քահանա է... «Իրական խոնարհությունն այն է, որ ինչ շնորհ, որ մեր մեջ կա, մենք վերագրենք Աստծուն»,- հիշեցնում է Հայր Սուրբը` Տիրոջ խոնարհ ծառան: «Ո՛վ ծույլ, գնա մրջյունի մոտ և նրանից սովորիր»,- ասում է Հայր Սուրբը` մեջբերելով Սողոմոն Իմաստունի խոսքերը: «Բնության մեջ կարողացիր կարդալ Ավետարանը և Տիրոջը տես ամեն մի ծաղկի ու տերևի մեջ...»: Լույսի շողը դեռ չծագած` սկսվում է Արևագալի ժամերգությունը` Տաթևի վանքը պարուրելով անուշահոտ խունկով: «Տեր, ողորմեա...»: Այնուհետև այգում հողի աշխատանք, վանքում մաքրություն, անարատ ալյուրից հացի թխում, քարոզ և մինչ գիշեր անդադար աղոթք, ժամերգություն` հանդարտ, մեղմ ձայնով, սաղմոս` սահուն ընթերցմամբ: «Խաղաղություն ամենեցուն»: Ի զարմանս վանքում ներկաներիս`օտար զբոսաշրջիկները, որ չեն հասկանում մեր լեզուն կամ մեր հավատքից չեն, Հայր Սուրբի հետ կարծես սկսում են աղոթք մրմնջալ: «Ով իր անձը ուրանա երկրի վրա, կգտնի այն երկնքի արքայությունում»,- սովորեցնում է Հայր Միքայելը: