Աստծուն խնդրեցինք Տա Թև` հույսի թև, լույսի թև, և Տերը Հայր Միքայել տվեց Տաթևին: Նա քահանա է... «Իրական խոնարհությունն այն է, որ ինչ շնորհ, որ մեր մեջ կա, մենք վերագրենք Աստծուն»,- հիշեցնում է Հայր Սուրբը` Տիրոջ խոնարհ ծառան: «Ո՛վ ծույլ, գնա մրջյունի մոտ և նրանից սովորիր»,- ասում է Հայր Սուրբը` մեջբերելով Սողոմոն Իմաստունի խոսքերը: «Բնության մեջ կարողացիր կարդալ Ավետարանը և Տիրոջը տես ամեն մի ծաղկի ու տերևի մեջ...»: Լույսի շողը դեռ չծագած` սկսվում է Արևագալի ժամերգությունը` Տաթևի վանքը պարուրելով անուշահոտ խունկով: «Տեր, ողորմեա...»: Այնուհետև այգում հողի աշխատանք, վանքում մաքրություն, անարատ ալյուրից հացի թխում, քարոզ և մինչ գիշեր անդադար աղոթք, ժամերգություն` հանդարտ, մեղմ ձայնով, սաղմոս` սահուն ընթերցմամբ: «Խաղաղություն ամենեցուն»: Ի զարմանս վանքում ներկաներիս`օտար զբոսաշրջիկները, որ չեն հասկանում մեր լեզուն կամ մեր հավատքից չեն, Հայր Սուրբի հետ կարծես սկսում են աղոթք մրմնջալ: «Ով իր անձը ուրանա երկրի վրա, կգտնի այն երկնքի արքայությունում»,- սովորեցնում է Հայր Միքայելը: