19.2.14

ԿԵՆԴԱՆԻ ԼՈՒՅՍԸ ՏԱԹԵՎՈՒՄ - ՏԵՐ ՄԻՔԱՅԵԼ ՎՐԴ. ԳԵՎՈՐԳՅԱՆ

Սովորության համաձայն` Երևան վերադառնալուց առաջ այցելեցի Տաթևի վանք: Քանի որ օրը դեռ նոր էր բացվում, կարծում էի վանքի սուրբ պատերի ներսում կաղոթեմ Տիրոջը և դուրս կգամ: Սակայն վանքի Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին մտնելուց քարացա: Խունկի անուշ բույրը տարածվել էր ամենուրեք և կարծես պար բռնել արևի առաջին շողերի հետ: Շունչս պահած առաջացա և Սուրբ Գրիգոր Տաթևացու տապանաքարի մոտ ծնկած տեսա հոգևորականի: Հայր Միքայելն էր: Կարծես ականատեսն էի մարդու և Աստծո կենդանի զրույցի: Չկարողացա աղոթել, քանի որ իմ առջև մարմնացած աղոթքն էր: Երկար նայելուց հետո լուռ դուրս եկա և վերադարձա Երևան: Օրեր անց միայն ծանոթացա Հայր Սուրբի հետ: «Լույս է»,- ամբողջ օրը կրկնում էի ես` տպավորված հանդիպումից:

Եվ իսկապես, Տերը լույս էր ուղարկել սյունեցուն` դեպի եկեղեցին նրա ճանապարհը լուսավորելու և իր գիրկը կանչելու համար: Լույս էր, երբ Սուրբ Ծննդյան ճրագալույցի պատարագից հետո Հայր Միքայելը եկեղեցուց վերցրած ճրագը ձեռքին մտավ Տաթև գյուղի տները և մարդկանց օջախներում վառեց Քրիստոսի լույսը (Ճրագալույցի պատարագին Հայր Սուրբը մենակ էր եկեղեցում), լույս էր, երբ անկախ եղանակային պայմաններից և իր առողջական վիճակից շրջում էր շրջակա գյուղերում և քարոզում Աստծո խոսքը:
Այդ լույսը փայլում է նաև այժմ և տեսանելի դառնում նույնիսկ օտարներին: 2013 թվականին ընկերներիցս մեկը հյուր ունեցավ Ֆրանսիայից: Հյուրին պատվելու համար ընկերս նրան Տաթևի վանք տարավ: Երկու ժամ օտար լեզվով պատարագ լսելուց հետո ֆրանսիացին դուրս էր եկել ու հիացական ասել.«Եթե մկրտվեմ, ապա միայն Տաթևում և միայն Հայր Միքայելի ձեռքով»:
Անցել է մի քանի տարի Հայր Միքայելի` Տաթևի վանքում սպասավորության անցնելուց հետո: Այժմ եկեղեցին շնչում է նոր շնչով, Հայր Միքայելի շուրջը հավաքված հավատացյալներով. մանուկներով, որոնք, հեռվից նկատելով Հայր Միքայելին, «Հայր Սուրբ» բացականչելով նրա մոտ են վազում, մեծահասակներով, որոնք մեծ պատկառանքով նրա օրհնությանն են սպասում:

Ուզում եմ փառք տալ Տիրոջը մեծ պատվի արժանացնելու և Հայր Միքայելին ճանաչելու համար, նրա ժամանակակիցը լինելու և նրանից Աստծո խոսքը լսելու համար:

Նարինե Մուսայելյան
Նյութը ներկայացված է «ՆԱ ՔԱՀԱՆԱ Է» 
մրցույթի շրջանակներում:

0 արտահայտվիր:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...