24.1.14

ՆԱ ՔԱՀԱՆԱ Է - ՏԵՐ ՄԻՔԱՅԵԼ ՎՐԴ. ԳԵՎՈՐԳՅԱՆ

Աստծուն խնդրեցինք Տա Թև` հույսի թև, լույսի թև, և Տերը Հայր Միքայել տվեց Տաթևին: Նա քահանա է... «Իրական խոնարհությունն այն է, որ ինչ շնորհ, որ մեր մեջ կա, մենք վերագրենք Աստծուն»,- հիշեցնում է Հայր Սուրբը` Տիրոջ խոնարհ ծառան: «Ո՛վ ծույլ, գնա մրջյունի մոտ և նրանից սովորիր»,- ասում է Հայր Սուրբը` մեջբերելով Սողոմոն Իմաստունի խոսքերը: «Բնության մեջ կարողացիր կարդալ Ավետարանը և Տիրոջը տես ամեն մի ծաղկի ու տերևի մեջ...»: Լույսի շողը դեռ չծագած` սկսվում է Արևագալի ժամերգությունը` Տաթևի վանքը պարուրելով անուշահոտ խունկով: «Տեր, ողորմեա...»: Այնուհետև այգում հողի աշխատանք, վանքում մաքրություն, անարատ ալյուրից հացի թխում, քարոզ և մինչ գիշեր անդադար աղոթք, ժամերգություն` հանդարտ, մեղմ ձայնով, սաղմոս` սահուն ընթերցմամբ: «Խաղաղություն ամենեցուն»: Ի զարմանս վանքում ներկաներիս`օտար զբոսաշրջիկները, որ չեն հասկանում մեր լեզուն կամ մեր հավատքից չեն, Հայր Սուրբի հետ կարծես սկսում են աղոթք մրմնջալ: «Ով իր անձը ուրանա երկրի վրա, կգտնի այն երկնքի արքայությունում»,- սովորեցնում է Հայր Միքայելը:
Քարոզի փայլուն լապտեր է նրա վանական կյանքը` անսարք ավտոբուսով, պատահած ամեն մեքենայով, իր սև ու երկար սքեմը հագին, հյուծված անքնությունից, մշտական պահքից... Ժպիտը միշտ դեմքին` նա շրջում է լեռներում`ամեն գյուղ, ամեն տուն, նա սովորեցնում է մարդկանց եկեղեցական տոներ, ծեսեր, աղոթքներ, դպրոցներում կազմակերպում է հոգևոր թեմաներով խաղ-մրցույթներ: Վարդապետ, ինչքա՛ն ուրախություն ես դու բերում լեռների գյուղերում ապրող, աշխարհից կտրված երեխաներին, Տիրոջ սերը սերմանում ամեն մանուկի սրտում: Նա քահանա է. այս սուրբ բառերի իմաստը, կրակ այրող ամեն խոստովանություն լսելու դժվարին խաչը, ամենքի ցավ ու վշտով, տխրությունով ապրելը կարողանում է կրել ժողովրդական սեր վայելող Հայր Միքայելը: Այդ բեռան ծանրության տակ նա ժպտում է այնպես, որ բոլորը արև են քաղում նրանից: Նա օրհնյալ քահանա է...

Մերի Ավագյան
Նյութը ներկայացված է «ՆԱ ՔԱՀԱՆԱ Է» 
մրցույթի շրջանակներում

4 արտահայտվիր:

Unknown said...
1/24/14, 1:21 PM

Միշտ բարի ժպիտով Հայր Միքայել: Աստված օրհնի Ձեզ:

Anonymous said...
1/24/14, 5:39 PM

Խոնաար մարդ`ամեն երկրպագության կանչին չոքում է գլուխը հասցնում գետնին համբուրում հատակը

Unknown said...
6/25/18, 6:21 PM

Հայր Միքայելը մեծատառով մարդ է , մտքիցս դուրս չի գալի բարիությունն ու սերը , խոնարվու եմ Ձեր առաջ

Unknown said...
6/25/18, 6:24 PM

Մեծատառով մարդ, խոնարվում եմ Ձեր առաջ

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...