20.10.14

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ և ԴԱՏԱՍՏԱՆ - Մեկնություն ՀԱՎԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ աղոթքի


Որդի Աստուծոյ, Աստուած ճշմարիտ, որ խոնարհեցար ի հայրական ծոցոյ, եւ առեր մարմին ի սրբոյ Կուսէն Մարիամայ վասն մերոյ փրկութեան, խաչեցար, թաղեցար եւ յարեար ի մեռելոց, եւ համբարձար փառօք առ Հայր. մեղայ յերկինս եւ առաջի Քո, յիշեա զիղ որպես զաւազակն յորժամ գաս արքայութեամբ Քով. եւ ողորմեա Քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

Որդի՛ Աստծո, Աստվա՛ծ ճշմարիտ, որ խոնարհվեցիր հայրական ծոցից և մարմին առար սուրբ Կույս Մարիամից մեր փրկութեան համար, խաչվեցիր, թաղվեցիր և հարություն առար մեռելներից ու փառքով համբարձվեցիր առ Հայրը, մեղա՜յ երկնքի և Քո առաջ, հիշի՛ր ինձ, ինչպես ավազակին, երբ գաս Քո արքայությամբ. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:


Փառքով համբարձվեցիր առ Հայրը - Համբարձումը Հիսուսի պաշտոնապես հեռանալը, «վերանալն» է երկրավոր գործունեությունից՝ շարունակելու համար իր փրկարար միջնորդությունը երկնքում՝ Հոր մոտ։ Հիսուս Հարությունից հետո անմիջապես չգնաց «առ Հայր Իւր» («Իր Հոր մոտ»), այլ քառասուն օր մնաց երկրի վրա, որպեսզի նախ որոշ ժամանակ ևս դաստիարակի առաքյալներին, որոնք Իր Ավետարանի տարածողներն ու Իր Եկեղեցին հաստատողները պիտի լինեին։ Երկրորդ, առաքյալները Իր Հարության վկաներն էին լինելու, ուստի Իր համբարձումը ուշացրեց, որպեսզի նրանք հաստատապես համոզվեին, թե իրենց տեսածը ո´չ խաբկանք է, ո´չ էլ տեսիլք աչքերին, այլ նույնինքը՝ իրենց երբեմնի Վարդապետը, ում կողքին էին եղել շուրջ երեք տարի։ Քրիստոսի՝ տեսանելի կերպով երկինք համբարձվելն ու ամպերի ետևում անհետանալը իրական գործողություններ են՝ առաքյալների մտքում տպավորելու այն կարևոր ճշմարտությունը, թե ուր Հայրն է, այնտեղ էլ Որդին է գնում։ Այս կեպով Հիսուս Իր առաքյալներին ցանկացավ հասկացնել, թե այլևս տեսանելի պիտի չլինի իրենց համար, թեև անտեսնալի կերպով շարունակ իրենց հետ է լինելու մինչև աշխարհի վախճանը։

Մեղա՜յ երկնքի և Քո առաջ - Այս տողի մեկնությունը տե՛ս  ՄԵՂԱՆՉՈՒՄ հոդվածում:


Հիշի՛ր ինձ, ինչպես ավազակին… - Այս ակնարկը Հիսուսի խաչակից «բարի» ավազակի մասին է, ով հողեղենների մեջ ամենաերանելիներից մեկը եղավ, երբ իր կողքին խաչված Նազովրեցի Հիսուսի մեջ կարողացավ ճանաչել իր փրկչին և թագավորին, և Նրա ամենալքված րոպեին միակ ջատագովն ու պաշտպանը եղավ… խաչի վրայից և իր հերթին խնդրեց Նրա պաշտպանությունը՝ աղերսելով. «Յիշի՛ր ինձ, Տե՛ր, երբ գաս քո թագավորությամբ»։ Հիսուս լիովին վարձատրեց նրան նախանձելի մի խոստումով. «Ճշմարիտ եմ ասում քեզ, այսօր ինձ հետ դրախտում կը լինես» (Ղուկ. 23:43)։ Աղոթասացը ոչինչ չունի Աստծո Արքայության համար ինքն իրեն արժանի նկատելու, բացի իր հավատքից և Աստծո գութից, որը Տերը ցույց տվեց Իր կողքին խաչված ավազակի նկատմամբ։
«Երբ գաս Քո արքայությամբ» - Այն, որ Քրիստոս երկրորդ անգամ աշխարհ պիտի գա, Ավետարանների հաստատ հավաստումը և Եկեղեցու անխախտ հավատքն է. «Այս Հիսուսը, որ ձեր միջից երկինք վերացավ, պիտի գա նույն ձևով, ինչպես տեսաք նրա երկինք գնալը» (Գործք. 1:11), «Մարդու Որդին գալու է իր Հոր փառքով՝ իր հրեշտակների հետ միասին. և այն ժամանակ յուրաքանչյուրին կհատուցի ըստ իր գործերի» (Մատթ. 16:27)։ Մարդացյալ Փրկչի վերը նշված երեք մեծ տնօրինությունները՝ Մարդեղություն, Չարչարանք և Հարություն, իրենց ամբողջականացմանը պիտի հասնեն վերջին տնօրինությամբ, որը հենց Քրիստոսի Երկրորդ Գալուստն է։ Մեր Տերն Իր վերստին աշխարհ գալու ժամանակը չհայտնեց, այլ հաստատեց, որ այն անակնկալ կերպով է տեղի ունենալու. «Սակայն այդ օրվա և ժամի մասին ոչ ոք չգիտե. ո՛չ հրեշտակները երկնքում և ո՛չ էլ՝ Որդին, այլ միայն՝ Հայրը» (Մարկ. 13:32): Որպես երկրորդ գալստյան նախանշաններ՝ Հիսուս հաստատեց, որ սուտ մարգարեներ պիտի ելնեն, որոնք նորանոր ուսմունքներով շատերին պիտի մոլորեցնեն, նույնիսկ՝ «ընտրյալներին»։ Ազգերի միջև տեղի է ունենալու արտասովոր ու համաշխարհային բախումներ, որոնց հետևանքով սով և տեսակ-տեսակ ժանտախտներ են տարածվելու։ «Փողի» ձայնից մեռելները հարություն պիտի առնեն և հավաքվեն Քրիստոսի ներկայության մեջ որպես իրենց դատավորի։ Քրիստոս առաջին անգամ եկավ որպես խոնարհ ու հեզ փրկիչ և իրեն ենթարկեց մարդկային տկարությունների՝ լացի, ծարավի, չարչարանքի, իսկ երկրորդ անգամ գալու է իբրև արդար դատավոր, ով Իր աստվածային իշխանությամբ յուրաքանչյուրին բաշխելու է իր հավիտենական վարձքը կամ պատիժը՝ երկրի վրա ապրած նրանց կյանքի և գործի համաձայն։ Ամենքին իրենց համար սահմանված ճակատագրին հանձնելուց հետո, այսինքն՝ մեղավորներին՝ «հավիտենական տանջանքի» և արդարներին՝ «հավիտենական կյանքի», Քրիստոս Իր Արքայությունը պիտի հանձնի Հորը՝ դրանով ցույց տալով, որ Իր միջնորդական և փրկագործական տնօրինություններն իրենց ավարտին հասան։ 

Ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս - Այս տողի մեկնությունը տե՛ս ԱՐԱՐԱԻՉ ԱՍՏԱՎԱԾ հոդվածի մեջ:

0 արտահայտվիր:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...