Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին իր տոնակարգի մեջ մի գեղեցկագույն ծիսական արարողություն ունի՝ ԴՌՆԲԱՑԵՔԸ, որ միշտ կատարվում է Ծաղկազարդի Կիրակիի երեկոյան՝ ժամերգության ավարտին (ծիսակարգը կատարվում է նաև նորակառույց եկեղեցու բացման արարողության ժամանակ): Հոգեզմայլ շարականներով, Սուրբգրային՝ միտքն ու հոգին սթափեցնող տեղիներով զարդարված այս արարողությունը կարծես խորհրդավոր նախամուտք լինի, որ ուղեկցում է դեպի Քրիստոսի չարչարանքների Ավագ շաբաթը: Այն կոչվում է «դռնաբացեք» (թրգմ. դուռ բացելու արարողություն), քանի որ անմիջականորեն կապ ունի դռան հետ. դռնբացեքը որպես կանոն կատարվում է եկեղեցու դռների առաջ, երբեմն նաև եկեղեցու գավթի դռան առաջ (այսօր հաճախ կարելի է տեսնել նաև Խորանի վարագույրի առաջ կատարվող արարողությունը): Այդ դուռը կամ վարագույրը խորհուրդն ունեն Երկնքի արքայության դռների, որոնցից դեպի դուրս ժողովուրդը իր հոգևորականի շուրթերով խնդրում է Աստծուն ներս թողնել դեպի Արքայություն: Դռների կամ վարագույրի հակառակ կողմից մեկ այլ հոգևորական, ասես Աստվածային ձայնը խորհրդանշելով, հարց ու պատասխանի մեջ է մտնում «արտաքին աշխարհում» մնացածների հետ, ինչի արդյունքում ծիսակարգի ժամանակ մեր առջև է կանգնում Ահեղ Դատաստանի այս գեղեցիկ մանրակերտը, որ այժմ ներկայացնում եմ արևելահայերեն փոխադրումով.
Ժամերգության ավարտին զգեստավորված քահանան աղիողորմ ձայնով (քանի որ երկրորդ գալուստի և դատաստանի օրվա խորհուրդն է) սկսում է երգել:
- Բաց մեզ Տէր, բաց մեզ Տէր, բաց մեզ Տէր
Եվ քահանաներից մեկը ներսից պատասխանելով ասում է.
- Ո՞վ են սրանք, որ բացեմ, քանի որ այս դուռը Տիրոջինն է, և արդարներն են մտնում սրանով:
Եվ քահանան դրսից պատասխանում է.
-Ոչ միայն արդարն են մտնում, այլ նաև մեղավորները՝ խոստովանությամբ ու ապաշխարությամբ արդարանալով: