Showing posts with label Համբարձում. Show all posts
Showing posts with label Համբարձում. Show all posts

19.2.18

ԽԱՉԵԼՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՒ ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ - Շավիղ 8

Հարց. Լա՛վ, հասկացա, որ Հիսուսը եղբայր չունի: Բայց այդ միջոցին ո՞ւր գնացին Հիսուսի աշակերտները:

Պատասխան. Բոլորն էլ թողեցին և փախան:

Հարց. Իսկ ի՞նչ եղավ չարագործ Հուդան:

Պատասխան. Հուդան իր չարությունը կատարելուց հետո, երբ իմացավ, որ Հիսուսի խաչելու հրամանագիրը գրվել է, այդժամ շատ զղջաց և ստացված արծաթը տարավ քահանայապետներին տվեց և ասաց. «Ես մեղավոր եմ, Նրան իզուր տեղը մատնեցի»: Նրանք արծաթը ետ չվերցրեցին, ուստի արծաթը տաճարի մեջ գցեց, հուսահատությունից գնաց ու կախվեց (Մատթեոս ԻԷ 5):

Հարց. Ի՞նչ արեցին արծաթը հրեաները:

Պատասխան. Արյան գին լինելու պատճառով գանձանակի մեջ չընդունեցին և դրանով գնեցին բրուտի ագարակը՝ որպես գերեզման օտարների համար:

Հարց. Նախապես գրված կա՞ր այդ մասին:

Պատասխան. Այո՛, Երեմիա մարգարեն է գրում. «Արյան գինը երեսուն արծաթ առան և բրուտի այգու համար տվեցին, ինչպես որ Տերը հրամայեց ինձ» (հմմտ. Երեմիա ԼԲ 9):

20.10.14

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ և ԴԱՏԱՍՏԱՆ - Մեկնություն ՀԱՎԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ աղոթքի


Որդի Աստուծոյ, Աստուած ճշմարիտ, որ խոնարհեցար ի հայրական ծոցոյ, եւ առեր մարմին ի սրբոյ Կուսէն Մարիամայ վասն մերոյ փրկութեան, խաչեցար, թաղեցար եւ յարեար ի մեռելոց, եւ համբարձար փառօք առ Հայր. մեղայ յերկինս եւ առաջի Քո, յիշեա զիղ որպես զաւազակն յորժամ գաս արքայութեամբ Քով. եւ ողորմեա Քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

Որդի՛ Աստծո, Աստվա՛ծ ճշմարիտ, որ խոնարհվեցիր հայրական ծոցից և մարմին առար սուրբ Կույս Մարիամից մեր փրկութեան համար, խաչվեցիր, թաղվեցիր և հարություն առար մեռելներից ու փառքով համբարձվեցիր առ Հայրը, մեղա՜յ երկնքի և Քո առաջ, հիշի՛ր ինձ, ինչպես ավազակին, երբ գաս Քո արքայությամբ. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:


Փառքով համբարձվեցիր առ Հայրը - Համբարձումը Հիսուսի պաշտոնապես հեռանալը, «վերանալն» է երկրավոր գործունեությունից՝ շարունակելու համար իր փրկարար միջնորդությունը երկնքում՝ Հոր մոտ։ Հիսուս Հարությունից հետո անմիջապես չգնաց «առ Հայր Իւր» («Իր Հոր մոտ»), այլ քառասուն օր մնաց երկրի վրա, որպեսզի նախ որոշ ժամանակ ևս դաստիարակի առաքյալներին, որոնք Իր Ավետարանի տարածողներն ու Իր Եկեղեցին հաստատողները պիտի լինեին։ Երկրորդ, առաքյալները Իր Հարության վկաներն էին լինելու, ուստի Իր համբարձումը ուշացրեց, որպեսզի նրանք հաստատապես համոզվեին, թե իրենց տեսածը ո´չ խաբկանք է, ո´չ էլ տեսիլք աչքերին, այլ նույնինքը՝ իրենց երբեմնի Վարդապետը, ում կողքին էին եղել շուրջ երեք տարի։ Քրիստոսի՝ տեսանելի կերպով երկինք համբարձվելն ու ամպերի ետևում անհետանալը իրական գործողություններ են՝ առաքյալների մտքում տպավորելու այն կարևոր ճշմարտությունը, թե ուր Հայրն է, այնտեղ էլ Որդին է գնում։ Այս կեպով Հիսուս Իր առաքյալներին ցանկացավ հասկացնել, թե այլևս տեսանելի պիտի չլինի իրենց համար, թեև անտեսնալի կերպով շարունակ իրենց հետ է լինելու մինչև աշխարհի վախճանը։

Մեղա՜յ երկնքի և Քո առաջ - Այս տողի մեկնությունը տե՛ս  ՄԵՂԱՆՉՈՒՄ հոդվածում:


Հիշի՛ր ինձ, ինչպես ավազակին… - Այս ակնարկը Հիսուսի խաչակից «բարի» ավազակի մասին է, ով հողեղենների մեջ ամենաերանելիներից մեկը եղավ, երբ իր կողքին խաչված Նազովրեցի Հիսուսի մեջ կարողացավ ճանաչել իր փրկչին և թագավորին, և Նրա ամենալքված րոպեին միակ ջատագովն ու պաշտպանը եղավ… խաչի վրայից և իր հերթին խնդրեց Նրա պաշտպանությունը՝ աղերսելով. «Յիշի՛ր ինձ, Տե՛ր, երբ գաս քո թագավորությամբ»։ Հիսուս լիովին վարձատրեց նրան նախանձելի մի խոստումով. «Ճշմարիտ եմ ասում քեզ, այսօր ինձ հետ դրախտում կը լինես» (Ղուկ. 23:43)։ Աղոթասացը ոչինչ չունի Աստծո Արքայության համար ինքն իրեն արժանի նկատելու, բացի իր հավատքից և Աստծո գութից, որը Տերը ցույց տվեց Իր կողքին խաչված ավազակի նկատմամբ։