Հովհաննես ընթերցողի առաջարկով
այսօր կմեկնենք մի փոքրիկ տող Աստվածաշնչից, որը թեև գիտեն գրեթե բոլորը, սակայն
ոչ բոլորն են ճիշտ հասկանում ու մեկնաբանում:
Եթե մեկը քո աջ ծնոտին ապտակ տա, նրան մյո՛ւսն էլ դարձրու (Մատթ. 5:39):
Սուրբգրային այս տեղիի նախապատմության
մասին մանրամասներ կարող եք ընթերցել Notatetr-ի` ԹԱԼԻՈՆԻ ՕՐԵՆՔ-ը հոդվածում, իսկ
ես այսօր կբավարարվեմ ներկայացնելով 2 միմյանց փոխլրացնող մեկնություն:
- Նախ «աջ ծնոտին ապտակ տալու» վերաբերյալ հատվածը (ինչպես և աստվածաշնչյան ցանկացած հատված) անհրաժեշտ է ընթերցել առանց կոնտեքստից կտրելու, իսկ այդ պարագայում տողից առաջ կարդում ենք Քրիստոսի հետևյալ միտքը` «Իսկ ես ձեզ ասում եմ. չարին հակառակ չկանգնե՛լ», ինչը միանգամից բացահայտում է «ապտակին» չընդդիմանալու իմաստը` այն է չարությանը չարությամբ չպատասխանել: Պատճառն այն է, որ նման հակազդեցությունը գրեթե երբեք դրական ելք չի կարող ունենալ, այլ ավելի պիտի խորացնի խնդիրը: «Ինչպե՞ս թե,- կհարցնեք դուք,- ինձ ապտակեն, և ես ոչ մի ծպտուն չհանե՞մ, թշնամին հարձակվի ինձ վրա և ես չպաշտպանե՞մ ինքս ինձ»: Եթե սառը դատեք և ոչ տաքարյուն ու զգացմունքային, ապա իրականում ապտակին ապտակով պատասխանելն ավելի հեշտ է, քան ստացած ապտակը ներելն ու մոռանալը, սակայն դրանցից այս երկրորդն է քրիստոնեականը` չարին ոչ թե պատասխանել չարությամբ, այլ ընդհակառակը` բարությամբ. չէ՞ որ ինչ ուժով որ սեղմես զսպանակին, նույն ուժով էլ այն պիտի ետ մղվի և հակազդի, բայց պատկերացրու դու ինքդ կարող ես գործել ֆիզիկայի օրենքին հակառակ, գործել Աստծո օրենքի համաձայն: Նման քայլն ի զորու է փոխել չարը դեպի բարին և լուծել առաջ եկած խնդիրը:
- Աստվածաշնչյան այս հատվածը, սակայն, ունի մեկ բացատրություն ևս, որը շատ կիրառական է: Այն ինչ-որ առումով լրացնում է նախորդ կետին: Եկեք մի փորձ անենք. ինչ-որ մեկին կանգեցնում ենք մեր առջև և փորձում իրակականացնել Քրիստոսի ասածը` խնդրում ենք դիմացինին աջ ձեռքով ապտակել մեր աջ այտին (ծնոտին): Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է: Բացառվում է: Աջ ձեռքով ձախ այտին կարելի կլինի ապտակել, աջին`միայն այն դեպքում, երբ ապտակը ոչ թե ձեռքի ափով է, այլ հակառակ կողմով, ձեռքի արտաքին երեսով: Հետաքրքիր է, բայց Մերձավոր Արևելքի երկրներում նմանատիպ ապտակ կարող էր տալ միայն հայրը զավակին, եղբայրը` եղբորը, մի խոսքով հարազատը` հարազատին: Հետևաբար, երբ Քրիստոս ասում էր «Եթե մեկը քո աջ ծնոտին ապտակ տա, նրան մյո՛ւսն էլ դարձրու», նկատի չուներ սերիական մարդասպանին, թշնամի երկրին կամ օտար մեկի, ով ապտակ է տալիս քեզ, այլ հատկապես նրանց, ովքեր մեր հարազատներն են, մեր հավատակիցները, քույրերն ու եղբայրները: Պատահական չէ, որ լերան քարոզը ուղղված էր հենց 12 առաքյալներին: «Հարազատի, եղբոր ապտակին ապտակով պատասխանել պետք չէ,- այլաբանությամբ ասում է Քրիստոսը, անհրաժեշտ է ներել, ներել Քրիստոսի սիրով:
Հուսամ մեկնությունը օգտակար կլինի:
Եթե ունեք մեկնության կարոտ Ձեր աստվածաշնչյան հատվածը, անցե՛ք այս հղումով`
13 արտահայտվիր:
Տեր Հայր ջան, առավել լավ մեկնություն դեռ չէի լսել: Հիանալի է.. Ամենամատչելի, պարզ ու միառժամանակ խորիմաստ կերպով մեկնել եք:
Շնորհակալություն:
Համամիտ չեմ այդքան, ինձ թվում է , որ, աջ ձեռքով կամ ձախ ձեռքով , կամ աջ և ձախ ձեռքի հակառակ կողմով, էականը դա չէ, այլ այն , որ դա ավելի շատ միջանձնային բնույթ է կրում , և ոչ դատական ,հանրային և հասարակական, այլ ավելի կոնկրետ անհատական հարաբերություններում, այստեղ Քրիստոս ներողամտության ընթացքը և հեզության ոգին հասցնում է մինչև վերջին ծայրը և հրամայում է աջ երեսին ապտակողին , ձախն էլ դարձնել, բաճկոնը հափշտակողին`շապիկն էլ տալ(Ղուկ.Զ 29), մեկ մղոն պարտադրողի հետ երկու մղոն գնալ, որևէ ուզողին ոչ չասել, փոխ ուզողից երես չդարձնել: Սրանք ինչպես հասկանում ենք ծայրագույն ներողամտության արտահայտություններ են, որոնք միայն բարձրագուն առաքինությամբ կարող են իրականանալ: Բայց և այնպես չի էլ կարելի տառացի հասկանալ ինչպես աչքը հանելու և և ձեռքը կտրելու պարագայում: Այստեղ միայ ու միայն խոսքը գնում է անհատական ու անձնական հարաբերությունների տեսակետից, և այսպես այս իմաստով ստույգ է , որ փոխադարձ պահանջների և վրեժխնդրության ոգին շատուշատ վնաս է հասցնում, որին հակառակ ամենափոքր ներողամտությունն ու բարեսեր զգացումն էլ բավական է չարի առաջն առնելու և բարությանը նպաստելու համար:
@John Doe ջան անշուշտ համաձայն եմ, որ Քրիստոս ցույց էր տալիս խոնարհության կատարելագույն տարբերակը` հասկացնելով որ «կրակը կրակով չես մարի, այլ` ջրով» /Սուրբ Հովհան Ոսկեբերան/, բայց միևնույն ժամանակ հարց է առաջանում, թե ինչպե՞ս վարվել, երբ թշնամին զենքը ձեռքին գրավելով տարծքները ոչնչացնում է քո պատմությունը, սրբությունները, սպառնում է քեզ ու հարազատներիդ... Գիտես, որ գոնե մեր ժողովրդի պատմության ընթացքում սա ստվերի պես հետևել է մեզ: Արդյո՞ք այս դեպքում էլ է Աստվածորդին հորդորում հեզ լինել ու խոնարհ կատարելապես: Կարծում եմ` ոչ: Քրիստոս ինքն էլ է ասում, որ «Ովքեր սուր են վերցնում, սրով կ՚ընկնեն» /Մատթ. 26:52/: Բացի այդ երբ քահանայապետների ատյանում Տիրոջը հարցաքննում էին, ծառան ապտակեց Հիսուսին, բայց Տեը մյուս երեսը չդարձրեց, այլ ընդհակառակը, հանդիմանեց ասելով` «Եթե վատ խոսեցի, վկայի՛ր վատի մասին, իսկ եթե լավ՝ ինձ ինչո՞ւ ես խփում» /Հովհ. 18:22-23/: Բացի այդ ինձ միշտ զարմացրել է, թե ինչու է Որդին շեշտում «աջ ծնոտը», դա պատահական չի կարող լինել, պիտի ունենա իր բացատրությունը: Ինձ համար միակ բացատրությունը մնում է այն, որ խոսքը` ուղղված առաքյալներին, հենց առաքյալների, միմյանց հարազատ, քրիստոնյա, եղբայրացած մարդկանց մասին էր և ոչ անծանոթ անցորդների: Եվ ի վերջո ընդունեք այս վերջին խրատս որպես հոգևորականի խրատ. եկեք նախ սիրենք մերձավորին, հետո նոր փորձենք սիրել թշնամուն, եթե ավելի հեշտը չենք կարողանում անել, ապա կեղծավոր կլինենք ավելի դժվարն անելիս: Շնորհակալ եմ հարցի համար:
Համերա՛շխ եղեք միմյանց հետ. մի՛ մեծամտացեք, այլ խոնա՛րհ եղեք խոնարհների հանդէպ. դուք ձեզ իմաստունի տեղ մի՛ դրեք. մեկի չարի փոխարեն չար մի՛ հատուցեք. խորհեցե՛ք բարին՝ բոլոր մարդկանց առաջ. ինչ չափով հնարավոր է ձեզ համար, բոլոր մարդկանց հետ խաղաղություն պահեցե՛ք. ինքներդ վրեժխնդիր մի՛ եղեք, սիրելինե՛ր, այլ թո՛ւյլ տվեք, որ Աստծու բարկությունը կատարի այն. որովհետև գրված է. «Իմն է վրեժխնդրությունը, և ես կհատուցեմ», - ասում է Տերը (Հռոմ. 12:16-19)
Շնորհակալություն բացատրության համար Տէր Հայր, իմ տեղադրածս էլ հենց այդ է վկայում, ինչ դուք մեկնում եք, որ կրում է անհատական բնույթ`միջանձնային, ի միջի այլոց այդ մեջբերել եմ դա Մաղաքիա Արքեպիսկոպոս Օրմանեանի "Չորս Ավետարանների Մեկնությունը" գրքից, ուղղակի աջ և ձախ ծնոտի պարագայի հետ համաձայն չեմ , դա էական չէ, օրնակ Ղուկասի մոտ չի շեշտվում աջն ու ձախը, իսկ մնացած հարցերում լիովին համաձայնվում եմ, և իսկապես շատ հաճախ հենց մեր մերձավորներին ենք թշնամի համարում կամ դարձնում, ինձ թվում է որ մեր Տէրը հենց առաջին հերթին դա է նկատի ունեցել....
Նոր Կտակարանի հենց տեքստերն են հարյուրամյակների ընթացքում ցնցում մարդկանց միտքը` հիմնավորապես վերափոխելով մարդկանց մի մասի կյանքը և զարմանք ու նույնիսկ անհամաձայնություն հարուցելով մյուս մասի մեջ: Ակնհայտ է, որ Տիրոջ վկայակոչած խոսքերն իրենց մեջ ամփոփում են մի բարձրագույն բարոյական իդեալի օրինակ, որի նմանը մենք չենք գտնում բարոյագիտական, կրոնական կամ փիլիսոփայական ոչ մի հայտնի համակարգի մեջ, ներառյալ Հին Կտակարանը: Տիրոջ խոսքը ոչ մի բանի հետ համեմատելի չէ և ոչ մի ուրիշ բանի նման չէ: Դափակուղու առաջ է կանգնեցնում մարդուն.այդ ինչպե՞ս աջ ծնոտիս են խփում, և ես պետք է ձախս էլ դարձնեմ: «Դա ինձ համար չէ»,- կասեն բոլոր նրանք, ովքեր սովոր են կյանքում իրենց համար ճանապարհ բացել բռունցքով: Իսկ
ոմանք էլ, թերևս,կնշեն. «Ներեցեք, սակայն այստեղ հակասություն կա Ավետարանի մյուս տեղերի հետ»: Քանզի հայտնի է, որ Լեռան քարոզից հետո Հիսուսը ցասումով մերկացրեց հրեական օրենսգետների և փարիսեցիների անարդարությունն ու երեսպաշտությունը, մարտահրավեր նետելով իշխանության այն ժամանակվա համակարգին և այն գաղափարներին, որոնց վրա խարսխված էր այդ համակարգը: «Մի՞թե դա նման է չարին չհակառակվելուն»,- կհարցնիկասկածողը: Ավելին` Ավետարանը երկու անգամ պատմումէ, թե ինչպես «Հիսուսը մտավ տաճար և դուրս հանեց բոլոր նրանց, որ տաճարի մեջ վաճառում ու գնումներ էին անում.նա շուռ տվեց լումայափոխների սեղան ներն ու աղավնա վաճառների աթոռները» (Մատթ. ԻԱ 12), և «և չվանից խարազան շինեց ու բոլորին տաճարից դուրս հանեց. նաև` ոչխարներն ու արջառները.իսկ լումայափոխների դրամները ցիրուցան արեց և նրանց սեղանները շուռ տվեց...» (Հովհ Բ 15):Այս տեքստերի քննադատները այստեղ հակասություն են տեսնում Փրկչի խոսքերի և արարքների միջև: Սակայն, Քրիստոսի պատվիրանների իմաստը պարզաբանելու համար հարկավոր է ոչ միայն նկատի ունենալ, թե այդ պատվիրանները ինչի՞ մասին են խոսում, այլև այն, թե ինչի՞ մասին չեն խոսում: Իսկ դրանք, օրինակ, չեն խոսում այն մասին, որ մարդը պետք է կամովին մեկուսանա չարից և ոչ մի դիմադրություն ցույց չտա նրան և հրաժարվի նրա դեմ պայքարելուց: Վերը բերված դրվագում Տերն ինքն է մեզ տալիս չարի մերկացման և նշավակմանօրինակ: Երբ Փրկիչը մեզ կոչ է անում հարվածին հարվածով և չարին
չարով չպատասխանել, երբ նա ուսուցա նում է սիրել թշնամուն,նա բնավ էլ կրավորականություն չի քարոզում չարի նկատմամբ որպես այդպիսին: Նրա խոսքը չպետք է հասկանալ որպես չարին անձնատուր լինելու կոչ: Այլ Տերն ասում է, թե ինչ
միջոցներ պետք չէ գործադրել գերիշխող չարի դեմն առնելու համար: Եվ իրոք, ի՞նչ կհետևի, եթե մենք, հարված ստանալով, նույն բանով պատասխանենք: Հայտնի է Նյուտոնի օրենքը, որի համաձայն ազդեցութ յան ուժը հավասար է հակազդեցության ուժին: Այս օրենքը որոշակի չափով կիրառելի է ոչ միայն ֆիզիկական ուժերի բախման համար: Ամեն մի պատասխան հարված անխուսափելիորեն նոր, հանդիպական հարված է ծնում այնքան ժամանակ, մինչև որ բռնության, չարության և ատելության խորացումը մեծ աղետի հանգեցնի:
Մի՞թե այդպիսին չէ մեր ընտանեկան,հասարակական,ազգամիջյան բախումների մոդելը: Եթե դիմակայությունը ավելի ու ավելի ծայրահեղ և անզիջում է դառնում, եթե նրա մեջ ատելությունն ու բռնությունը գնալով ավելանում են,եթե փոխադարձ թշնամանքի հանգույցը ավելի ու ավելի է ձգվում, ապա ինչ-որ մեկը պետք է առաջինը կանգ առնի:
Որովհետև` միայն կանգ առնելով կարելի է խորհրդածել տեղիու ունեցող իրադարձությունների պատճառների մասին և ելք գտնել անկանոն իրավիճակից դուրս գալու համար: Սակայն կանգ առնել` նշանակում է հարվածին չպատասխանել, կրել վիրավորանքը, այսինքն, ըստ էության, ասես թե մյուս ծնոտն էլ դարձնել.
այսինքն` դու ինձ հարվածեցիր, բայց ես իմ մեջ ուժ գտա պատասխան հարվածը չհասցնելու: Մարդիկ այդ իմաստությանը հասնում են իրենց կյանքի սարսափելի փորձով: Բավական է հիշել հետխորհրդային տարածքում 90-ական թվականներին տեղի ունեցած դաժան բախումները: Որ քա՜ն արյուն հեղվեց, և թշնամական կողմերից մեկը միշտ անպայման ձգտում էր ռևանշ վերցնել, վրեժ լուծել պարտության համար և իր օգտին փոխել իրադարձությունը: Տեղային պատերազմնեը ամբողջ ժողովուրդների է դարձրել արյունալի և անելանելի վիճակի պատանդներ: Սակայն կողմերից մեկը միշտ կանգ է առել: Ոչ այն պատճառով, որ ուսուցանվել է Ավետարանով, այլ այն պատճառով, որ հասկացել է`շարունակելն արդեն ինքնաոչնչացում է: Եվ մրցակիցներից մեկն ինչ-որ մի պահի «մյուս ծնոտն է դարձրել»: Ցանկացողին Աստված այդպես առաջնորդում է, իսկ չցանկացողին`քարշ է տալիս: Սակայն մի՞թե պետք էր տառապանքների ու վշտի բաժակը մինչև մրուրը խմել, որպեսզի ստիպված լիներ ճանաչել մեր Փրկչի հռչակած ճշմարտության արդարացիոթյունը: Չարին հնարավոր չէ հաղթել չարի ուժով: Տերը ոչ թե մարդկային թուլությունն է քարոզում որպես օրինակ,և ոչ թե մեզ կրավորական տառապանքի կոչ է անում, այլ մեզ ուսուցանում է, որ բռնությունը չի կարող սահման դնելն չարին և հարթել թշնամանքը: Մի ուրիշ բան էլ կա, որի մասին հարկ է ասել և որի մասին հարկ է մտածել: Այնպես չէ, որ մեր հակառակորդը միշտ անպայման անարդարության կրող է: Մենք առավել հաճախ մեզ ենք համարում արդարության կրողներ, իսկ մեզ հետ
բախման մեջ գտնվողներին բոլորին անպայման նույնացնում ենք անարդարության չարի հետ: Իսկ չէ՞ որ դա կարող է բնավ էլ այդպես չլինել: Քանի որ բարու և չարի նկատմամբ մեր հայացքը կարող է շատ սուբյեկտիվ լինել, իսկ մեր անձնական թշնամին կարող է միևնույն ժամանակ Աստծո թշնամին չլինել: Ուստի հարկ է հիշել, որ երկնային թագավորի առջև բոլոր մարդիկ հավասար են: Տիրոջ կողմից ուղարկվող
անձրևը ոռոգում է և՛ բարեպաշտներին, և՛ մեղսագործներին, իսկ արեգակը հավասարապես լույս է տալիս ինչպես առաջիններին, այնպես էլ երկրորդներին: Քանզի յուրաքանչյուր մարդ Աստծո որդի ու արարած է և երկնային Հոր սիրելին:
Եվ եթե փորձենք մարդկային հարաբերություններին նայել այդ տեսանկյունից, ապա միգուցե պարզվի, որ այդ մարդկանց հետ մեր փոխհարաբերություններում չարությունն ու թշնամանքը ակնհայտորեն լավագույն միջոցը չեն բախման արդարացի կարգավորման և ճշմարտության հաստատման համար: Սուրբ Հովհան Ոսկեբերանը սերն անվանում է բոլոր բարիքների արմատը, աղբյուրը և մայրը: Իսկ ի՞նչ բան է սերը: Սիրո համապարփակ սահմանում երևի թե չկա, չնայած նրա մասին ավելի շատ բան է ասված, քան մեկ այլ մարդկային զգացմունքի մասին: Սակայն միանգամայն պարզ է, որ սիրո հասկացությունը ենթադրում է մարդկանց կապող ինչ-որ մի ուժի առկայություն: Սերն ինչ-որ իմաստով իրոք մի ուժ է, որը մարդուն ձգում է դեպի մեկ ուրիշ մարդը կամ նրանց կապում, միավորում է միմյանց հետ: Սակայն թշնամու նկատմամբ սիրո գաղափարը դժվարությամբ է յուրացվում: Եվ իրոք, եթե սերը մարդկանց կապող ուժ է, ապա ինչպե՞ս է հնարավոր միավորվել հակառակորդի
հետ: Այդ մարդը թեկուզ և այն քան էլ վատը չէ, թեկուզ և չարի մարմնացում և անարդարության կրող է, սակայն եթե նա ինձ համար հակակրելի է, ապա ինչպե՞ս է հնարավոր սիրել նրան: Այս նորկտակարանյան տեքստում, անկասկած, Աստծո գաղտնիք է թաքնված, որը, ինչպես երևում է, կռահել կարող է ոչ այնքան բանականությունը, որքան փորձը: Տիրոջ խոսքը մեզ մտցնում է մի այնպիսի հոգևոր իրողության մեջ, որը մարդու առջև բացվում է միայն ներսից, խորքից, ներքին կյանքի փորձից: «Աստված սեր է»,- վկայում է Սուրբ Գիրքը (Ա Հովհ. Դ 8): Եվ եթե մենք մեր գոյության կենտրոնում դնում ենք ոչ թե մեր սեփական «ես»-ը, ինչպես դա առավել հաճախ է լինում, այլ Աստծուն, ապա մարդու կյանքում գերիշխողը դառնում է ս րը:
Չէ՞ որ մեր սրտում ապրող Աստված իրեն միշտ հայտնի է դարձնում, Իր ուժն ու շնորհն է տալիս մեզ: Սերն այդպես դառնում է մեր գոյության տարերքը, մեր ապրելակերպը և մտածողության եղանակը: Եվ այս դեպքում, միգուցե, հարկ է այլ կերպ դնել հարցը. իսկ այդպիսի մարդը կարո՞ղ է արդյոք չսիրել ուրիշ մարդկանց, այդ թվում իրեն անիծողներին և ատողներին, վիրավորողներին և հալածողներին:
Իհարկե, մերձավորի նկատմամբ սերը շատերի համար անիրագործելի, անհասանելի իդեալ է: Սակայն եթե մենք մեր առջև նպատակ դնենք ընդառաջ ելնել այդ իդեալին,
աստիճանաբար դեպի այն շարժվել ատելությունից հրաժարվելու, մեր հոգու մեջ ուրիշ մարդու նկատմամբ կարեկցանք, ըմբռնում և գութ հանդես բերելու, գթասիրությամբ բարի գործեր կատարելու միջոցով, ապա մեր կյանքը որքա՜ն հրաշալիորեն կփոխվի:
Եվ եթե մեզ տրված էլ չլինի հասնել մեր թշնամու նկատմամբ սիրո բարձունքին, ապա, միևնույնն է, կյանքում ընթանալով մեզ պատվիրված ուղիով` մենք հոգևոր առումով
անխուսափելիորեն կվերափոխենք և՛ մեզ, և՛ մեր հարաբերությունները մեր մերձավորների հետ:
Տեր Հայր ջան, ահա, համենայնդեպս ինձ համար` սիրո համապարփակ սահմանումը, թեև խոստովանեմ, որ այսպսի վիճակի հասնելը խիստ դժվար է "Եթե խոսեմ մարդկանց լեզուները եվ հրեշտակներինը, բայց սեր չունենամ, կնմանվեմ մի պղնձի, որ հնչում է, կամ` ծնծղաների, որ ղողանջում են: Եվ եթե մարգարեություն ունենալու շնորհ ունենամ եվ հասկանամ բոլոր խորհուրդներն ու ամբողջ գիտությունը, եվ եթե ունենամ ամբողջ հավատը` մինչեվ իսկ լեռները տեղափոխելու չափ, բայց սեր չունենամ, ոչինչ եմ: Եվ եթե իմ ամբողջ ունեցվածքը տամ աղքատներին եվ իմ այս մարմինը մատնեմ այրվելու, բայց սեր չունենամ, ոչինչ չեմ շահի: Սերը համբերող է , քաղցրաբարո է . սերը չի նախանձում, չի ամբարտավանանում, չի գոռոզանում, չի հանդգնում, իրենը չի փնտրում, չի գրգռում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության վրա. ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, ամբողջովին հույս է տածում, ամեն բանի համբերում : Սերը երբեք չի սպառվում. թէ մարգարեություններ են, պիտի չքանան. թէ լեզուներ` պիտի լռեն. թէ գիտություն` պիտի անցնի. քանզի շատից քիչը գիտենք եվ շատից քիչն ենք մարգարեանում: Իսկ երբ գա կատարյալը, շատից քիչը կանհետանա:... Պողոս Առաքյալ, Կորնթացիներին, գլուխ ԺԳ, Օրհներգ Սիրո ."
@John Doe անշուշտ այս խոսքերի առջև ծնկի պիտի իջնի մարդկային ամեն մի էակ:
Ես մոռացա նշել որ երջին 3 մեկնաբանությունները Ռուսաց Կիրիլ պատրիարքի «Հովվի Խոսքը» գրքից են:
Ես հենց նոր Ձեր նամակն էի կարդում ուղղված ձեր սիրելի կնոջը` նոր տարվա առիթով, անկեղծ ասած աչքերիցս արցունքներ էին գնում կարդալու ժամանակ, ես այսպիսի նվիրվածություն և սիրո համարձակ դրսևորում դեռ չէի հանդիպել, այդ ձեր տողերն էլ մտցնում եմ իմ պատկերացումների` սիրո համապարփակ սահմանման մեջ :), և սրտանց ցանկանում և աղոթում եմ, որ Տիրոջ օրհնությունը, հովանավորությունը, հաճությունը անպակաս լինի, պահպանի ձեր ընտանիքը ամեն չարից և փորձություններից. ամեն
Հ.Գ. Ես Ձեզանով շատ եմ հպարտանում Տեր Հայր ջան:
Գնահատելու համար շնորհակալ եմ, մանվանդ որ վերջերս քննադատեցին :))), բայց պարծենալ էլ պետք չի, խնդրում եմ:
Օրնեա, տեր հայր, մի հետաքրքիր, չասեմ մեկնաբանություն, բայց բացատրություն ունի կենդանաբան, կենդանիների վարքաբան Կոնդրադ Լորենցը. ասում է, որ ավետարանական այս հատվածը լավագույնս հասկացել է գայլերին ուսումնասիրելով' երբ հակամարտողներից մեկը դեմ է անում իր պարանոցը (ամենաանպաշտպան մասը) մյուսն անմիջապես դադարեցնում է ագրեսիան, բաց երախը ետ քաշում ընդհուպ խոցելի երակներից, ու, այդպիսով, կոնֆլիկտը չի շարունակվում։
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: