8.4.19

ՍՈՑՑԱՆՑԱՅԻՆ ՄԵՂՔԵՐ - ՊԱՀՔԻ ՀԱՐՑ 18

Անցյալ անգամ հպանցիկ խոսեցինք այն մասին, թե համացանցային ինչ աղբյուրներից կարելի է օգտվել հոգեւոր ընթերցանության համար։ Այսօր կուզեմ մի չափազանց նուրբ հարցի անդրադառնալ, որը եւս առնչվում է համացանցի եւ հատկապես սոցիալական ցանցերի հետ։ Ուրեմն հարցը ձեւակերպենք այսպես՝

- Ինչպե՞ս պահքը չխախտել սոցիալական ցանցերում։

Սա բավական դժվար մի հարց է, քանի որ հոգեբանորեն մենք կարող է եւ չենք էլ անդրադառնում, որ իրական կյանքից դուրս՝ վիրտուալ իրականության մեջ էլ մեղքեր կարելի է գործել։ Բարեբախտաբար, վիրտուալ իրականությունը դեռեւս գործում է նյութական իրականության սահմաններում եւ կարելի է որոշակիորեն կանխարգելել սոցցանցային մեղքերը։ Այսպես, եկեք առանձնացնենք մի քանի վտանգներ, որոնք առավել նկատելի են սոցցանցերից օգտվողների մոտ, եւ որոնք եթե ճիշտ չախտորոշվեն, անպայամանորեն կհանգեցնեն մեղքի։

ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆ - շատշատերը այլեւս իրենց կյանքը չեն պատկերացնում ֆեյսբուքից, ինստագրամից կամ առհասարակ սոցցանցերից դուրս։ Կհիշեք երեւի` մոտ 1 ամիս առաջ այնպես եղավ, որ Ֆեյսբուք սոցցանցը 3 ժամանոց խոտան ունեցավ։ Ստեղծված իրավիճակում այնպիսի տպավորություն էր, թե մարդիկ տառապում են ոչ թե ֆեյսբուքի, այլ` թթվածնի պակասից... Սա համացանցային կախվածություն է։ Ինչպես ամեն տեսակ կախվածություն եւ մոլություն, այս տեսակն էլ մեղք է, ուստի պետք է պայքարել դրա դեմ ու եթե զգում եք, որ իսկապես ձեր առօրյան անկարելի է պատկերացնեք առամց սոցցանցային թափառումների, ապա ժամանակն է կանգ առնելու եւ սահմանափակելու (ընդհուպ միանգամայն հրաժարվելու չափ) այդ կպչուն վիրտուալ մեղքը։

ՄԵԾԱՄՏՈՒԹՅՈՒՆ եւ ԻՆՔՆԱՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ - Այո՛, սոցցանցերը կարծես թե հատուկ նպատակամղվածությամբ մարդու մեջ աճեցնեն ԷԳՈն, որ մայրն է մեծամտության եւ ինքնահավանության։ Շատերը կարծում են թե իրենց արտահայտած միտքը, ասենք Ֆեյսբուքում, բացառիկ է, անառարկելի է, դուրս է քննադատությունից։ Անհեթեթ մեծամտությունն այնքան ծայրահեղ է, որ ոչ մասնագետ մարդիկ կարող են իրենց «հեղինակավոր» կարծիքը պնդել միջազգային տնտեսագիտության, քվանտային ֆիզիկայի, ապոֆատիկ աստվածաբանության կամ նեյրոբժշկության հարցերում։ Անշուշտ, ամեն մարդ իր կարծիքն ունենալու իրավունք ունի, սակայն բացարձակ մեծամտություն է հայտնած կարծիքը բացարձակ համարելը եւ հանուն դրա պաշտպանության «արյուն թափելը»։
Ինքնահավանության մեղավորը սոցկայքերում առկա հավանումների կոճակներն են։ Ցավոք, հաճախ մարդիկ արտահայտում են կարծիք կամ կիսվում են նկարներով միայն մեկ նպատակ ունենալով` լայքեր, սրտիկներ ու վիրտուալ հույզեր ունենալ։ Ու վայ նրան, ով անտարբեր կանցնի։ Սթորիներ, սելֆիներ, գնացած ու չգնացած տեղեր, կերած ու չկերած կերակուրներ... Ցուցամելական այս ընթացքը միանգամայն հակադիր է պահքի ոգուն։ Որքան էլ սիրելի ընթերցողիս ականջին ասվածը ծայրահեղ թվա, բայց ինքնահավանությունը հենց այսպես է լինում, իսկ որ այն մեղք է, վիճարկելի չէ։

ՍՈՒՏ ԵՒ ԿԵՂԾԻՔ - Ֆեյք կոչվող երեւոյթը գնալով շատանում է սոցցանցերում։ Չեմ կարող պատկերցանել մի իրավիճակ, երբ մարդը ներկայանում է կեղծ անունով, նկարով եւ անձնական տեղեկություններով եւ այդքանով հանդերձ ունի միմիայն շիտակ, ազնիվ ու մարդասիրական նպատակներ... Ընդհակառակը, նպատակները մեղսալից են ու վտանգավոր...

ԲԱՄԲԱՍԱՆՔ, ՀԱՅՀՈՅԱՆՔ, ԾԱՂՐ - Ֆեյք լինեն կամ ոչ, համացանցաբնակները հաճախ աննկատորեն ապրում են բամբասանքի ու զրպարտության մթնոլորտում, քննադատում, վիճում, անպատկառորեն հայհոյում, լավագույն դեպքում ծաղրում են այս կամ այն երեւույթը, խոսքը, կարծիքը, մարդուն... Խոսքի ազատությունը սանձարձակության վերածողներին պիտի առաջարկեմ կարդան Հակոբոս Առաքյալի այս տողերը. «Եթէ մէկն ուզում է բարեպաշտ լինել եւ չի սանձահարում իր լեզուն, այլ զբաղեցնում է իր սիրտը, այդպիսի մէկի համար զուր է բարեպաշտութիւնը» (Հակ. 1։26)։

Այս ցանկը կարելի է դեռ երկար շարունակել, բայց կարճելու համար խորհուրդ կտանք դիտեք նաեւ այս կարճ տեսանյութը։

Գիտեք, սիրելիներ, ես հաճախ մտածում եմ, որ դատարկվող եկեղեցիների այս դարում Աստված մեզ ավելի լավ նվեր չէր կարող տալ, քան համացանցն է եւ սոցկայքերը։ Դրանք շատ հզոր միջոցներ են Եկեղեցուց եւ Աստծուց հեռու գտնվողներին հասցնելու Խոսքն ու Ճշմարտությունը եւ տրամադրելու քայլելու դեպի Աստված դեպի Եկեղեցի։ Աստծուն հավատացող եւ Աստծո Խոսքով հարստանալու փափագ ունեցողների համար էլ, վիրտուալ աշխարհը միշտ հասանելի ուսուցիչ եւ գրադարան կարող է լինել, եթե օգտվենք մաքուր եւ անաղարտ աղնյուրներից։ Ուրեմն, չթերագնահատենք արժեքը այս մեծ «ռեսուրսի» բայց եւ թույլ չտանք, որ այն բացասաբար գրավի մեր կյանքը եւ մեղքի մեջ ներքաշի մեզ։

Օրհնվեք։

Սոցցանցային մի «քրիստոնեական կոճակ» կա, գիտե՞ք, կոչվում է ԿԻՍՎԵԼ / SHARE / PARTAGER / ПОДЕЛИТЬСЯ։ Շնորհակալ կլինենք, եթե օգտվեք այդ կոճակից։

0 արտահայտվիր:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...