Showing posts with label շոու. Show all posts
Showing posts with label շոու. Show all posts

6.6.11

ԱՐԺԵ՞ ԴԱՌՆԱԼ ԱՂԱՆԴԱՎՈՐ /ՄԱՍ 3/

Տես նաև`
«ԱՂԱՆԴ» տերմինն այսօր ամենատարածվածն է «նոր կրոնական շարժումենրը» կարճ բնորոշող բառերից: Անվանեք այդ շարժումներն ինչպես կուզեք` հարանվանություն, դենոմինացիա, կոնֆեսսիա, կրոնական կազմակերպություն կամ մեկ այլ բան, անձամբ ես կգերադասեմ հաճախ օգտագործել սոսկ «աղանդ» կամ «աղանդավոր» բառերը` հարմարության, տարածվածության և կարճ լինելու, այլ ոչ գաղափարական տեսանկյունից: Առհասարակ «աղանդ» բառը հասարակության մեջ երկատված ազդեցություն ունի. ոմանք ատելություն են քաղում դրանից, զզված ու թթված դեմք ընդունում, անհանդուրժողականություն դրսևորում, մյուսները պաշտպանում են փոքրամասնական իրավունքները, խղճի և կրոնի ազատություն բարձրագոչում, ներկայացնում ու ներկայանում իբրև զոհ և հալածյալ: Անշուշտ, այս երկու ստվար բանակների կողմնորոշումների վրա իրենց ազդեցությունն ունեն մի շարք գործոններ, որոնց մասին «գաղափարակիրները» գուցե չեն էլ կասկածում, սակայն մի բան ակնհայտ է. մարդկանց աղանդների ծոցը քաշող ինչ-որ բան կա, որի հանդեպ անտարբեր չեն կարողանում մնալ ոչ աղանդավորները: Ահա այդ քարշակների դիտարկմանն է ուղղված փոքրիկ ակնարկների այս շարքը, որը ոչ այլինչ է, եթե ոչ սոսկ հեղինակիս մտահանգումների շարանը, մտքեր ու կարծիքներ, որոնք շատ հնարավոր է սուբյեկտիվությունից այն կողմ չանցնեն էլ, ուստի խնդրանքս է քեզ, ընթերցո´ղ, վիրավորական և անհարիր ոչինչ չնկատել այստեղ և շարքի հետագա գրություններում: Ամեն ակնարկի ավարտին պիտի խնդրեմ ուղղակի հարց ուղղես ինքդ քեզ . «Արժե՞ դառնալ աղանդավոր»:

SHOW MUST GO ON!!!
Հոդվածաշարի նախորդ ակնարկում` «Դու փրկված ես», անդրադարձ էի կատարել այն մարդկանց, ովքեր գտնվելով աղանդավորության մեջ, ինքնախաբեությամբ իրենց համարում են ընտրյալ և փրկված, գիտակ հոգևոր ամեն բանի: Այսօր նպատակս է առավելաբար խոսել նրանց մասին, ովքեր իրենց ներսում են կրում աղանդավորությունը: Մի քանի օր առաջ ներկա էի հարսանեկան խրախճանքի. սնապարծություն թող չդիտվի, բայց ես երևի նման առիթներին ներկա բացառիկ մարդկանցից եմ, ով աշխատում է ուշի ուշով լսել բոլոր կենացներն անխտիր. դրանց միջոցով հաճախ տարիների փորձառություն է փոխանցվում, հաճախ մարդկային խառնվածք ջրի երես ելնում, իսկ ավելի հաճախ զավեշտալի ու անհեթեթ մտքեր են լույս աշխարհ գալիս: Ահա այս վերջին անգամ հնչած ամենազավեշտալի միտքն այս էր. «...քանի որ մեր Աստվածը քրիստոնյա ա, մեր էրեխեքը ապահով ու երջանիկ պիտի լինեն...» (ասողը 60-ին մոտ, կիրթ արտաքինով և նախկինում կոմունիզմի առաջամարտիկի ակնհայտ կեցվածքով մի տղամարդ էր): Անշուշտ կարելի է ասվածի մեջ բովանդակություն կռահել, բայց...