27.3.12

ԿԵՐԵՔ ԽՆՁՈՐ և ՄԻ ԿՌՎԵՔ

Միանգամից ասեմ` կռվելու նպատակ չունեմ: Ուղղակի հերթական անգամ հանդիպում եմ լրագրողական աննրբանկատությանը, մասնագիտական լեզվով ասած` ոչ պրոֆեսիոնալիզմին, ինչը, կարծում եմ, համացանցային առօրյայում այսօր շատ է հանդիպում: Այս անգամ վրիպումը կապված էր անմիջապես Սարկավագի բլոգի հետ, ուստի ինձ իրավունք եմ վերապահում բարձրաձայնել` ի լուր «Կռվախնձոր» հաղորդաշարի խբագրական անձնակազմի և առհասարակ լրագրողների:


Բլոգում ընթերցվածության թվով երկրորդ տեղում է գտնվում ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ, ԳՈՒՇԱԿՆԵՐ, ԷՔՍՏՐԱՍԵՆՍՆԵՐ, ԿԱԽԱՐԴՆԵՐ... հոդվածը, և դա, ինչ խոսք, նման երևույթների հանդեպ քրիստոնյա հայերի հետաքրքրության շնորհիվ (գրեթե ամեն օր 1-2 հոգի պարտադիր գուշակների հասցեներ, հեռախոսահամարներ և տվյալներ են որոնում): Ահա նման մի որոնում կատարելիս «Կռվախնձոր» կազմակերպողները, հավանաբար, հանդիպել են այս հոդվածին, քանի որ օրվա հերոսը «էքստրասենս» էր: Ընկերներիցս մեկը մի քանի օր առաջ զանգահարեց ու ասաց, որ մի նյութ է դիտում հեռուստացույցով, որտեղ մեջբերում են անում ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻՑ: Անչափ ուրախացա, որ հոդվածը օգտակար է եղել ինչ-որ գուշակի «տեղը դնելու» համար: Չնայած հոդվածն, իսկապես, ծառայել էր իր նպատակին, սակայն մի քանի օր հետո նյութը համացանցում դիտելով` նկատեցի լրագրողական այնպիսի թափթփվածություն, որ...
Եկեք դիտենք նյութի` ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻՆ վերաբերող հատվածը (առաջարկում եմ զուգահեռաբար կարդալ նաև հոդվածը 2-րդ պարբերությունից)`



Միամիտ մի եղեք այնքան` կարծելով, թե ես նպատակ ունեմ աղմուկ բարձրացնել, կամ քար գցել «Կռվախնձորի» բոստանը, ուղղակի լրագրողական էթիկան պահանջում է ոչ թե ասել «բլոգերներից մեկը խոսելով...» (այն դեպքում, որ ես բլոգեր չեմ), այլ առնվազն տալ բլոգի, հեղինակի անունը կամ հայտնել URL-ը, մանավանդ որ բլոգում սպիտակով սևի վրա գրված է. «Մեջբերումներ անելիս հղումը բլոգին պարտադիր է»: Եթե փորձեմ «գուշակել» վերոնշյալը ունկնդիրներին չփոխանցելու դրդապատճառները, ապա կհանգեմ լրագրողական թափթփվածությանը, քանի որ նյութը պատրաստողն իրեն իրավունք է վերապահել փոքրիկ մուծուներ ու փոփոխություններ կատարել գրառման մեջ` վերջում (01:20-րդ րոպեից) չխորշելով հավելել նյութ, որի հեղինակը ամենևին ես չեմ (տե՛ս  Մեր ժամանակների կախարդները, 7-րդ պարբերություն):
Ցավալին այն է, որ համացանցի անվերահսկողությունը որպես հետևանք բերում է նման երևույթների համատարածության, ինչի արդյունքում լրագրողի ներսում խեղդվում է կարևորագույնը` պրպտելու ունակությունը, խմբագիրը հայտնվում է անհարմար վիճակի մեջ, իսկ ընթերցող-ունկնդիր-հանդիսատեսը մի տեսակ խաբված է մնում:

ԿԵՐԵՔ ԽՆՁՈՐ և ՄԻ ԿՌՎԵՔ:

Միացի՛ր ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻՆ նաև facebook-ում

0 արտահայտվիր:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...