Showing posts with label յոթ. Show all posts
Showing posts with label յոթ. Show all posts

21.6.13

ՅՈԹՆ ՈՒ ՔԱՌԱՍՈՒՆՔԸ «ՄԻ ԴՌՆՈՎ»

Խորհրդային անաստված 70 տարիները բազմաթիվ ավերներ թողեցին իրենց ետևում, ավերներ ֆիզիկական, հոգեբանական, բարոյական, հոգևոր և գաղափարական: Քրիստոնեության հանդեպ ոխերիմ թշնամությունը ջնջեց քրիստոնեական շատուշատ սկզբունքներ ու ծիսակատարություններ Խորհրդային Հայաստանի «պրոլետար» զանգվածի հիշողությունից: Դրանց թվում ամենից շատ տուժածը թերևս մահվան ու մահացածների հետ կապված սովորություններն են: Բնական է. վշտի մեջ հայտնվելով, հարազատի կորցնելով` ընտանիքի անդամները, լինեն հավատավոր, թե աթեիստ, միշտ փորձում են անհրաժեշտ ու հնարավոր ամեն բան անել իրենց ննջեցյալին ըստ արժանվույն ճանապարհ դնելու համար: Միայն թե առանց իրազեկ մարդու` հոգևորականի, կատարված հոգևոր արարողությունները արդյունքում դարձել են մեկը մյուսի վրա ավելացված «պիտի»-ների մի շարան, որոնց իմաստը չի հասկանում ոչ ոք (չնայած երբեմն հայտնվում են գերդաստանային իմաստակներ, որ փորձում են հիմնավորել ադաթը), բայց կիրառում են բոլորը: Ավելի հաճախ էլ հանդիպում են սովորույթ դարձած ինքնահնար ծեսեր, որոնք եկեղեցական ծիսակատարության այլափոխված տարբերակներն են: