- Մի հատ «կոֆե» չխմե՞նք,- առավոտ ծեգին հողաթափերս ծուլորեն քստքստացնելով՝ մտնում եմ խոհանոց: Այնտեղ ինձ դիմավորողը օրվա ծանր օրակարգն արդեն իսկ ուսերին առած կինս է: Դիմավորում է ժպիտով: Ինչպես միշտ:
- Քեզ էի սպասում, որ խմենք,- ասում է ու ձեռնամուխ լինում առավոտյան արարողակարգին,- բայց «կոֆե» չէ, այլ՝ սուրճ, կուզե՞ս,- խնդում է:
- Եղավ-եղավ, ընկե՛ր Աղաբեկյան,- ծաղրում եմ աշակերտաբար,- ձեր տանը մսով լիցք էլ կունենաք:
- Դոլման երեկոյան,- պատասխանի հետ սուրճի սթափությունը հասնում է ռունգերիս: Կողքից անպայման ինչ-որ քաղցր բան կա, որպեսզի «մինչև կեսօր դիմանամ»:
...
- Սպիտակ վերնաշապիկս ո՞ւր է,- կանչում եմ ննջասենյակից:
- Արդուկած չէ, ուրիշը հագիր:
- Գտա...
- Չէ, դա մի՛ հագիր. ամոթ է, գործընկերներդ ի՞նչ կասեն:
- Կարևորը, թե դու ինչ կասես, ընկերները՝ հեչ...
- Ես ասում եմ՝ սա մի հագիր, դարակում ուրիշն ունես:
Նայում եմ հոգատարությամբ լեցուն հայացքին, տաքանում ու երկնքում թափահարելով խաղաղության ճերմակ վերնաշապիկը՝ հանձնվում:
...
- Գնացի, - համբույրս դրոշմում եմ ճակատին:
- Աստված հետդ, շո՛ւտ տուն կգաս՝ «տրուդագոլիկ»:
- «Տրուդագոլիկ» չէ, ընկեր Աղաբեկյան, այլ՝ «աշխատամոլ»,- հորինում եմ բառը:
- Եթե այսօր էլ երեխաներդ առանց քեզ տեսնելու անկողին մտնեն, «աշխատամոլի» մեկը, կգնդակահարեմ:
- Եղավ-եղավ, հընգեր Ստալին,- կատակում եմ՝ իրականում վախենալով, թե ինչ կարող է թաքնված լինել կնոջ «գնդակահարության» սպառնալիքի տակ:
- Ձեռք ես առնում հա՞,- խոսակցությունը երկարելով՝ ուզում է ձգձգել մեկնումս:
- Ուրիշներն ասում են՝ «Բյոտ՝ զնաչիտ լյուբիտ», մեզ մոտ էլ՝ «իգռայետ նա նեռվախ՝ զնաչիտ լյուբիտ»:
Ակնոցի տակից համբերատար զննում է վերջնական տեսքս:
...
Աշխատանքային թեժության մեջ զանգ է գալիս:
- Բա՛րև ձեզ, մենք ներկայացնում ենք «Սոսեն հանուն սովալլուկ ամուսնու անսահմանափակ հնարավորություններով ընկերությունը»,- առանց շունչ քաշելու այն կողմից խոսում է հաճելի ձայնը,- մեր օրվա ճաշացանկի մեջ կան...- հնչում են ճաշատեսակների անունները:
Միտքս է գալիս չգիտեմ որտեղից ծնված ասույթը, թե դեպի տղամարդու սիրտ ընկած ճանապարհը անցնում է ստամոքսով:
- Գործերս ավարտեմ, շուտ գամ, ջա՛նս:
- Հիշեցնեմ, որ մեր ընկերությունը աշխատում է շուրջօրյա, և անգամ այս պահին դուք կարող եք վայելել ձեր անզուգական հանգիստը ընտանեկան հարկի տակ,- գործնականորեն ավարտելով՝ դնում է լսափողը:
...
Երեկոյան, այնուամենայնիվ, մի քիչ ուշանում եմ. ժողովս երկար ձգվեց: Ներողամիտ հայացքը ստիպում է ինձ ավելի մեղավոր զգալ, բայց վրա են հասնում դեռևս արթուն երեխաների ուրախության ճիչերը. տունը մի իսկական ուրախ «գժանոց» է: Եվաս, որ արդեն կես հասակիս է, կախվում է պարանոցիցս, Արամը ծուռ ծուռ քայլելով պարում է առանց երաժշտության. հայրիկն է եկել, այն երրորդը դեռ անուն էլ չունի: Իսկ նա, որ ամբողջ օրը անցկացրել է մանկական քաոսի մեջ, դեռ ոտքի վրա. սեղան է դնում ամուսնու համար:
- Դուք կերե՞լ եք,- մեղավորության զգացումով հարցնում եմ:
- Երեխեքը՝ հա, ես սպասեցի՝ միասին ուտենք:
«Իսկական ընկեր,-մտածում եմ ես,- «ընդ կեր»՝ միասին ուտող,- ու ժպտալով գրկում եմ»:
- Շնորհակալ եմ,- ասում եմ ամենաթանկ վարձատրության նման:
...
- Ժողովդ ինչպե՞ս անցավ:
- Ո՜ւֆ... Չխոսենք այդ մասին: Ինձ թվում է, ես որ մեռնեմ, ինձ դժոխքում ժողովներով են տանջելու:
- Մեկ էլ ատամնաբուժարանով,- խնդում է վրաս ու սիրելի բազկաթոռիս վրա ազատում է իմ տեղը: Ծիծաղում ու լռում ենք... Հանգստի ժամ է. երեխաները քնեցին:
Նայում եմ գեղեցկագույն դեմքին ու զարմանում, թե ինչպես կարող է մեկ մարդու մեջ այսքան նվիրում, զոհաբերում, նրբանկատություն ու դիմացինին հասկանալու կարողություն լինել: Երանի՜ իմ մեջ էլ նա դրանք տեսներ:
- Հո՛ւս,- ասես մտորումներիս ի պատասխան խոսում է,- տարեդարձիդ ի՞նչ կուզես անենք. օրը մոտ է:
- Ոչինչ էլ չանենք, երեխաներին տանենք խաղահրապարակ, թող մի լավ ուրախանան:
- Չէ՛, էլ մի սկսիր,- դու գիտես, որ ամբողջ տարին քո ծննդյան օրվան եմ սպասում...
Նորից ալեկոծվում եմ ներսումս ու այլևս առարկության փորձ անելն էլ անհնար է. երջանիկ մարդու զգացումը չի լքում ինձ, և վերստին փառք եմ տալիս Աստծուն:
...
Քնելուց առաջ միասին աղոթում ենք:
«Պիտի սիրես քո ընկերոջը ինչպես քո անձը»,- Աստվածաշնչից ստանում եմ ողջ օրվա մտորումներիս պատասխանը, և սիրտս անասելի խաղաղությամբ է լցվում:
Գիշերն իր վերմակի տակ է առնում մեզ: Խաղաղ է:
- Հո՛ւս,- ճեղքում է խավարը հաճելի ձայնը :
- Ջա՛ն,- կիսաերազ մրմնջում եմ ես :
- Ես քո ի՞նչն եմ,- հնչում է հազար անգամ տրված հարցը :
- Դու իմ լավագույն ընկերն ես,- անկեղծ բառերով «շոյում» եմ աղջկական ականջները:
- Շնորհակալ եմ քեզ շատ,- չգիտեմ՝ ինչու է ասում ինձ այդ :
- Խնդրեմ, ջա՛նս. բա էլ ո՞ր օրվա ընկերներն ենք:
Զգում եմ՝ ինչպես է թիկունքն ինձ դարձրած անուշիկ ժպտում:
Եվ ես ինձ մի պահապան հրեշտակ եմ երևակայում նրա թիկունքին:
2016
Նյութն առաջին անգամ հրապարակվել է
Mediamax-ի «Իմ կինն իմ ընկերն է» մրցույթի շրջանակներում
4 արտահայտվիր:
inch lavn er. huzveci, vorosh chapov im amusnus patmutyan@ nman e)))))))))))))))))))))))))
INCH LAVN ER, HUZVECI. VOROSH CHAPOV NMAN E IM U AMUSNUS PATMUTYAN@)))))))))))))))))
Օրհնեցեք, Տեր Հայր։
Կարդում եմ ու այդ սերը զգում, չնայած ձեզ հեռակա եմ ճանաչում։ Որքան կուզեյի այդ նվիրումը ու ջերմությունը ամենուր տեսնել։ Բայց, ցավոք , մեր օրերում օրինակելի ընտանիքները շատ սակավ են , ընդ որում կամ հոգևորականների ընտանիքներ են, կամ էլ հոգևոր կյանքով ապրող մարդկանց ։
Կարդում ես նման գրառումներ ու ուզում ես ընտանիք կազմել, նվիրվել , սերդ բաշխել ու ընդհանրապես ամեն լավը, որ կարելի է պատկերացնել, բայց նայում ես շուրջդ ու տեսնում անհանդուրժողականություն, էգոիզմ, բաժանումներ իր բոլոր վատ հետևանքներով։
Աստված իմաստություն տա բոլորիս...
Շատ լավն էր👏
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: