30.10.14

ՄՏՈՐՈՒՄ 100-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ (ԿԱՄ ԳՈՒՑԵ... ԱՌԱՋԱՐԿ)

Վերջերս անընդհատ կպչուն մտքեր եմ ունենում՝ կապված հայոց մեծագույն վշտի՝ 20-րդ դարասկզբի հայկական ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ամյա տարելիցի և դրա շարջանակներում նախատեսվող միջոցառումների, ոգեկոչումների, սպասվող սրբադասման և մյուս նախաձեռնությունների հետ: Այո՛, շատ լավ է, որ քաղաքական հարթակում առաջընթացներ ունենանք, և սարսափազդու փաստը ընդունող երկրների, խորհրդարանների, թեկուզ առանձին շրջանների թիվը շատանա, Թրքստանն ու Ազերբադրջանն էլ իրենց նեղված զգան: Շատ լավ է, որ ֆիլմեր, վավերագրեր, գրքեր ու դասախոսություններ լույս աշխարհ գան ու դեռևս պատմության խավարում նստածներին առաջնորդեն դեպի ճշմարտության լույսը: Հոյակապ է, որ տարին գոնե մեկ օր՝ արրիլ 24-ին ազգովի կամ ազգի մի ստվար հատվածով մեկ նպատակի շուրջ համախմբվենք միտինգների, աղոթքների ու բացականաչությունների համար, բայց... Ա՛յս է ինձ տանջող հարցը (իրավունք ունեք ինձ դատապարտելու)՝ «ԲԱ ՀԵՏՈ՞»: Ի՞նչ է լինելու հետո: Լավագույն դեպքում պատկերացնենք, թե Թուրքիան կընդունի իր սխալը և երազենք թե կհատուցի (մյուս կողմից՝ չեմ պատկերացնում, թե որն է հատուցման չափը 1 սպանված մարդու դիմաց, ուր մնաց՝ 1.500.000...), բա հետո?????? Կպչուն միտք է, ի՞նչ անեմ: Ուղղակի ուզում եմ հասկանալ. նման կերպով կկարողանա՞նք ունենալ միացյալ ու հզոր Հայաստան իր աշխատասեր ու հյուրընկալ ժողովուրդով, այն դեպքում երբ մի բուռ Հայաստանը երկու ոտքով է տակավին կաղում: Հնարավոր կլինի՞ արդյոք աշխարհասփյուռ հայությանը, որ արդեն ուծացված անդեմ հայության է մասամբ վերածվում, ետ բերել Հայրենիք ու միավորել մեկ լեզվի, մշակույթի, գաղափարի, հավատքի ու մտածելակերպի շուրջ: Դժվար թե... Երևի սփյուռքում պիտի ապրեի, նոր այս հարցերը ծնվեին գլխումս... Իսկ սրանք հարցերից մի քանիսն են միայն:
Ցեղասպանության հասցրած կորուստը միայն մարդկային և տարածական չեղավ, այն նաև բազմադեմ հայություն ստեղծեց իր՝ «ախպար», «քձիբ արտասահմանցի», «անտաշ հայաստանցի» և այլ նման մակդիրներով: Եվ սրանցից ամեն մեկը հսկայական մի վիհ է հայի և հայի միջև, որով մեկը իրեն որպես մյուսի մասնիկը այլևս չի զգում... 

Առանց այս խնդիրը լուծելու, Հայոց Ցեղասպանության հարցի լուծման դրական առաջընթացը, ըստ իս, դրական մեծ արդյունքի չի հանգի: Ինչևէ, չերկարացնեմ, բայց մի առաջարկ անեմ, գուցե լսող ականջ լինի, եթե առաջարկս խելացնոր բան չէ:

Մտածում եմ՝ ինչո՞ւ մի կլորիկ գումար չներդնել ու ստեղծել մաքուր հայկական սոցիալական մի ցանց ու անունն էլ դնել ասենք՝ «ՏՈՀՄԱԾԱՌ»: Ի՞նչ օգուտ ունի: Ոչ մի, եթե դրանից ցուկենբերգյան ֆինաննսների ու գաղտնի տեղեկատվության հոսքի ակնկալիք ունենք:
Բայց պատկերացրեք ազգային ցանցի աշխատանքն այսպես. նոր ցանցում գրանցվելիս հայը պարտադիր պիտի նշի իր ծագումնաբանությունը, թե որտեղից են գաղթել իր նախնիները՝ Մուշ, Ալաշկերտ, Մուսա Լեռ, Պոլիս, Մոկս... և ցանցը մարդկանց նախ պետք է խմբավորի ըստ Մեծ Հայաստանի այս վարչական շրջանների: Ապա գրանցվողը վեբ-տոհմածառի մեջ հնարավորինս հանգամանորեն պետք է լրացնի իրեն հայտնի նախնիների անունները, եթե հայտնի է՝ ծննդյան և մահվան թվականները և այլն և այլն (այս հարցում, օրինակ, շատ պետքական կլինի կենդանի վկաների՝ տատիկների և պապիկների տված տեղեկությունները): Այսպիսով տոհմածառերը և ինֆորմացիոն ողջ պաշարը մեկը մյուսի հետ հնարավոր աղերսներ գտնելով ըստ անունների, ազգանունների, տոհմանունների, թվականների, լեզվի և տարածքի և այլ հայտնի տվյալների, պիտի ի մի գան և շատերին օգնեն թե՛ հարստացնել սեփական տոհմածառը, թե գտնել հեռավոր ազգականներ Մալայզիայից մինչև ԱՄՆ, Հայաստանից մինչև Հնդկաստան, և ամենակարևորը՝ կապվել պատմական հայրենի հող ու ջրի հետ: Եթե սրան էլ գումարենք պատմական ու տեղեկատվական բազմալեզու այն մեծ բազան, որ յուրաքանչյուրը ցանցում կկարոնա գտնել իր նախնի շրջանի, քաղաքի, հայտնի դեմքերի և դեպքերի մասին, ապա... նման ծրագիրը հայերին ամբողջ աշխարհում և հատկապես երիտասարդներին, ովքեր հմուտ սիրահարներն են համակարգչային այլևայլ զբաղումների և շատ նվազ տեղեկություններ ունեն իրենց անցյալից ու պատմությունից, պիտի զորացնի հայրենասիրության և հայասիրության մեջ, պիտի ոգեշնչի, միավորի, մեծացնի ազգային ինքնագիտակցությունը, առիթ տա, որ հայերը շփվեն հայերի հետ, ծանոթանան, ինչու չէ սիրահարվեն ու ամուսնանան կամ պարզապես բարեկամանան՝ անկախ իրենց գաղթավայրից ու ծննդավայրից, մշակութային ու մտածելակերպային տարբերություններից: Անշուշտ մասնագետ մարդիկ այս հարցում ավելի կատարյալ մի բան կարող են առաջարկել և ստեղծել, եթե...

«Ետ տվեք մեր հողերը» ասելուց առաջ՝ «ետ բերենք մեր հայությունը» պիտի գոչենք, հայեր ջան: Եվ այդ դեպքում, ո՞վ գիտե, գուցե փոքրիկ, բայց հույսի լույս պիտի տեսնվի, որով հայությունը 100-ամյակին միասին, միաշունչ ու միակամ պիտի լինի ըստ ամենայնի...

0 արտահայտվիր:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...