Showing posts with label Նոր Կտակարան. Show all posts
Showing posts with label Նոր Կտակարան. Show all posts

9.3.16

ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԱՊԱՏՈՒՄ

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ծրագրի շրջանակներում տրված 6-րդ հարցը բավականին հետաքրքրական էր՝ «Քանի՞սն էին Հիսուսի փորձությունները անապատում»:
Պատասխանողների (124 հոգի) մեծամասնությունը ընտրել էր, որ փորձություննորի թիվը 3-ն էր (105 հոգի): 17 հոգի էլ այն կարծիքն էին հայտնել, թե դրանք բազմաթիվ էին: Միայն 2 հոգի նշել էր, որ Հիսուս անապատում միայն 1 փորձություն է անցել:

Իրականաում Ավետարանը մեզ պատմում  է միայն 3 փորձությունների մասին: Կարդանք՝
«Դրանից յետոյ Յիսուս անապատ տարուեց Հոգուց՝ սատանայից փորձուելու։ 2Եւ քառասուն օր ու քառասուն գիշեր ծոմ պահեց, ապա քաղց զգաց։ 3Եւ փորձիչը՝ սատանան, մօտենալով նրան՝ ասաց. «Եթէ Աստծու Որդին ես, ասա՛, որ այս քարերը հաց լինեն»։ 4Նա պատասխանեց եւ ասաց. «Գրուած է՝ միայն հացով չի ապրի մարդ, այլ՝ այն ամէն խօսքով, որ դուրս է գալիս Աստծու բերանից»։ 5Ապա սատանան նրան տարաւ սուրբ քաղաքը եւ կանգնեցրեց նրան տաճարի աշտարակի վրայ ու ասաց նրան. 6«Եթէ Աստծու Որդին ես, քեզ այստեղից ցա՛ծ գցիր, որովհետեւ գրուած է՝ իր հրեշտակներին պատուիրուած է քո մասին, եւ ձեռքերի վրայ պիտի վերցնեն քեզ, որպէսզի երբեք քո ոտքը քարին չխփես»։ 7Յիսուս դարձեալ նրան ասաց. «Գրուած է՝ քո Տէր Աստծուն պիտի չփորձես»։ 8Սատանան նորից նրան առաւ տարաւ մի շատ բարձր լերան վրայ եւ ցոյց տուեց նրան աշխարհի բոլոր թագաւորութիւններն ու դրանց փառքը եւ նրան ասաց. 9«Այս բոլորը քեզ կը տամ, եթէ գետին ընկնելով ինձ պաշտես»։10Այն ժամանակ Յիսուս նրան ասաց. «Ետե՛ւս գնա, սատանա՛, որովհետեւ գրուած է՝ պիտի երկրպագես քո Տէր Աստծո՛ւն եւ միայն նրա՛ն պիտի պաշտես»։ 11Ապա սատանան նրան թողեց. եւ ահա հրեշտակներ մօտեցան ու ծառայում էին նրան» (Մատթ. 4:1-11 ):

19.2.16

ՊՈՂՈՍԻ ԱՄԵՆԱԿԱՐՃ ՆԱՄԱԿԸ

Երկար ժամանակ ոչ հարց ենք տվել, ոչ էլ հարցի պատասխանել... Իսկ վերջին հարցը, թե որն էր Պողոս Առաքեալի նամակներից ամենակարճը հակառակ որ երկար ժամանակ ակտիվ էր, այնուամենայնիվ շատ մեծ ակտիվությամբ չէր քվեարկվում. հարցին պատասխանել է 90 հոգի, որոնց մեծ մասը տվել է ՃԻՇՏ ՊԱՏԱՍԱԱՆԸ՝ ՆԱՄԱԿ ՓԻԼԻՄՈՆԻՆ:


Արդեն խոսել ենք այն մասին, որ Նոր Կտակարանում Պողոս Առաքեալի անունով հայտնի 14 գրություններ՝ նամակներ կան: Դրանց շարքում ամենից երկարը, ի դեպ, Հռոմեացիներին ուղղված նամակն է՝ բաղկացած 16 գլխից (քվեարկույամբ 2-րդ տեղում էր այս տարբերակը 25 ձայնով), Տիտոսին ուղղված նամակը, թեեւ կարճ, բայց ամենակարճը չէ, իսկ Փիլոպոսին ուղղված նամակ համենայն դպս մեզ բնավ հայտնի չէ: Ամենից կարճը Փիլիմոնին ուղղված նամակն է՝ ընդամենը 1 գլուխ, 25 համար:


Փիլիմոնը բարի համբավի տեր քրիստոնյա էր, Պողոսի բարեկամը, Կողոսիայի եկեղեցու անդամ և Օնեսիմոս անունով մի ստրուկի տերը: Այս ստրուկը փախել էր իր տիրոջից, ինչը մահացու հանցանք էր: Երբ Պողոս առաքեալը գտնվում էր բանտում, Օնեսիմուսը հանդիպում է նրան, դարձի գալիս և քրիստոնյա է դառնում: Այս նամակով Պողոսը նամակի մեջ խնդրում է Փիլիմոնին, որ ների Օնեսիմոսին և ընդունի նրան ոչ թե որպես ներողամտության արժանացած ստրուկի, այլ որպես քրիստոնյա եղբոր:

Այս կարճ նամակը մի կարևոր պատգամ ունի. Պողոս առաքյալը ո՛չ հրահանգ է տալիս Փիլիմոնին, ո՛չ իր կամքն է պարտադրում և ո՛չ էլ իր ծառայի վրա ունեցած նրա իրավունքները դարձնում խնդրո առարկա: Այլ ցույց է տալիս, թե Քրիստոսի հավատն ու սերն ինչպե՛ս են խորությամբ փոխակերպում մարդկային մեր հայեցակետն ու հարաբերությունները:

22.12.15

ՔԱՆԻ՞ ԳՐՔԻՑ Է ԲԱՂԿԱՑԱԾ ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԸ - Հարց 1

Գուցե առաջին հարցումը, թե քանի գրքից է բաղկացած Նոր Կտակարանը պարզերից էր (չիմանալու պարագային կարելի էր  բացել Աստվածաշունչը և հաշվել), այնուամենայնիվ 86 ընդհանուր կարծիք հայտնողներից ստացանք հետևյալ պատկերը՝

Ճիշտ պատասխանն էր՝ 27, որը և բարեբախտաբար ամենից շատ ձայներն է հավաքել:

Աստվածաշունչ մատյանը լայն առումով բաղկացած է 2 մասից՝ Հին Կտակարան և Նոր Կտակարան: Պարզորեն ասած՝ Հին և Նոր բառերի բաժանարար կետը Տեր Հիսուս Քրիստոսի մարդեղացումն է: Ուրեմն, Նոր Կտակարնը ընթերցողին է ներկայացնում Հիսուսի ծնունդի հետ կապված և դրան հաջորդող իրադարձությունները և գրություններ, որոնք արդեն Հիսուսի Հարությունից հետո թողնված գրական ժառանգություն են: Ասում եմ գրական ժառանգություն, քանի որ Նոր Կտակարանի 27 գրքերից և ոչ մեկը, սկզբունքորեն չի գրվել Աստվածաշնչի մաս կազմելու նպատակով, այլ դրանք զատ-զատ «գործեր են»՝ իրենց հատուկ ոճով և լեզվով գրված, ունեցել են իրենց հասցեատերերը, լսարանը, որոնց հոգևոր պահանջները բավարարելու համար Առաքեալները գրել են դրանք: Քիչ ավելի ուշ դրանք միավորվել են մեկ ընդհանուր «հատորի մեջ» որով կազմվել է Նոր Կտակարանի կանոնը:

4.12.13

ԲԱՆԱԼԻՆ ԱՅԼԵՎՍ ՔՈ ՁԵՌՔԵՐՈԻՄ Է


Պատկերացրո՛ւ, չափազանց հարուստ մի մարդ քեզ մեծադիր ու գեղեցիկ մի սնդուկ է նվիրել, որի մեջ ոչ ավել, ոչ պակաս 27 կգ մաքուր ոսկի կա: Բայց... Ա՛յ քեզ անհաջողություն. ահա սնդուկը կա, ոսկին էլ մեջն է, իսկ համապատասխան բանալին, որով կարելի է բացել գանձատուփը, դու չունես: Հավատա՛ ինձ, թանկարժեք այս նվերից՝ գանձով լի, այսօր կարելի է գտնել գրեթե ամեն հայի օջախում, բայց... Շատերը չէ, որ ունեն ոսկիների բանալին, որի շնորհիվ կարելի կլինի բացել և վայելել հազվագյուտ գանձը: Հասկացար երևի՝ խոսքս Աստվածաշունչ մատյանի և հատկապես Նոր Կտակարանի 27 գրքերի մասին է: Մի բան է Սուրբ Գիրքը տանն ունենալը, մեկ այլ բան է այն ընթերցելը, մեկ ուրիշ մի բան է ընթերցածը ճիշտ հասկանալը և մեկնաբանելը: Եվ երանի նրանց, ովքեր ոչ միայն ունեն գանձի սնդուկը, այլ նաև ունեն այն բանալին, որի օգնությամբ իրենց առջև ճշմարտությամբ բացվում է Աստծո Խոսքը և սրտի վրա փորագրվելով դառնում է կյանք:

Սարկավագագրքի նոր նախաձեռնություն-ծրագիրը, որ անվանեցինք ԲԱՆԱԼԻ, փոքրիկ մի ճիգ է մարդկանց այս երանությանը հաղորդ դարձնելու՝ մատուցելով Սուրբ Հայրերի և Հայաստանյայց Եկեղեցու հոգևորականների ջանքերով ծնված նորկտակարանյան հայալեզու մեկնությունները՝ մեկտեղված, համակարգված և հեշտությամբ հասանելի:

Անհրաժեշտ է ուղղակի մտնել մեկնությունների էջը, ընտրել անհրաժեշտ գիրքը, ապա գլուխը և վերջապես մեկնության կարոտ այն համարը, որը առկա է մեր բազայում: Եվ բարի վայելում :)