Showing posts with label Հ.Խ. Բ. Show all posts
Showing posts with label Հ.Խ. Բ. Show all posts

26.3.14

ԼՈՒՅՍ և ԽԱՎԱՐ - Մեկնություն ՀԱՎԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ աղոթքի

Հաւատով խոստովանիմ եւ երկիրպագանեմ քեզ, անբաժանելի լոյս, միասնական սուրբ երրորդութիւն եւ մի աստուածութիւն, արարիչ լուսոյ եւ հալածիչ խաւարի. հալածեա ի հոգւոյ իմմէ զխաւար մեղաց եւ անգիտութեան, եւ լուսաւորեա զմիտս իմ ի ժամուս յայսմիկ աղօթել քեզ ի հաճոյս, եւ ընդունել ի քէն զխնդրուածս իմ. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

Հավատով խոստովանում և երկըրպագում եմ Քեզ, անբաժանելի լո՛ւյս, միասնական Սո՛ւրբ Երրորդություն և Մի Աստվածություն, արարի՛չ լոյսի և հալածի՛չ խավարի, հալածի՛ր իմ հոգուց մեղքերի և անգիտութեան խավարը և լուսաւորի՛ր միտքս այժմ` աղոթելու Քեզ  հաճույքով ու ստանալու Քեզանից իմ խնդրածները. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

Արարիչ լույսի և հալածիչ խավարի - Աստվածաշնչի առաջին և ամենից վեհ խոսքերից մեկն է «Աստված ասաց. «Թող լույս լինի, և լույս եղավ»: Լույսը, արդարև, Աստծո ստեղծած առաջին տեսանելի և զգալի բանն է, որն էլ իր հերթին տեսանելի է դարձնում նյութական բոլոր բաները: Երբ չկա լույս, տիրում է խավարը: Լույսի հայտնվելը ինքնին փարատում, կամ ավելի պատկերավոր ասած՝ «հալածում» է խավարը:


Հալածի՛ր իմ հոգուց մեղքերի և անգիտութեան խավարը - Սա, այս աղոթատան երկու խնդրանքներից մեկն է: Բարոյական աշխարհում նյութական աշխարհի խավարին համապատասխանող երևույթը մեղքն է ու բարոյական տգիտությունը: Մեղքը մարդու կյանքի մեջ կարևոր իրողություն է, որովհետև իր հետևանքներով ահավոր է մարդու կյանքի համար: Եթե մեղքը գոյություն չունենար, Քրիստոսի փրկագործությունը պիտի տեղի չունենար, այնպես, ինչպես այդ տեղի ունեցավ «ժամանակների լրումին»:

20.3.14

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍԲ. ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆ - Մեկնություն ՀԱՎԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ աղոթքի

Հաւատով խոստովանիմ եւ երկիրպագանեմ քեզ, անբաժանելի լոյս, միասնական սուրբ երրորդութիւն եւ մի աստուածութիւն, արարիչ լուսոյ եւ հալածիչ խաւարի. հալածեա ի հոգւոյ իմմէ զխաւար մեղաց եւ անգիտութեան, եւ լուսաւորեա զմիտս իմ ի ժամուս յայսմիկ աղօթել քեզ ի հաճոյս, եւ ընդունել ի քէն զխնդրուածս իմ. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

Հավատով խոստովանում և երկըրպագում եմ Քեզ, անբաժանելի լո՛ւյս, միասնական Սո՛ւրբ Երրորդություն և Մի Աստվածություն, արարի՛չ լոյսի և հալածի՛չ խավարի, հալածի՛ր իմ հոգուց մեղքերի և անգիտութեան խավարը և լուսաւորի՛ր միտքս` աղոթելու Քեզ այժմ հաճույքով ու ստանալու Քեզանից իմ խնդրածները. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

Շնորհալի հայրապետի՝ արդեն մեզ ծանոթ այս աղոթքի երրորդ տան մեջ հավատով խոստովանանքը և երկրպագությունը ուղղվում են Ամենասուրբ Երրորդությանը։ Առաջին տան մեջ հիշատակված Աստվածային Երեք Դեմքերը այստեղ միավորվում և վերաձայնվում են՝ «Միասնական Սուրբ Երրորդություն և մի Աստվածություն», ինչը քրիստոնեական Եկեղեցու դավանաբանական հիմնական ուսմունքն է։
«Անբաժանելի լույս» – Սրանք Սուրբ Երրորդությունը հատկանշող առաջին եզրերն են։ Լույսը Ներսես հայրապետի կողմից ամենից սիրված և հետևաբար ամենաշատ գործածված բառն է։ Դժվար է գտնել իր գրություններից մի կտոր, լինի աղոթք, շարական կամ նամակ, որտեղ չերևա լույսը: «Առաւոտ լուսոյ», «Երբեմն էի լոյս», «Լոյսն որ անեղ արարչական, ասաց լինել լոյս եղական». ահա մի քանի օրինակներ: Այս բառի գործածությունը իր գերազանց ճոխությանն ու լրումին է հանգում արևագալի ժամերգության համար նրա գրված շարականներից մեկի մեջ. «Լոյս արարիչ լուսոյ, առաջին լոյս, բնակեալդ ի լոյս անմատոյց»: