Հաւատով խոստովանիմ եւ երկիրպագանեմ քեզ, անբաժանելի լոյս, միասնական սուրբ երրորդութիւն եւ մի աստուածութիւն, արարիչ լուսոյ եւ հալածիչ խաւարի. հալածեա ի հոգւոյ իմմէ զխաւար մեղաց եւ անգիտութեան, եւ լուսաւորեա զմիտս իմ ի ժամուս յայսմիկ աղօթել քեզ ի հաճոյս, եւ ընդունել ի քէն զխնդրուածս իմ. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:
Հավատով խոստովանում և երկըրպագում եմ Քեզ, անբաժանելի լո՛ւյս, միասնական Սո՛ւրբ Երրորդություն և Մի Աստվածություն, արարի՛չ լոյսի և հալածի՛չ խավարի, հալածի՛ր իմ հոգուց մեղքերի և անգիտութեան խավարը և լուսաւորի՛ր միտքս` աղոթելու Քեզ այժմ հաճույքով ու ստանալու Քեզանից իմ խնդրածները. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
«Անբաժանելի լույս» – Սրանք Սուրբ Երրորդությունը հատկանշող առաջին եզրերն են։ Լույսը Ներսես հայրապետի կողմից ամենից սիրված և հետևաբար ամենաշատ գործածված բառն է։ Դժվար է գտնել իր գրություններից մի կտոր, լինի աղոթք, շարական կամ նամակ, որտեղ չերևա լույսը: «Առաւոտ լուսոյ», «Երբեմն էի լոյս», «Լոյսն որ անեղ արարչական, ասաց լինել լոյս եղական». ահա մի քանի օրինակներ: Այս բառի գործածությունը իր գերազանց ճոխությանն ու լրումին է հանգում արևագալի ժամերգության համար նրա գրված շարականներից մեկի մեջ. «Լոյս արարիչ լուսոյ, առաջին լոյս, բնակեալդ ի լոյս անմատոյց»:
Աստվածությունը Շնորհալին ըմբռնում և գրեթե միշտ ներկայացնում է լույսի պատկերով. որովհետև նախ այդ բառով Աստված հատկանշված է Նոր կտակարանի մեջ. «Ես եմ լույսը աշխարհի», «Աստված լույս է և Նրա մեջ խավար չկա»։ Արդարև լույսը, իր մաքրությամբ, իր կենսատու զորությամբ և ամեն ինչի գոյությունը և գեղեցկությունը հայտնի դարձնելու իր հատկանիշով հարմարագույն զգալի նշանն է անտեսանելի և անիմանալի Աստվածությունը պատկերացնելու համար։
Սուրբ Երրորդության մեջ հատկանշական իրողությունը Նրա նախ մեկ լինելն ու միարժամանակ երեք Անձ ունենալն է։ Սուրբ Երրորդության վարդապետության մեջ միության և բազմազանության գաղափարները իրար միահյուսվելով սքանչելի կերպով ներդաշնակվում են։ Այլ կերպ ասած՝ իրար հակասական նկատված երկու գաղափարներ հաշտ ձևով իրար են ձուլվում Սուրբ Երրորդության վարդապետության մեջ։ Մեր երկրագնդի վրա լույսի աղբյուրի տեսանելի երևույթներից ամենահայտնին արևն է, որ ներդաշնակորեն իր վրա է ցոլացնում բազումության և միության գաղափարները և հետևաբար առաջին օրից իսկ խորհրդանիշն է եղել Սուրբ Երրորդության։ Արևը ինքնին մեկ գունդ կամ երկնային մարմինն է, սակայն նրանից են ծագում ճառագայթը և բխում ջերմությունը։ Արևը ճառագայթ չէ, ճառագայթը ջերմություն չէ, ջերմությունը արև չէ, բայց երեքը իրարից անբաժանելի են, և միասին ու միաժամանակ գոյություն ունեն։ Հետևաբար «մեծ լուսավորը» ինչպես կոչված է արևը Աստվածաշնչի մեջ, թեև շատ անկատար, բայց մեզ համար զգալի և ըմբռնելի հարմարագույն պատկերն է «Անբաժանելի Լույսի»։
«Միասնական Սուրբ Երրորդություն և մի Աստվածություն» – սա քրիստոնեական Եկեղեցու կոնտրոնական հավատալիքն է։ Սա մի ճշմարտություն է, ինչպես ասացինք մեր նախորդ հոդվածի մեջ, որով քրիստոնեական աստվածաբանությունը հիմնականում զանազանվում է մյուս բոլոր կրոնների աստվածաբանությունից։ Սուրբ Երրորդության վարդապետությունը հայտնյալ ճշմարտություն է։ Աստծո գոյության ճշմարտությունը կարելի է տեսնել բանականության միջոցով, բնության երևույթների ուսումնասիրությամբ, սակայն որևէ պարագայում անկարելի պիտի լիներ Սուրբ Երրորդության վարդապետության գյուտը անել, եթե այդ հայտնած չլիներ Եկեղեցուն։
Երբ Քրիստոս հայտնվեց և հայտարարվեց Աստուծո Որդի, հիմքը դրվեց աստվածաբանական այս ճշմարտության: Աստվածային ձայնն էր, որ երկու անգամ վկայեց «Դա՛ է իմ սիրելի Որդին»: Քրիստոս ինքն ասաց. «Ես և Իմ Հայրը մի ենք», «Ով Ինձ տեսավ, տեսավ Հորը»: Սուրբ Երրորդության այսպես ասած թանձրացյալ և պատմական իրողությունը երևում է Հիսուսի մկրտության ընթացքում. «Հայրն ի վերուստ վկայեց՝ դա է իմ սիրելի Որդին, և Հոգին Սուրբ իջավ Նրա վրա»: Իսկ Սուրբ Երրորդության բացահայտ և միասնական հիշատակությունը երևում է համբարձվելուց առաջ Հիսուսի արտասանած վերջին խոսքերի մեջ. «...մկրտեցե՛ք Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով» (Մատթ. 28:19): «Անունով» բառի եզակի գործածվելը երեք Անձերի համար, ինքնին նշան է՝ մի կողմից Անձերի մի-ության, մյուս կողմից՝ երեքի հավասարապես Աստված լինելու, այսինքն՝ այստեղ հաստատ հավաստիքն ունենք Սուրբ Երրորդության «միասնական» լինելու:
Գալով նույն «Երրորդություն» բառին՝ նախ պարտավոր ենք ասել, որ թեև Սուրբ Երրորդության երեք Անձերի Աստվածությունը, լինի հավաքաբար, թե առանձնաբար, բացահայտորեն հիշված ու հաստատված է Նոր Կտակարանի մեջ, սակայն երեքի համար գործածվող բառը՝ Երրորդություն, գոյություն չունի Սուրբ Գրքի մեջ: Այս բառը եկեղեցին ինքն է կերտել ու գործածել իր գոյության ակզբնական շրջաններից իսկ: Երկրորդ և երրորդ դարերի քրիստոնեական հեղինակների մոտ այն արդեն իսկ կիրառության մեջ է դրված:
Մեր Եկեղեցու ժամագրքի սկզբում դրված Հավատո հանգանակի մեջ հետևյալ հաստատումները կան Ամենասուրբ Երրորդության մասին. «Հավատում ենք, որ Սուրբ Երրորդությունը մի բնություն է, մի աստվածություն. ոչ թե երեք աստվածներ, այլ մի՛ Աստված, մի՛ կամք, մի՛ թագավորություն, մի՛ իշխանություն, արարիչ տեսանելիների և անտեսանելիների»: Այս նշանակում է, որ թեև երեք Անձերն էլ Աստված են, սակայն երեք աստվածներ չեն, այլ Երեքը մեկ և նույն Աստվածն է, երեքի բնությունն էլ մեկ է՝ Անստեղծ և Անմահ: Աստվածային բնությունը, առանց դադարելու միություն լինելուց, փոխանցվում կամ հաղորդվում է Հորից Որդուն և Հոգուն:
Սուրբ Երրորդությունը խորհուրդ է, այսինքն ճշմարտություն, որը մենք ոչ միայն անկարող ենք գտնել մեր բնական բանականությամբ, այլ նաև հայտնությամբ ստանալուց հետո էլ անկարող ենք ամբողջովին ըմբռնելու: Նմանություններով, պատկերներով կամ փիլիսոփայական եզրերով աղոտ գաղափար միայն կարող ենք ունենալ Սուրբ Երրորդության մասին, բայց երբեք ի վիճակի չպիտի լինենք գերազանց այս ճշմարտության լիակատար հասկացմանը հասնելու: «Ոչ ոք չի ճանաչում Որդուն, եթե ոչ՝ Հայրը. և ոչ ոք չի ճանաչում Հորը, եթե ոչ՝ Որդին, և նա, ում Որդին ուզենա հայտնել» (Մատթ. 11:27):
ՇՆՈՐՀՔ ԵՊԻՍԿ.
(Սիոն, 1958, ԺԱ-ԺԲ)
0 արտահայտվիր:
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: