23.5.17

ԲԺԻՇԿ, ՈՎ ՍԻՐԵԼ ԳԻՏԻ (ԷԼՅԱՅԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, մաս 3)

Մեր շրջապատում կան բժիշկներ, ովքեր, իրապես քրիստոնյա լինելով, խաղաղության սերմեր են ցանում իրենց հիվանդների հոգևոր դաշտի մեջ: Նրանք օգնում են պայքարել այն ժամանակ, երբ հաղթելը անչափ բարդ է լինում: Նրանք հավատ են ներշնչում, որ վաղվա օրը գալու է: Ես հնարավորություն ունեցա ծանոթանալ մի այդպիսի բժշկի հետ, որից անսահման ջերմություն էր հորդում: Նա շատ բարի, բանիմաց, անշահախնդիր, ալեհեր տղամարդ էր, ում սիրում էին բոլորը: Արտաքուստ վանող դիմագծեր ուներ, բայց նրա օրինակը հերթական անգամ ապացույց եղավ, որ հոգեկան գեղեցկությունն իր փայլը փոխանցում է մարմնին: Մեր փորձնական դասերը տևեցին հինգ ամիս, որի ընթացում շատ բան սովորեցինք բժշկից:

Մի կին էր բուժվում նրա մոտ. կրծքագեղձի քաղցկեղ էին հայտնաբերել` տալով մի քանի ամսվա կյանք: Քաղցկեղը ամենադաժան, ամենատարածված, մարդկային կյանքեր չխնայող հիվանդությունն է, որը սեռ և տարիք չի ճանաչում, բայց դա չի նշանակում, որ այս ախտորոշումը միայն մահացու ելք է ունենում: Բազմաթիվ դեպքեր կան, երբ մարդիկ բուժվում են, շարունակում ապրել` քայլելով դեպի լույս տանող արահետով: Այս կինը, կռահելով ապտորոշման ծանրություբը, շատուշատ քաղցկեղակիրների պես ուժասպառ ու հուսահատ էր եղել: Բայց նրան կյանքը տվել էր հնարավորություն ունենալ ամուր, սիրող ընտանիք և բժիշկ, ով աստվածատուր շնորհով էր օժտված, ով հավատով էր սկսում իր շփումը հիվանդի հետ: Նա մեծ պարգև էր իր հիվանդների համար: Չէր սիրում իրեն ուղղված գովեստի խոսքեր լսել և միշտ խնդրում էր շնորհակալ լինել Աստծուն: Խռպոտ ձայնը դողալ էր սկսում, երբ դուրս էր գալիս բարդ վիրահատություններից հետո և մեզ շշուկով ասում, որ վիճակը ծայրահեղ ծանր է: Հաճախ նշում էր, որ հիվանդը Բարձրյալի և բժշկի կարիքն ունի: Ամեն այցի վերջում ժպտում էր ու ասում հիվանդներին, որ ամեն բան լավ է լինելու, որ Աստված կօգնի:


Եվ նրա հավատի, ճիշտ մոտեցման շնորհիվ այս հիվանդն էլ դանդաղ ուժ հավաքեց, փորձեց ապրել, հույսը մեծացնել և այդ ամենը մեծ հոգատարության շնորհիվ: Այդ բարեսիրտ բժիշկն էր, որ օգնում էր իր ջերմությամբ առաջ գնալ, ավելի համառ լինել, քան չարորակ գոյացությունը, հավատալ, որ ոչինչ կորած չէ և հանձնվել չի կարելի:

Փոքր քայլերով գնացին առաջ`հաղթահարելով քիմիոթերապիան, դեղանյութերի հետևանքով առաջացած բարդությունները և ցավը: Հոգեպես կինը կոփվեց ու սկսեց հավատի իր քայլերն անել, որի արդյունքը օրգանիզմի դրական արձագանքին բերեց: Մի անգամ բժիշկն անկեղծացավ մեզ հետ, որ այդ կնոջ վիճակը շատ ծանր է, հույսը մինիմալ է, բայց ասաց, որ մինիմալն էլ նշանակում է, որ դեռ հնարավոր է փրկություն: Ես ավելի ուշ իմացա, որ բժշկի կորովի հավատը, նրա բարի և հոգատար վերաբերմունքը, հիվանդին հույս տալու, փրկելու ցանկությունը կատարեց հրաշք: Այդ կինը բժշկվեց, ապրեց, հավատը օգնեց հաղթել, օգնեց սիրով լցվել կյանքի հանդեպ և հավատալ, որ Տերը ներկա է: Միայն տեսնել էր պետք այդ կնոջը բուժման սկզբում: Նա այնքան տկար էր և խռոված աշխարհից, որ չէր տեսնում իր ապագան: Երբեք պետք չէ ասել երբեք, քանի որ չես իմանա, թե ի՞նչ է նախատեսված քեզ համար: Իսկ հրաշագործ բժշկին տեսնելու հնարավորություն էլ չունեմ, քանի որ այժմ Մյունխենում է: Վաղուց թոշակառու Է, բայց միշտ օրինակ կմնա շատերիս համար: Այն մարդը, ով նպատակ ունի ծառայել մյուսներին, երբեք միայնակ չի մնա: Նա և այդ կինը կենդանի ապացույց եղան, որ հավատի միջոցով ամեն բան հնարավոր է: Հրաշքները կատարվում են այնտեղ և այն մարդկանց հետ, ովքեր հավատում են դրանց: Բազում դեպքեր, բազում խեղաթյուրված կյանքեր են վերածնվել ու զարմանահրաշ ընթացք ստացել: Իմ մեջ էլ ամեն մի դեպք ինչ-որ բան փոխել է, մոտեցրել Քրիստոսին և Ամենարարի զորեղ փառքին:




«Ով կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դեպի Լույսը, որպեսզի նրա գործերը հայտնի լինեն, թե Աստուծով կատարվեցին» 
(Հովհաննես 3:20)։

0 արտահայտվիր:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...