Showing posts with label քաղցկեղ. Show all posts
Showing posts with label քաղցկեղ. Show all posts

2.6.17

ԹՈՂ ՏԱ ԹԵՎ (ԷԼՅԱՅԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, մաս 11)

Օնկոլոգիական բաժանմունքում անց կացրած դասերը ամենադժվարն էին, քանի որ ամեն օր տեսնում էի մարդկանց, ովքեր մահվան դեմ էին ելնոuմ`պայքարելով ապրելու համար: Այստեղ ինչուների ու եթեների շարաններ են ձգվում մարդկանց մտքի մեջ ու հրաշքի սպասող, հավատացող հայացքների ես բախվում:

Մի աղջկա հետ ծանոթացանք, ով շատ բարի, պարզ, լուսավոր մարդ էր: Նրան հրամանատար էին կոչում, քանի որ կարողանում էր համախմբել հիվանդներին և լավատեսության սերմնահատիկներ բաժանել նրանց: Հավատում էր հավերժությանը, Աստծուն: Շատ ուժեղ կամքի տեր էր, վստահ էր, որ հաղթելու է, բուժվելու և կատարելու մտապահած բոլոր նպատակները: Հավատում էր, որ վիրահատվելուց հետո գնալու է Տաթևի վանք, քանի որ շատ էր ցանկանում տեսնել այն և աղոթք բարձացնել դեպի երկինք այն վանքում, որտեղ ծնողներն են ծանոթացել: Դրա համար էլ աղջկան տվել էին Տաթև անունը:

Աստծո ողորմածությամբ Տաթեւի վիրահատությունը բարեհաջող անցավ և հետագա բուժումը դրական արդյունքի բերեց: Նա առողջացավ ու հաղթահարեց բոլոր փորձությունները: Ամենակալը տվեց Տաթևին թևեր, և նա ապրեց, որպեսզի իր խոսքով, պայծառ ժպիտով սեր ու հավատ նվիրի նրանց, ովքեր դրանց կարքիը առավել ունեն:

23.5.17

ԲԺԻՇԿ, ՈՎ ՍԻՐԵԼ ԳԻՏԻ (ԷԼՅԱՅԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, մաս 3)

Մեր շրջապատում կան բժիշկներ, ովքեր, իրապես քրիստոնյա լինելով, խաղաղության սերմեր են ցանում իրենց հիվանդների հոգևոր դաշտի մեջ: Նրանք օգնում են պայքարել այն ժամանակ, երբ հաղթելը անչափ բարդ է լինում: Նրանք հավատ են ներշնչում, որ վաղվա օրը գալու է: Ես հնարավորություն ունեցա ծանոթանալ մի այդպիսի բժշկի հետ, որից անսահման ջերմություն էր հորդում: Նա շատ բարի, բանիմաց, անշահախնդիր, ալեհեր տղամարդ էր, ում սիրում էին բոլորը: Արտաքուստ վանող դիմագծեր ուներ, բայց նրա օրինակը հերթական անգամ ապացույց եղավ, որ հոգեկան գեղեցկությունն իր փայլը փոխանցում է մարմնին: Մեր փորձնական դասերը տևեցին հինգ ամիս, որի ընթացում շատ բան սովորեցինք բժշկից:

Մի կին էր բուժվում նրա մոտ. կրծքագեղձի քաղցկեղ էին հայտնաբերել` տալով մի քանի ամսվա կյանք: Քաղցկեղը ամենադաժան, ամենատարածված, մարդկային կյանքեր չխնայող հիվանդությունն է, որը սեռ և տարիք չի ճանաչում, բայց դա չի նշանակում, որ այս ախտորոշումը միայն մահացու ելք է ունենում: Բազմաթիվ դեպքեր կան, երբ մարդիկ բուժվում են, շարունակում ապրել` քայլելով դեպի լույս տանող արահետով: Այս կինը, կռահելով ապտորոշման ծանրություբը, շատուշատ քաղցկեղակիրների պես ուժասպառ ու հուսահատ էր եղել: Բայց նրան կյանքը տվել էր հնարավորություն ունենալ ամուր, սիրող ընտանիք և բժիշկ, ով աստվածատուր շնորհով էր օժտված, ով հավատով էր սկսում իր շփումը հիվանդի հետ: Նա մեծ պարգև էր իր հիվանդների համար: Չէր սիրում իրեն ուղղված գովեստի խոսքեր լսել և միշտ խնդրում էր շնորհակալ լինել Աստծուն: Խռպոտ ձայնը դողալ էր սկսում, երբ դուրս էր գալիս բարդ վիրահատություններից հետո և մեզ շշուկով ասում, որ վիճակը ծայրահեղ ծանր է: Հաճախ նշում էր, որ հիվանդը Բարձրյալի և բժշկի կարիքն ունի: Ամեն այցի վերջում ժպտում էր ու ասում հիվանդներին, որ ամեն բան լավ է լինելու, որ Աստված կօգնի: