15.5.13

ԵԿԵՂԵՑԻՆ Է ԿՈԿՈՐԴԻ ՓՈՒՇԸ <-> ՄԱՏԹԵՈՍ 26:6-10







Երբ Յիսուս եկաւ Բեթանիա, բորոտ Սիմոնի տունը, նրան մօտեցաւ մի կին, որ մի շիշ թանկարժէք իւղ ունէր, եւ թափեց այն նրա գլխին, մինչ նա սեղան էր նստել։ Երբ աշակերտներն այս տեսան, բարկացան ու ասացին. «Ինչի՞ համար է անուշահոտ իւղի այդ վատնումը, քանի որ կարելի էր մեծ գնով վաճառել այդ եւ տալ աղքատներին»։ Յիսուս իմացաւ ու նրանց ասաց. «Ինչո՞ւ էք նեղութիւն տալիս այդ կնոջը. նա իմ հանդէպ մի բարի գործ կատարեց...» (ՄԱՏԹ. 26:6-10):

Այն կինը, որը բորոտ Սիմոնի տանը, Բեթանիայում, թանկարժեք ու անուշաբույր յուղով օծեց Վարդապետի գլուխը, մեզ հիշեցնում է Աստծոյ պաշտամունքի մեջ փառաշուք լինելու պարտականությունը: Բոլոր շքեղությունները, վեհությունն ու գեղեցկությունը ինձ շատ քիչ են թվում: Եւ բոլոր նրանց դեմ, ովքեր պախարակում են սրբազան սպասքերի, հանդերձանքների, խորանների ճոխությունը, բարձրանում է Հիսուսի գովքը. «Գործ մի բարի գործեաց դա զիս» (Բարի մի գործ կատարեց դա իմ նկատմամբ) ԵՕԶԵՄԱՐԻԱ ԷՍՔՐԻՎԱ:

-Կարծում եմ եկեղեցին չափազանց մեծ է կոկորդի փուշ լինելու համար, և այն կուլ տալիս անգամ հնարավոր չի լինի մարսել, բայց այնուամենայնիվ ժամանակակից կառույցներից ամենշատը հենց եկեղեցին է, որ կանգնել է մեր ժողովրդի կոկորդին, հենց եկեղեցու բարձրությունն է, որ դարձել է աչքի գրող: Մինչդեռ օրեցօր երկինք սլացող հազարավոր երկնաքերերի ճոխությունը ոչ մեկի տեսադաշտը չի փակում, ուղղակի իմ պատուհանից փառահեղ Արարատը այլևս չի երևում: Լաս Վեգաս դարձած և մարդկանց մինչև ողնուծուծը մերկացնող Փարաքարի ճանապարհի պերճաշուք խաղատները* ոչ մեկի բարկությունը առաջ չեն բերում, պարզապես ընտանիքներ են քանդվում, քանդակազարդ և միջնադարյան ճարտարապետական հմայք ստացած ռեստորանները ոչ մեկին չի խանգարում, որովհետև հաճախ դուք էլ եք ձեր «չունեցած» գումարները այնտեղ վատնում, բարոյազրկված գիշերային ակումբները ոչ մեկի չի անհանգստացնում, որովհետև դրանք նկուղներում են գտնվում և դուք էլ հաճախ հենց այնտեղ եք թաքնվում...

«Սողոմոնը կառուցեց-աւարտեց տունը։ Սրբարանը տան մէջ էր, ներսում։ Այն շինուել էր, որպէսզի այնտեղ դրուի Տիրոջ ուխտի տապանակը։ Սրբարանը քսան կանգուն երկարութիւն, քսան կանգուն լայնութիւն եւ քսան կանգուն բարձրութիւն ունէր։ Այն դրուագել տուեց մաքուր ոսկով։Սողոմոնը եղեւնափայտէ զոհասեղան պատրաստեց։ Նա տունը ներքուստ մաքուր ոսկով պատեց եւ սրբարանի դիմացը վարագոյր քաշեց ոսկէ շղթաներով։ Նա ամբողջ տունը ոսկով պատեց։ Սրբարանի ամբողջ ներքնամասը երեսապատեց ոսկէ թիթեղներով։ Սրբարանի ներսում դրեց նոճու փայտից պատրաստուած երկու քերովբէներ։ Մի քերովբէի բարձրութիւնը տասը կանգուն էր, նոյնը եւ՝ երկրորդ քերովբէինը։ Երկու քերովբէները դրեց ներսի սենեակում եւ նրանց թեւերը տարածեց. մի քերովբէի մէկ թեւը հասնում էր մի պատին, իսկ երկրորդ քերովբէի մէկ թեւը՝ միւս պատին։ Նրանց միւս թեւերը սենեակում գալիս միանում էին իրար։ Նա քերովբէները ոսկով պատեց։ Նա տան ներքին ու արտաքին յատակը ոսկով երեսապատեց։ Նա սրբարանի մուտքի դուռը շինեց գիհի փայտից։ Դուռը պատի մէկ հինգերորդ մասն էր կազմում։ Իւղաթաթախ փայտից շինուած երկու փեղկերի վրայ քերովբէներ, արմաւենիներ փորագրեց եւ դրանք ոսկով երեսապատեց. ոսկին ծածկում էր քերովբէներն ու արմաւենիները։ Տաճարի մուտքի դռան դրանդիկները նոյնպէս գիհիի քառակուսի փայտերից էին...դռան վրայ ոսկով դրուագուած էին քերովբէներ, արմաւենիներ, եւ այդ դրուագները պատուած էին ոսկով, որ իջնում էր յօրինուածքի վրայ։ Նա ներքին սրահը շինեց երեք շարք անտաշ քարով եւ պարիսպ կառուցեց եղեւնափայտով։ Տիրոջ տան հիմքը դրուեց Սողոմոնի թագաւորութեան չորրորդ տարուայ Զի ամսին,եւ տասնմէկերորդ տարուայ Բուլ ամսին, այսինքն՝ ութերորդ ամսին տունն աւարտուեց իրեն անհրաժեշտ ամէն ինչով ու ամէն յօրինուածքով։ Սողոմոնը տաճարը կառուցեց եօթը տարում» (Գ. ԹԱԳԱՎՈՐԱՑ 6:14,19-38)


- Բայց միևնույնն է այդ եկեղեցին, այդ եկեղեցին պիտի չկառուցվեր, ինչպես տարիներ առաջ Ս. Գ. Լուսավորիչ եկեղեցին, ինչպես կառուցվող Ս. Աննա եկեղեցին, ինչպես Դավիթաշենի Ս. Նահատակաց եկեղեցին և այսպես շարունակ...ինչքա՜ն անեծք ու բամբասանք կարկուտի ու անձրևի պես թափվեց Աստծո տան գլխին, թվում է՝ նորակառույց եկեղեցին ուր որ է պիտի քանդվի այդ «երկրաշարժից», հրաշքով ոտքեր առնի ու փախնի.... Իսկ ինչու՞. որովհետև նրանք, ում ոտքերը եկեղեցի չեն տանում, մի ներքին վստահություն ունեն, որ հայաստանյաց բոլոր եկեղեցիները դատարկ են, որ դրանք պետք չեն, այո՛, այդպիսի մի որոշում են կայացնում հավատացյալ ժողովրդի համար, հատկապես այժմ, երբ շատ երիտասարդներ կապվում են իրենց Մայր Եկեղեցուն, երբ խորհրդային միտքը ուզում է նահանջել՝ չնայած խոր արմատներին: Այս «դատարկ» լինելու գաղափարը կշարունակի հաստատվել, քանի այդ բերաններից վեր գտնվող աչքերը չեն տեսել նույն Ս. Գ. Լուսավորիչ եկեղեցու լեցունությունը կիրակի օրերին, երբ մարդիկ պատարագին մասնակցելով՝ իրենց հոգևոր քաղցն են հագեցնում, երբ Ս. Նահատակաց եկեղեցին էլ փոքր է՝ իր մոտ եկող հավատացյալ ողջ ժողովրդին մեկտեղելու համար...

-Մի տեսակ ինքնահարցադրում առաջացավ ինձ մոտ. տեսնես Բագրատունիների օրոք էլ ե՞նք այսպես արձագանքել, երբ Անին էր կառուցվում իր հազար ու մի եկեղեցիներով. չէ՞ որ հենց այս ժամանակ էր, որ ինքնատիպ ու շքեղ էին մեր վանքերն ու եկեղեցիները. չէ՞ որ հենց այս դարերում էր, որ եղբայրներ Իվանե և Զաքարե իշխանները մի յուրօրինակ պայքարի մեջ էին մտել իրար դեմ մեկը մյուսից ավելի գեղեցիկ վանք կառուցելու համար: Ամենայն հավանականությամբ հենց այսպիսին ենք եղել, չէ՞ որ պատմությունը իր ձևով է ներկայացրել իշխանական տոհմերն ու նրանց բարոյական կողմերը: Բայց այսօր կա մի փաստ, մի հպարտություն. որ ունենք Սանահին, ու Հաղպատ, և սրանցից անհաշիվ...

-Թող կառուցեն, թող մի բան էլ իրենցից ներդնեն: Ես չեմ պաշտպանում իշխանավորներին, ում ձեր ձայնը տարիներ շարունակ վաճառել եք ու ցավոք վաճառելու եք....և ինչպե՞ս մարսվեց այդ դրամը...
-Իսկ աղքատներին, «աղքատներին ամէն ժամ ձեզ հետ ունէք, բայց ինձ միշտ ձեզ հետ չէք ունենայ» (ՄԱՏԹ. 26:11):

Հ.Գ. Ու դեռ կաթոլիկների պես հարկ չենք վճարում եկեղեցուն....

*Իտալիայում խաղատների թիվը չի անցնում 5-ը:
Արմինե Բարսեղյան
Միացի՛ր ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻՆ նաև facebook-ում

1 արտահայտվիր:

Unknown said...
4/4/19, 12:58 AM

Hanamadzayinem dzer het.inch shqexutyun lini,aveli u aveli kicha mer Astcun parabanelu hamar,bayc karevor xndir ka vor petka veracnenk.da ekexexinerum ,Astcu tany mom vacharelna vory konkret merjvuma Astvacashnchum u henc mer tiroj Hisus Qristosi koxmic

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...