24.5.13

ԵՂԻԱՅԻ ՈԳԻՆ

Քանի որ մոտենում է Եղիա մարգարեի տոնը, առաջարկների հերթականությունը խախտելով՝ փորձեմ ներկայացնել Yerem ընթերցողի առաջադրած ավետարանական հատվածը՝

«Եվ եթե ուզում եք ընդունել, Հովհաննե՛սն է Եղիան, որ գալու է» (Մատթ. 11:14


Փրկչի այս խոսքը հնչեց այն ժամանակ, եթբ ինքը՝ Քրիստոս, մարգարեներից վերջինին՝ Հովհաննես Մկրտչին էր «գովում» (տես Մատթ. 11:7-19)՝ համեմատելով Հին Կտակարանի ամենից խստակյաց մարգարեի՝ Եղիայի հետ: Այս համեմատության համար մի շարք ծանրակշիռ հանգամանքներ կային.

ա. Աստվածաշնչում Եղիա մագարեի մասին պատմվում է Թագավորությունների 3-րդ և 4-րդ գրքերում: Վերջինի մեջ՝ Դ Թագ. 2:11, նկարագրվում է Սուրբ մարգարեի՝ ողջ-ողջ երկինք վերանալը, ինչի շնորհիվ Եղիան մշտապես նկատվում է որպես անմահ (այս շնորհին արժանացածներից են նաև Ենովքը (տե՛ս Ծննդ. 5:23) և համաձայն ավանդության՝ Սուրբ Կույս Աստվածածինը):


Եղիա մարգարեի անմահության գաղափարը և հատկապես Մաղաքիայի մարգարեության մեջ նրա վերադարձի մասին խոսվելը (4:4-5) հրեաներին դարավոր սպասման մեջ էին դրել. հրեա օրենսգետները Մեսիայի գալուստից առաջ սպասում էին նախ Եղիա մարգարեին (հմմտ. Մարկ. 9:10, Հովհ. 1:21), ով պիտի գար որպես գալիք Արքայության սուրհանդակ: Ի՞նչ ակնկալիքներ ունեին հրեաները Եղիայից: Մարգարեն ապաշխարության ճանապարհով Աստծուն պիտի հաշտեցներ մարդկանց հետ, որպեսզի ժողովուրդը պատրաստ լիներ Մեսիային ընդունելու: Նա պետք է վերացներ բոլոր անհաշտությունները, զատեր մաքուրներին անմաքուրներից, լուծեր անլուծելի թվացող խնդիրները: Գոյություն ուներ նաև կարծիք, թե Եղիան պիտի օծեր Մեսիային թագավորության համար և լիներ ժամանակների ավարտի ազդարարողը: Մինչև այսօր էլ հրեաները սեղան նստելիս ազատ են թողնում Եղիայի աթոռը, դրա դիմաց գինի են դնում և լայն են բացում տան դռները՝ հույս ունենալով, որ Եղիան պիտի մտնի և ազդարարի Մեսիայի գալուստը:
Այս սպասմանն ի հակադրութուն Հիսուս Մատթեոսի Ավետարանի 11:14 հատվածում ակնարկում է Ի՛ր Մեսիական հանգամանքին՝ կարծես ասելով . «Պետք չէ սպասել Մեսիա-Փրկչին և Նրա գալսուստը ավետարանող Եղիային. Մեսիան արդեն իսկ եկել է, ԵՍ ԵՄ Մեսիան, իսկ Եղիան Հովհաննեսն է, որ կա, նա ով ավետեց Իմ գալուստը ձեզ, նա ով պիտի ավետի Մեսիայի գալուստը մինչև իսկ ննջեցյալներին»:

բ. Եկեղեցական մի շարք մեկնիչներ այս երկու մարգարեների միջև տեսնում են նաև արտաքին ու որակական զուգահեռներ, ինչպես օրինակ արտաքին տեսքը և հագուստը՝ կաշվե գոտի և ուղտի մազից զգեստ (Մատթ. 3:4, Մարկ 1:6, հմմտ. Դ Թագ. 1:8), անապատական կենցաղը, մարգարեական շնորհը, բոցաշունչ քարոզչությունն ու նախանձախնդրությունը:


գ. Նմանությունն առկա է նաև նրանց հասարակական կեցվածքի մեջ. մարգարեները յուրովսանն հանդես են գալիս իրենց ժամանակի տիրող բարքերի (Գ Թագ. 18:21 և Մատթ. 3:7) և իշխանական անարդարությունների դեմ (Հովհաննեսը՝ Հերովդեսի և Հերովդիայի (Մատթ. 14:4, Մարկ. 6:18), իսկ Եղիան` Աքաաբի և Հեզեբելի դեմ (Գ Թագ. 18:16-19): Այս պատճառով հայ եկեղեցական մատենագրության մեջ Մկրտիչը հաճախ անվանվում է «խրատիչ», «հանդիմանիչ», «սաստիչ», «կշտամբիչ»:

դ. Եվ ևս մեկ կետ, որ ընդհանրացվելով նախորդների վրա՝ սպառում է փոքրիկ այս հատվածի պատասխանը: Հովահաննու Ավետարանում, երբ հրեական խորհրդի՝ սանհեդրինի ներկայացուցիչները հարցաքննում էին Հովհաննես Մկրտչին, նրան հարց ուղղվեց՝ «...դու ո՞վ ես, Եղիա՞ն ես։ Եւ նա ասաց՝ ո՛չ, չեմ»։ Բայց չէ՞ որ Աստվածորդին ինքն է ասում, որ Հովհաննե՛սն է Եղիան: Այս հարցի պատասխանը տալիս Ստեփանոս Սյունեցին (8-րդ դար)՝ նշելով. «Հովհաննեսը ոչ թե  Եղիա Թեզբացու հոգին ուներ (քանի որ Եկեղեցին չի ընդունում հոգիների փոխադրումը օտար մարմինների մեջ), այլ Սուրբ Հոգին հանգչել էր Մկրտչի վրա, ինչպես` Եղիայի : Հովհաննեսը Եղիայի նման ընթացք ունեցավ ողջ կյանքի ընթացքում»: Ասինքն Մկրտիչը հրաժարվում է ինքն իրեն ճանաչել Եղիա այնպես, ինչպես այդ ակնկալում էին հրեաները ուղղակի իմաստով. նա եկել էր հոգւով զօրութեամբ Եղիայի, ինչպես նախակարապետի ծնունդը ավետելիս հրեշտակն էր ասել (Ղուկ 1:17). նա Հին Կտակարանի Եղիան չէր, այլ երկրորդ Եղիան, նա Եղիա էր հոգևոր իմաստով:


Ահա այսքանը. հուսամ մեկնությունը բավարար էր, իսկ թերի թվացող կողմերին կանդրադառնանք բլոգային մեկնաբանություններում ձեր հարցերի շնորհիվ: Շնորհակալություն:

Հ.Գ. Ի դեպ, չմոռանանք քննել ինքներս մեզ ու համեմատել «Սուրբ Հոգու Տաճար» այս երկու սրբերի հետ (գուցե անգամ արժե վերընթերցել Աստվածաշնչի համապատասխան տեղիները). կա՞ն արդյոք հատկանիշներ, որոնք արժե որպես քրիստոնյա նրանց պես ունենալ այս դարում: Սպասում եմ պատասխանների:

Եթե ունեք մեկնության կարոտ Ձեր աստվածաշնչյան հատվածը, անցե՛ք այս հղումով` 

3 արտահայտվիր:

Տաթևիկ said...
5/30/13, 11:40 AM

Տեր Հայր, ես կուզենայի մեկնության առաջարկել ևս մի հատված` կապված Հովհաննես Մկրտչի հետ: Այս հատվածի մեկնությունը ես ստավել եմ հոգևորականից, սակայն կուզենայի նաև բոլորն իմանային. ինչու է Հովհաննես Մկրտիչը Մատթեոսի 11.2-19-ում, նաև Ղուկասի 17-29-ում ուղարկում իր աշակերտներին հարցնելու Հիսուսին, թե Նա է, որ գալու, թե ուրիշին սպասեն, եթե մինչ այդ արդեն մկրտել էր Նրան, ինքն էր խոստովանել Նրա Ով լինելը և տեսել Սուրբ Հոգու իջնելը:

Srk. said...
5/30/13, 4:01 PM

@Տաթևիկ ջան շնորհակալություն մեկնաբանության համար: Առաջարկված հատվածին անպայման կանդրադառնամ, մանավանդ որ Սուրբ Հովահննես Մկրտիչը իմ ավարտաճառի բարեխոսն ու առանցքն է եղել :)

Տաթևիկ said...
6/1/13, 10:23 AM

Անհամբեր կսպասենք:)

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...