21.3.13

ՄԱՏՆԵՑԵ՛Ք ԱՅԴՊԻՍԻ ՄԵԿԻՆ ՍԱՏԱՆԱՅԻՆ

Beniamin ընթերցողի կողմից ամիսներ առաջ մեկնության է առաջադրվել իսկապես անորոշ թվացող մի խոսք Սուրբ Պողոս Առաքյալի` Կորնթացիներին ուղղված առաջին նամակից`



«…երբ դուք և իմ հոգին միասին կհավաքվեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի զորությամբ հանդերձ, - մատնեցե՛ք այդպիսի մեկին Սատանային՝ նրա մարմնի կորստյան համար, որպեսզի նրա հոգին ապրի մեր Տեր Հիսուս Քրիստոսի օրում» (5:4-5):

Կորնթոսը, որ իրավամբ հին աշխարհի ամենահայտնի հեթանոս-կռապաշտ քաղաքներից էր, անգամ ժամանակի պատմիչների կողմից ներկայացվում է որպես համակ անբարոյականության մարմանացում: Այստեղ քրիստոնեական հավատքի առաջին հիմանադիրը եղավ Պողոս Առաքյալը, ով երկու նամակ (գոյություն ունի նաև երրորդ նամակը, որը Աստվածաշնչյան կանոնի մեջ չի ընդգրկվել) ունի հղած քրիստոնեացող այս համայնքին: Ահա Առաջին նամակից վերոբերյալ տողը առնչվում է քրիստոնյա կորնթացիների մեջից դեռևս արմատախիլ չեղած անբարո մի սովորությանը` արյունապղծությանը, ինչի մասին սուրբ առաքյալն ասում է. «Ներկայումս լսում ենք, թե պոռնկություն կա ձեր մեջ, և այնպիսի պոռնկություն, որ հեթանոսների մեջ իսկ չկա, որպես թե մեկն ապրի իր հոր կնոջ հետ»: Ավելին, մասնավոր մի պարագայում այս երևույթը անգամ գովասանքի է արժանանում (տե՛ս 5:1-2), ինչը չարաչար վշտացնում է առաքյալին: Այս հարցի լուծման համար Պողոս առաքյալը կոչ է անում կորնթացի քրիստոնյաներին հավաքվել Հիսուսի զորությամբ (և ինքն էլ իրենց հոգեպես պիտի միանա) և մատնել արյունապիղծ մեկին սատանային: Տարօրինակ թվացող այս արտահայտությունը Պաղոս Առաքյալը արտահայտում է նաև Տիմոթեոսին ուղղված առաջին նամակում` «…նրանց թվում են Հիմենոսը և Աղեքսանդրոսը, որոնց մատնեցի Սատանային, որպեսզի խրատվեն չհայհոյել» (1:20):



Հետաքրքրական է, որ Հին Կտակարանը ազգակցի հետ կենակցելու պարագայում մահվան դատավճիռ է արձակում` ասելով. «Որևէ մեկն իր արյունակից հարազատին թող չմոտենա նրա ամոթույքը բանալու նպատակովորովհետև ես եմ Տերը...», քանի որ «Ով որ կատարի նման պիղծ արարքներնա կվերանա իր ժողովրդի միջից» (Ղևտ. 18 :6-29): Թվում է թե Պողոս առաքյալը ևս խոսում է մահվան մասին` այն անվանելով «մարմնի կորսուտ», սակայն առաքյալի խոսքում այս «կորստի» հետևանքը մեղավոր մարդու փրկությունն է լինում` «որպեսզի նրա հոգին ապրի մեր Տեր Հիսուս Քրիստոսի օրում»: Ի՞նչ կարող է այս նշանակել: 


Հայտնի է, որ եկեղեցին` հավատացյալների հոգևոր համախբումը, Քրիստոսի խորհրդավոր Մարմինն է և այդ Մարմինը պետք է մաքուր և անաղարտ պահել` հեռու պղծությունից ու անօրենությունից (հմմտ Եփես. 1:23, 5:26-32): Պողոս Առաքյալի աշխարհընկալման և որոշակիորեն նաև քրիստոնեական վարդապետության համաձայն «աշխարհը» սատանայի թագավորությունն է, գտնվում է չարի իշխանության տակ (հմմտ.  Ա Հովհ. 2:15-17, Գործք. 26:18, Կող. 1:13-14). մարդը, ով հրաժարվում է ապրել սրբությամբ` Քրիստոսի օրենքով ու պատվիրաններով, պետք է դուրս դրվի եկեղեցուց, իսկ այն, ինչ դուրս է Քրիստոսի Մարմնից` սատանայի բաժինն է: Ուրեմն Եկեղեցուց դուրս դրվելը նկատի ունի Առաքյալը` «սատանային մատնել» ասելով (չի բացառվում, որ սա ընթերցողին հայտնի և քրիստոնայների շրջանակում տարածված արտահայտություն եղած լինի)Ի հակադրություն Հին ուխտի, որը մահ էր պատվիրում արյունապիղծ մեկի համար, Սուրբ Պողոսը առաջնորդվում է քրիստոնեական մարդասիրությամբ` բավարարվելով սոսկ մեղավորին եկեղեցուց արտաքսելով: Սակայն ի վերջո ո՞րն է սրա նպատակը: Իրականում սա  հավատավոր մեկի համար, ով խորապես գիտակցում էր, թե ինչ մեծ շնորհ է Քրիստոսի Մարմնի անդամ լինելը և ինչ հոգեմաշ պատիժ՝ դրանից օտարանալը,  զղջման, ապաշխարության և մեղքից մեկընդմիշտ հրաժարվելու առիթ պիտի լիներ՝ որոշ դեպքերում ծառայելով որպես «խրատ», իսկ որոշ դեպքում` նաև հոգու փրկություն Քրիստոսի վերջին դատաստանի օրը: Այս վերջինին մեղավորը կարող է արժանանալ միայն ու միայն սպանելով իր մարմնական հոռի կրքերը, որոնցով սատանան սովոր է կապել մարդուն աշխարհի հետ: Հոգու փրկությունը տրվում է միայն մարմնի կապանքներն ու ցանկությունները սպանելու ճանապարհով:

Ահա այսքանը բուն մեկնությունից. հուսամ այն համառոտության մեջ օգտակար եղավ: 
Իսկ ի՞նչ սովորեցինք այս խոսքերից.
  • Արյունապղծությունը մահվան արժան ծանր մեղք է, սակայն Աստված մեղավորի մահը չէ, որ կամենում է, այլ դարձն ու ապաշխարությունը:
  • Եկեղեցին՝ Քրիստոսի անապական Մարմինը, պետք է ապրի սրբությամբ և ի բաց մերժի մեղքը և աղտեղությունը:
  • Մեր հոգևոր միաբանության մեր աղոթքների և որոշումների մեջ անտեսանելի հոգևոր ներկայությամբ իրենց օժանդակությունը և բարեխոսությունն ունեն մեզանից «հեռու» գտնվող սրբերը, ովքեր հաղթանակած անբաժանելի մասն են կազմում Քրիստոսի Մարմնի` Եկեղեցու: 
Մի քանիսը ես ասացի, մնացածը թողնում եմ ձեզ ու սպասում մեկնաբանություններին բլոգում: Շնորհակալություն:

Եթե ունեք մեկնության կարոտ Ձեր աստվածաշնչյան հատվածը, անցե՛ք այս հղումով` 

1 արտահայտվիր:

Տաթևիկ said...
4/5/13, 1:16 PM

Շնորհակալություն, ինչպես միշտ շատ պարզ և դիպուկ: Կարոտել էինք Ձեր մեկնություններին Տեր Հայր!

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...