Beniamin ընթերցողի կողմից ամիսներ առաջ մեկնության
է առաջադրվել իսկապես անորոշ թվացող մի խոսք Սուրբ Պողոս Առաքյալի` Կորնթացիներին
ուղղված առաջին նամակից`
«…երբ դուք և իմ հոգին միասին կհավաքվեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի զորությամբ հանդերձ, - մատնեցե՛ք այդպիսի մեկին Սատանային՝ նրա մարմնի կորստյան համար, որպեսզի նրա հոգին ապրի մեր Տեր Հիսուս Քրիստոսի օրում» (5:4-5):
Կորնթոսը, որ իրավամբ հին աշխարհի
ամենահայտնի հեթանոս-կռապաշտ քաղաքներից էր, անգամ ժամանակի պատմիչների կողմից
ներկայացվում է որպես համակ անբարոյականության մարմանացում: Այստեղ քրիստոնեական
հավատքի առաջին հիմանադիրը եղավ Պողոս Առաքյալը, ով երկու նամակ (գոյություն ունի
նաև երրորդ նամակը, որը Աստվածաշնչյան կանոնի մեջ չի ընդգրկվել) ունի հղած
քրիստոնեացող այս համայնքին: Ահա Առաջին նամակից վերոբերյալ տողը առնչվում է
քրիստոնյա կորնթացիների մեջից դեռևս արմատախիլ չեղած անբարո մի սովորությանը`
արյունապղծությանը, ինչի մասին սուրբ առաքյալն ասում է. «Ներկայումս լսում ենք, թե պոռնկություն կա ձեր մեջ, և այնպիսի պոռնկություն, որ հեթանոսների մեջ իսկ չկա, որպես թե մեկն ապրի իր հոր կնոջ հետ»: Ավելին, մասնավոր մի պարագայում այս երևույթը անգամ գովասանքի է
արժանանում (տե՛ս 5:1-2), ինչը չարաչար վշտացնում է առաքյալին: Այս հարցի լուծման համար Պողոս
առաքյալը կոչ է անում կորնթացի քրիստոնյաներին հավաքվել Հիսուսի զորությամբ (և
ինքն էլ իրենց հոգեպես պիտի միանա) և մատնել արյունապիղծ մեկին սատանային:
Տարօրինակ թվացող այս արտահայտությունը Պաղոս Առաքյալը արտահայտում է նաև
Տիմոթեոսին ուղղված առաջին նամակում` «…նրանց թվում են Հիմենոսը և Աղեքսանդրոսը, որոնց մատնեցի Սատանային, որպեսզի խրատվեն չհայհոյել»
(1:20):