30.1.13

ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ՝ ՔԱՂՑԿԵՂԱՅԻՆ ՄԵՂՔԸ


Միջին տարիքից բարձր մի տղամարդ էր, երկար անհավասար մորուքով, մրոտ ձեռքերով, վրայից հօդս ցնդող «գարշահոտով», հագին՝ պատառոտված կեղտոտ տաբատ և մինչև կուրծքը բաց վերնաշապիկ: Երևաց մետրոյի վագոնի մյուս ծայրում. փող էր մուրում: Ոչինչ չեր ասում, մոտենում էր մարդուն, գլուխը լուռ խոնարհում ու ձեռքը ուղղակի երկարում էր դեպի մարդիկ: Ոմանք ընդհանրապես նրա կողմ էլ չէին նայում, ոմանք դեմքի դժգոհ արտահայտություն էին ընդունում, որոշները՝ ժպտում էին քաղաքավարի... Միայն մի մարդ ձեռքը երկարեց ու մետաղադրամ ձգեց: Կանգառ էր, անհաջող «որսից» հիասթափված դուրս եկավ վագոնից: Ինձ էլ էր մոտեցել, բայց... Մտածում ես, ի՞նչն է պատճառը համատարած այս անտարբերության... Ներկաներից շատ շատերի համար ոչինչ է այն, ինչ այս մարդը ուզում էր, բայց...
Օրական տասնյակ մուրացկաններ են հանդիպում մարդու ճանապարհին, որի՞ն օգնես, որին ո՛չ: Հետո ի՞նչ գիտես՝ ո՛վ է, ի՛նչ ազգի, ի՛նչ հավատքի տեր... Մտածում ես, որ վերջիվերջո այնքան մոտ ու հարազատ մարդիկ կան, որ օգնության են կարոտ... Եվ ի վերջո, մուրացկանությունը բիզնեսի է վերածվել, և հաճախ խղճուկ կերպարի տակ խաբեբաներ են թաքնված: Որոշներն էլ գումարը ծախսում են ոչ նպատակային... Ճիշտ է, այս բոլորը ճիշտ է, բայց միևնույն ժամանակ սրանք բոլորը մեր անտարբերությունը արդարացնելու հերթական փորձերն են: 

Ամեն անգամ նման դեպքերում հիշում եմ մի իմաստուն մարդու խոսքը, ու սիրտս ալեկոծվում է. «Կարող ես տասնյակ մուրացկանների մերժել՝ կարծելով, թե նրանք իրականում այդքան էլ փողազուրկ չեն, բայց վայ քեզ, եթե այդ տասնյակների մեջ մերժես ու անտեսես գեթ մեկին, ով իսկապես քո օգնության կարիքն ուներ. լա՛վ մտածիր, գուցե Քրիստոսին ես մերժել»: Այո՛, Փրկչի խոսքը հստակ է. «Անիծյալնե՛ր, գնացե՛ք ինձնից հավիտենական կրակը, որ պատրաստված է սատանայի և իր հրեշտակների համար. որովհետև քաղցած էի, և ինձ ուտելիք չտվիք, ծարավ էի, և ինձ ջուր չտվիք, օտար էի, և ինձ ձեր մեջ չառաք, մերկ էի, և ինձ չհագցրիք, հիվանդ էի ու բանտի մեջ, և ինձ տեսնելու չեկաք»։ Այն ժամանակ նրանք էլ պիտի պատասխանեն ու ասեն. «Տե՛ր, ե՞րբ տեսանք քեզ քաղցած, կամ ծարավ, կամ օտար, կամ մերկ, կամ հիվանդ, կամ բանտի մեջ ու քեզ չծառայեցինք»։ Այն ժամանակ պիտի պատասխանի նրանց ու ասի. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որովհետև այս փոքրերից մեկին ա՛յդ չարեցիք, ինձ համար էլ չարեցիք»։  (Մատթ. 25:41-46):

Քրիստոնեական արդարությունը պահանջում է անտարբեր չլինել ուրիշի հոգսի և կարիքի հանդեպ, պահանջում է չլինել եսակենտրոն, այլ լինել հոգատար ու սեր սփռող, որովհետև սերը գործերով, բարի՛ գործերով է ապացուցվում: Ուրեմն չկա քրիստոնյա առանց աղքատսիրության, առանց բարի գործերի, որովհետև հավատքը արտահայտվում է միմիայն գործերով (հմմտ. Հակ. 2): Իսկ աշխարհը հակառակ սրան գնում է դեպի անտարբերություն՝ բազմաթիվ մեղքերի մայրը, որ անհագ քաղցկեղի նման ճարակում է հասարակության մարմնում...

Այսուամնայնիվ, երբ ամիսներ առաջ պատրաստվեց «ՈՐՔԱՆՈ՞Վ ԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ» թեստը, այն հարցին, թե «Կարո՞ղ եք ասել, թե բարեգործ մարդ եք» մասնակից 1000 հոգուց ստացվեց հետևյալ ցուցանիշը՝

Սրանից կարելի է անել հետևյալ եզրակացությունները՝

1. 47% արձանագրած մարդիկ իրենց կյանքում այսպես, թե այնպես ձեռք են մեկնում կարոտյալներին, բայց դրա մասին ցանկանում են լռել՝ հետևելով հստակ ընդգծված քրիստոնեական կարգախոսին. «Զգո՛ւյշ եղեք, որ ձեր ողորմությունը մարդկանց առջև չանեք, որպես թե այն լիներ ի ցույց նրանց. այլապես վարձ չեք ընդունի ձեր Հորից, որ երկնքում է։ Այլ երբ ողորմություն անես, փող մի՛ հնչեցրու քո առջև, ինչպես անում են կեղծավորները ժողովարաններում և հրապարակներում, որպեսզի փառավորվեն մարդկանցից։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, ա՛յդ իսկ է նրանց վարձը։ Այլ երբ դու ողորմություն անես, թող քո ձախ ձեռքը չիմանա, թե ինչ է անում քո աջը, որպեսզի քո ողորմությունը ծածուկ լինի, և քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ հայտնապես» (Մատթ. 6:1-4)։ Այս սկզբունքով առաջնորդվողներն իսկապես արժանի են երանության. «Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն» (Մատթ. 5:7):

2. Պակաս գովության արժանի չեն նաև այս խմբի մարիկ, որ կազմում են 13%-ը՝ նշելով թե չեն կարողանում անտարբեր լինել մուրացկանների հանդեպ: Աստվածաշունչն ասում է նրանց մասին՝ «Մի՛ հապաղիր կարոտյալին բարություն անել, երբ քո ձեռքը կարող է օգնել նրան։ Չասես թե՝ «Գնա՛, կգաս՝ վաղը կտամ», մինչդեռ կարող ես բարությունդ անել, քանի որ չգիտես, թե վաղն ինչ է բերելու քեզ» (Առակ. 3:27-28): Միայն թե մեկ նկատառում. հաճախ մուրացկանին փոքրիկ դրամական օգնություն ցույց տալով մենք իրականում մեր սրտի ավելցուկից ենք տալիս նրան, հաճախ առերես կամ գուցե ոչ այնքան օգնության ձեռք ենք մեկնում պատահական հանդիպած մուրացկանին, բայց... անտեսում ենք ու հրաժարվում ենք ձեռք մեկնել (ամենևին պարտադիր չէ նյութական տեսանկյունից) մեր 
դրացուն, մեր հարազատին... «Եթե մեկը յուրայիններին և մանավանդ ընտանիքին խնամք չի տանում, հավատն ուրացել է և ավելի չար է, քան անհավատը» (Ա Տիմ. 5:8): Տերը թող բոլորիս հեռու պահի նման կացությունից:

3. Ինչպես ասացի, շատ կարևոր է կյանքում չանտեսել նաև մերձովորներին, ինչը և համընկնում է 25%-ի պատասխանի հետ, թե «հաճախ օգնում եմ մերձավորներիս», սակայն սա էլ հարցի մյուս ծայրահեղությունն է. քրիստոնյան պետք է բարեսիրտ լինի բոլորի հանդեպ, հակառակ դեպքում պիտի լսի. «Եթե սիրեք միայն նրանց, որոնք ձեզ սիրում են, ձեր վարձն ի՞նչ է. չէ՞ որ մաքսավորներն էլ նույնն են անում։ Եվ եթե միայն ձեր բարեկամներին ողջույն տաք, ի՞նչ ավելի բան եք անում. չէ՞ որ մաքսավորներն ու մեղավորները նույնն են անում» (Մատթ. 5:46-47):

4. «Այլ» պատասխանը նշածներին (13%) անձամբ կցանկանամ լսել բլոգի մեկնաբանություններում, քանի որ այս պատասխանի հանդեպ իմ կարծիքը կարող կանխակալ ու միանշանակ սխալական լինել:

5. Ինչ վերաբերում է 3% արձանագրած կես կատակ, կես լուրջ պատասխանին՝ «Մեկը լիներ, ինձ բարեգործություն աներ», ապա երևի չեմ սխալվի, եթե ասեմ, որ այն համարժեք էր «ՈՉ» պատասխանին, ինչը քրիստոնյայի կայնքում, ներեցեք, բայց անհամատեղելի է... Մյուս կողմից, եթե 1000 հոգուց 26-ը օգնության կարիք ունի, ապա ստացվում է, որ լավ չեն «բարեգործում» նախորդ 4 կետերին քվեարկած մարդիկ, այդ թվում և ես... 
Բարի լինենք մարդիկ ու բարությամբ ապացուցենք մեր քրիստոնյա լինելը և չմեղանչենք անտարբերությամբ... Տերը թող օրհնի բոլորիս ու օգնի իրականություն դարձնել այն առաքելությունը, որին մեզ ուղղել է Սուրբ Հոգին մյուռոնանիշ կնիքով մեր ձեռքերը օծելով. «Կնիքս յանուն Յիսուսի Քրիստոսի եղիցի քեզ պատճառ բարեգործութեան ամենայն առաքինի գործոց եւ վարուց»: Ամեն:

Միացի՛ր ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻՆ նաև facebook-ում

3 արտահայտվիր:

Anonymous said...
1/31/13, 1:30 PM

Մարդիկ պետք է խիղճ և սեր ունենան իրենց ներսում և մի փոքրել Աստված մարդկանց խելք տա վորպիսի գոնե եթե վոչ ընդհանրապես ապա մի փոքր մարդիկ քչացնեն սխալներ գործելը վորովհետեվ շատ մարդիկ անում են հետո են զղջում

Anonymous said...
1/31/13, 6:33 PM

hargeli sarkavag shat shorhakal em vor ayspes andnvirabar carayum eq mer erknayin hor@ ev amen kerp janum eq evs mi molorvac hogu darzi berel .. erb tesnum em sarkavagagrqic mi nor nyut uxarkvac postis ankexc uraxanum em ....... vorovhetev gitem vor hastat mi angam el piti haskanam vor inchqan ankatar em ev inchqan piti der inc vra ashxatem. xndrum em dzez aseq inchpes kareli e dzez harcer uxel ..... mi tesak chem karoxanum haxtaharel inc u gnal inc huzox harcer@ tal qahanayin.

Srk. said...
2/16/13, 2:29 PM

@Анонимный : Ես էլ Ձեզ եմ շնորհակալ ջերմ խոսքերի համար: Հարցեր կարող եք ուղղել՝ անցնելով այս հղումով՝ http://sarkavag.blogspot.com/p/blog-page_821.html

կամ Ֆեյսբուքյան էջի միջոցով՝ http://www.facebook.com/sarkavagiblog

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...