Այո՛, քրիստոնեություն ունի իր հստակ վարդապտությունը աշխարհի վախճանի, Քրիստոսի Երկրորդ Գալստյան և Հավիտենական դատաստանի մասին (կարդա՛ Մարկ. 13), սակայն մի բան հստակ է` ՈՉ ՈՔ ՉԻ ԿԱՐՈՂ ԻՄԱՆԱԼ ԱՍՏԾՈ ՆԱԽԱՍԱՀՄԱՆԱԾ ՕՐԸ և ԺԱՄԱՆԱԿԸ (այս մասին խոսել ենք դեռևս ԴՈՒ ՓՐԿՎԱԾ ԵՍ հոդվածում): Եվ հիմա՞... Ի՞նչ հանդուգն ձեռք է առաջացրել այս քաոսը, ինչպիսի՞ ամբարտավանություն է արհամարհում Աստվածաշնչյան ճշմարտությունը...
Ստեղծված այս կացությունը` կարծես երկսայրի սուր, երկակի ծայրահեղություն և վտանգ է առաջ բերում, մեկը աղանդավորական, մյուսը` աթեիստական:
Աղանդավորական - Կրոնական ոչ ուղղադավան բազմաթիվ կազմակերպություններ (աղանդներ) տարբեր դարաշրջաններում բազմիցս են հայտարարել աշխարհի վերջի օրվա և ժամի մասին և ամեն անգամ սխալվելուց հետո շարունակել են խաբել մարդկանց, թե Աստված գթառատ է գտնվել ու որոշել է հետաձգել այդ օրը: Համենայն դեպս, ձախողումներից հետո էլ դրանք չեն դադարել ու չեն դադարում նշանակել Արմագեդոնի հստակ օրերը: Ի՞նչ նպատակ են այս կեղծ հայտարարությունները հետապնդում: Պատասխանը մեկն է` ՎԱԽ, ՍԱՐՍԱՓ, ՏԱԳՆԱՊ: Տագնապային վիճակում հայտնված հավատացյալներին հեշտ է կառավարելը, միայն թե դու ցույց տաս նրանց «ճշմարիտ ելքը»: Այս դեպքում հաջողությունդ, ո՛վ սարսափազդու, կայացած է: Պատահական չէ, որ 2012-ի այս տագնապից խուսափելու համար շատերը մանկական միամտությամբ շտապում են գնել բունկեր-թաքստոցներ ու բնակարաններ, տարածքներ լուսնի վրա, ջրի և սննդամթերքի մեծ պաշարներ, հեռանում են քաղաքներից դեպի լեռները. կարծես այդ տեղերում Աստծո դատաստանն իրենց պետք է շրջանցի: Միանշանակ է, որ այսօր շատերը, և անգամ քրիստոնայաներ, ընկել են կեղծ վախի այս թակարդի մեջ: Միայն դեկտեմբեր 21-ից հետո նրանք խորը շունչ կքաշեն ու կմտածեն. «Լավ պրծանք»: Բայց խոստանում եմ, նորանոր թվեր ու ժամկետնր են դեռ ծնվելու:
Աթեիստական - Աշխարհի վախճանի մասին մյուս ծայրահեղությունը անհավատություն առաջ բերելու մեծ վտանգ ունի: Բավական է ուշադրություն դարձնենք մարդկանց մեկ այլ խմբի վերաբերմունքին հնչող հայտարարությունների հանդեպ, կտեսնենք որ նրանք աշխարհի վերջի մասին լուրերին վերաբերում են ՔԱՄԱՀՐԱՆՔՈՎ, ԾԱՂՐՈՎ կամ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ: Անշուշտ սա ճիշտ կեցվածք է, եթե խոսքը մայաների կամ գուշակությունների, սարսափ ներշնչող կեղծ հայտարարությունների մասին է, բայց... Նմանատիպ սադրանքները և աշխարհի վերջի մասին «սփամային» հայտարարությունները սպառնում են խամրեցնել, բթացնել ու թմրեցնել մարդկանց,շեղել նրանց ուշադրությունը Քրիստոսի իրական գալուստից, որպեսզի, երբ իրապես հասնի այդ ժամանակը, ոչ ոք այլևս դրա ճշմարտացիությանը չհավատա:
Եվ ամենավերջում մի շատ պարզ ու նույնքան անորոշ հարց է մնում: Եթե աշխարհի վերջը իսկապես այդքան մոտիկ լիներ, եթե այն լիներ հենց այսօր, ի՞նչ ես անում դու փրկվելու համար: Չէ՞ որ այդ օրը վաղ թե ուշ պետք է հասնի, ինչպե՞ս ես պատրաստվում դիմավորել այն: Բոլորս պիտի ննջենք, ապա կանգնենք Տիրոջ դատաստանի առաջ` Տասը կույսերի առակի նման (Մատթ. 25:1-13) և աղերսենք Քրիստոս-փեսային ներս թողնել մեզ: Արդյոք բավարար ձեթ ունեն՞ք: Արդյո՞ք բավարար չափով հոգում ենք մեր փրկության համար... Մոտավոր պատկերը, ըստ «Որքանո՞վ ես քրիստոնյա» թեստի արդյունքների, կարող ենք դիտել ստորև`
Ահա ա՛յս` սեփական հոգու փրկությունը, պետք է լինի մարդկային մեր մտահոգության առիթը, իսկ աշխարհի վերջի օրը և ժամը թողնենք Աստծո որոշմանը:
Արդ, արթո՛ւն կացեք, որովհետև չգիտեք, թե տանտերը ե՛րբ կգայ՝ երեկոյա՞ն, թե՞ կեսգիշերին, աքլորականչի՞ն, թե՞ առավոտյան դեմ։ Գուցէ հանկարծակի գալով՝ ձեզ քնի մեջ գտնի։ Բայց ինչ որ ձեզ եմ ասում, ամենքին եմ ասում՝ արթո՛ւն կացեք» (Մարկ. 13:35-37)։
Միացի՛ր ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻՆ նաև facebook-ում
0 արտահայտվիր:
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: