11.5.12

ՆՄԱՆ ԲԱՆԵՐ ԷԼ ԵՆ ԵՂԵԼ

Վերջերս «Արարատ» ամսագրի էջերում հանդիպեցի «ԺԳ. ԴԱՐԻ ՄԻ ՈՒՂԵՒՈՐԻ ՎԿԱՅՈՒԹԻՒՆԸ ՀԱՅՈՑ ՄԱՍԻՆ» վերտառությամբ մի հոդված, որում ներկայացվում է 1284թ. գարնանը Դոմինիկյան մի վանականի (Burchardus de Monte Sion) ուղեգրությունը, հուշերը Կիլիկյան Հայաստանի հայերի կենցաղի, Հակոբ Ա Կլայեցի կաթողիկաոսի (1268-1286թթ.) և Լևոն Գ թագավորի (1269-1289թթ.) մասին: Ստորև ցանկանում եմ փոքրիկ մեջբերումներ կատարել այս ուղեգրությունից՝ ուշադրություն հրավիրելով հատկապես այն իրողությունների վրա, որոնց այսօր հազվադեպ էլ չես հանդիպի: 

«Եղա նաև Հայաստանի և Կիլիկիայի թագավորի մոտ: Կային նրա մոտ նաև քանի մի թաթարներ: Մյուսները սակայն բոլորը, որ ծառայողների թվին էին պատկանում, քրիստոնյաներ էին, թվով մոտ 200 հոգի: Տեսա սրանց եկեղեցի շտապելիս, պատարագին ներկա գտնվելու, ծնկաչոք և ջերմեռանդությամբ աղոթելու:




… Հայոց, ինչպես և վրաց, եկեղեցու գլուխը կոչվում է կաթողիկոս: Նրա մոտ մնացի 14 օր: Կային նրա հետ արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ, վանահայրեր և ուրիշ շատ եկեղեցականներ: Իր նիստուկացով, հագուստով և խոսակցությամբ նա այնքան ինքնահատուկ էր, որ նմանը չեմ տեսել ոչ կրոնավորների, ոչ էլ աշխարհականների մեջ: 

… Հայոց և Կիլիկիայի թագավորին տեսա իր բոլոր իշխանների և հաճախ իր նախածին որդու հետ խոնարհությամբ ու մեծ հարգանքով նստած նրա ոտքերի առջև, ամենայն երկյուղածությամբ Տիրոջ խոսքը լսելիս: Կաթողիկոսը իր բոլոր հոգևորականների հետ պահում էր քառասնորդը (quadragesima) հացով և ջրով, նմանապես և թագավորը իր բոլոր իշխաններով, բացառությամբ Ավետյաց օրվա, երբ իմ ներկայությամբ կաթողիկոսը թույլ տվեց նրան ձուկ ուտել և գինի խմել: Այդ օրը ներկա էի պատարագին, որ տեղի ունեցավ նույն կաթողիկոսի, թագավորի և թագուհու ներկայությամբ: Արարողությունը կատարվում էր մեծ երկյուղածությամբ: 

… Թագավորական տան անդամները, իշխանները և բոլոր ազնվականները սիրով են լսում Աստծո խոսքը: Դրա համար է, որ յուրաքանչյուր օր ժամը 3-ին մի վարդապետ կամ վանական գալիս է թագավորի ու իշխաններից յուրաքանչյուրի ամրոցը. դրանց մոտենում է միշտ իշխանը ինքը, մենակ կամ թե զավակների ու տնեցիների հետ ի միասին: Վանականները դնում են առաջները որևէ մի գիրք և կարդում նրանց ներկայությամբ ռամկորեն (in vulgari)՝ որովհետև ուրիշ լեզու չգիտեն, կամ թե բացատրում նրանց դոցա բնագիրը, և, եթե աշխարհականները որևէ տեղ կասկած ունեն, առաջադրում են հարցեր և ստանում վանականներից դրանց մեկնաբանությունը սրբոց ցուցմունքների համաձայն: Ես հարցրի վանականներից իսկ, թե սրանցից նրանք որի՞ ուսմունքներին են ամենից շատ հետևում: Ասացին, որ գլխավորների շարքին են դասում Հովհան Ոսկեբերանին, Գրիգոր Աստվածաբանին և Կյուրեղ Ալեքսանդրացուն: Թե հոգևորականները և թե աշխարհականները եկեղեցում պահում են իրենց շատ վայելուչ ու ոչինչ չեն անում այնտեղ բացի աղոթելուց, երգելուց և այն բոլորից, ինչ պիտի կատարեն ըստ օրինաց: Երբեք չեք տեսնի մեկին ծիծաղելիս եկեղեցում կամ ոչ լուրջ վերաբերմունք ցույց տալիս: 

… Շատ ուրիշ բաներ ևս տեսա այն երկրում, ինչպես աշխարհականների նույնպես և հոգևորականների մեջ, խիստ օրինակելի և որոնք սակայն մեր երկրում հազիվ կարող էին իրագործելի թվալ»:


1 արտահայտվիր:

Anonymous said...
2/27/18, 10:04 AM

Երանի այդպիսի վերաբերմունքը վերադառնա մեր բոլորի կենցաղ:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...