1.5.12

ՕՁ և ԱՂԱՎՆԻ

Այսօր Հովհաննես ընթերցողի առաջարկով կծանոթանանաք ավետարանական` 
«Այսուհետև խորագե՛տ եղեք օձերի պես և միամիտ՝ աղավնիների նման» 
խոսքի մեկնությանը: Հատվածը, որ գտնվում է Մատթեոսի Ավետարանի 10-րդ գլխում, ներկայացնում է Տիրոջ խորհուրդները և հրահանգները առաքյալներին` Բարի Լուրը քարոզելու գործում: Ուրեմն եկեք հորդորը նախ դիտենք այս համատեքստում: Պարզ է, որ առաջին դարում հասարակ հրեա առքյալների կողմից նոր ուսմունքի քարոզչությունը հսկայական խոչընդոտների ու խութերի պիտի հանդիպեր: Թերևս սրա լավագույն ապացույցներն են բոլոր առաքյալների (բացառությամբ Հովհաննես Աստվածաբան Ավետարանչի) նահատակությունը և մինչև 4-րդ դար քրիստոնեության հանդեպ ընդլայնված ու գազանաբարո հալածանքները Հռոմեական Կայսրությունում և դրա տարածքից դուրս: Ուստի ամենևին պատահական չէր, որ Փրկիչը աշակերտներին զգուշացնում էր` «Ահա ես ձեզ ուղարկում եմ որպես ոչխարներ՝ գայլերի մեջ» (Մատթ. 10:16), ինչից հետո առաջադրում  «գայլերի» միջավայրում գործելու լավագույն լուծումը` քարոզչության մեջ այնքան կարևոր 2 կետ`

 Օձերի նման խորագետ լինել

  • Օձի «խորագիտությունը» հաճախ շփոթ է առաջացնում «խորամանկության» հետ` հավանաբար կապվելով Ծննդոց գրքի օձի հետ (Ծննդ. 3:1), սակայն ինչպես Հովհաննես Ծործորեցի վարդապետն է նշում` աշակերտներին քարոզչության ուղարկելիս Քրիստոս պատգամում է, որ ինչպես Եդեմի օձը գեղեցիկ խոսքրով կարողացավ Աստծուց հեռացնել և մեղքի մեջ գցել նախածնողներին, այնպես էլ առաքյալները պետք է կարողանան ճիշտ տեղին և ժամանակին ասված խորիմաստ խոսքով մարդկանց դեպի Աստված դարձնել:  
  • Պայքարի, պաշտպանության և հարձակման ժամանակ օձերը, որպես կանոն, պատրաստ են զոհաբերել միչև իսկ մարինը (պոչը)` միշտ ջանալով հնարավորինս անվնաս պահել գլուխը: Նույն կերպ Քրիստոս հորդորում է չարի դեմ պայքարում հաղթանակած դուրս գալու համար պատրաստ լինել զոհաբերելու հնարավոր ամեն բան, մինչև իսկ սեփական մարմինն ու կյանքը (հմմտ. Հովհ. 16:2, Մատթ. 10:28 ), բայց ոչ միայն հավատքի գլուխը` Հիսուս Քրիստոսին, քանզի հենց Հիսուսի հաղթանակն է հանուն ճշմարտության այդ պայքարի նպատակն ու արդյունքը (հմմտ. Եփես. 4:15-16): 
  • Օձերի խորագիտությունը բնության մեջ արտահայտվում է նաև զգուշավորությամբ ու հարմարվողականությամբ: Նոր տարածքներ «ներխուժելիս» օձերը երբեք նախահարձակ չեն լինում, այլ արտաքնապես ձուլվելով շրջակա միջավայրի հետ սպասում են (հաճախ այդ սպասումը կարող է օրեր տևել) հարմար պահի` գրոհի և հաղթության համար: Այս օրինակով պատգամվում է առաքյալներին շտապողականության չդիմել և լավ ուսումնասիրել այն միջավայրը, որտեղ պատրաստում են տարածել Աստծո Խոսքը, որպեսզի հանդիպեն ոչ թե հակառակության, այլ շահեն մարդկանց սրտերը (հմմտ. Ա Կորնթ. 9:19-23): 
  • Եկեղեցու հայրերը առաջ են քշում գեղցիկ մի մեկնաբանություն ևս. ինչպես օձն է ժամանակի հետ հրաժարվում և իր վրայից նետում հին կաշին, այդպես էլ առաքյալները պարտավոր են քարոզել մարդկությանը մի կողմ նետել հին մարդուն իր մեղքերով և զգեստավորվել նոր, առաքինի, մեղքից զուրկ կյանքով (հմմտ. Եփես. 4:22-24): 

 Աղավնիների նման միամիտ լինել

  • Գաղտնիք չէ, որ մարդկության պատմության ու համաշխարհային մշկույթի մեջ աղավնիները պատկերացվում են որպես միամտության, ազնվության, խաղաղության և բարության խորհրդանիշներ: Ահա Տերը հորդորում է առաքյալներին լինել աղավնիների պես, այսինքն քարոզչության մեջ չմոռանալ քրիստոնեական առաքինության մասին և գործել միայն Աստծո օրենքներով` երբեք ու երբեք չչարանալով «գայլերի» հալածանքների դեմ (հմմտ. Հռոմ. 12:21): 
  • Աղավնիների միամտությունն արտահայտվում է նաև անհիշաչարության մեջ: Անկախ սպասվելիք հալածանքներից ու Աստծո Խոսքի հանդեպ խուլ լինելուց` Քրիստոս պատգամում է մնալ սիրո մեջ և վերստին դառնալ դեպի մեղավորները` անհիշաչարորեն շարունակելով Տիրոջ Ավետարանի սերմանումը (հմմտ. Բ Տիմ. 2:22-24): 
  • Աղվնիները մշտապես հավատարիմ են իրենց տերերին և որքան էլ հեռու չվեն ու ինչպիսի վտանգների մեջ էլ հայտնվեն, միևնույն է, վերադառնում են իրենց տերերի մոտ: Քրիստոս հորդորում է միշտ հիշել Տիրոջը և անկախ քարոզչության շրջանում առաջացած դվարություններից միշտ դառնալ դեպի Նա: 
Հետաքրքրական է, որ Քրիստոս օձի և աղավնու, թվում է թե իրարամերժ կերպարները զուգորդում է մեկ` քարոզիչ-առաքյալների գործելաոճի մեջ: Հովհաննես վարդապետ Ծործորեցին Մատթեոսի Ավետարանի մեկնության մեջ այս առթիվ խրատում է. «...թողնելով օձի նենգությունը` առե՛ք նրա իմաստությունը և մի կողմ նետե՛ք աղավնու անմտությունը` վերցնելով նրա պարզամտությունը, որոնց խառնուրդից կազմվում է մի շատ գեղեցիկ առաքինություն, որով շատերին կարող եք հաղթել»:
 Հ.Գ. Ուզում եմ ընթերցողին հարցնել. «Ի՞նչ կյանքի դաս այսօր կարող է քաղել հասարակ քրիստոնայն աստվածաշնչյան այս տողից ու դրա մեկնությունից»:

Եթե ունեք մեկնության կարոտ Ձեր աստվածաշնչյան հատվածը, անցե՛ք այս հղումով` 

12 արտահայտվիր:

Blognews said...
5/1/12, 11:55 AM

Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

Hasmik said...
5/1/12, 12:42 PM

Ըստ ինձ մենք պետք է լինենք օձի պես խորագետ, այսինքն պետք է իմանանք մեր եկեղեցու դավանաբանությունը և դրա արժանի կրողները լինենք(այստեղ աղանդավորներից օրինակ վերցնելու բան ունենք, համենայն դեպս ես): Ինչքան քիչ իմանանք այնքան ամուր ու հաստատուն չենք լինի մեր եկեղեցու թիկունքին և հավատի հողին կանգնած:
Աղավնու պես միամիտ լինենք, այսինքն լինենք մարդկային բարի կերպար, տարածենք խաղաղություն, օձի խորագիտությունը ի նպաստ բարի գործի, Աստծո գործի գործածենք: Ինչպես չարի որդիները իրենց խորամակնություններն են անում ի նպաստ չարի, այնպես էլ մենք որպես բարու որդիներ մեր խորագիտությամբ նպաստենք Աստծո գործին:
Տեր Հայր ես էլ եմ մտածում, որ մեր ժամանակաշրջանում (հոգևորականների պակաս, աթեիզմից մնացած հետևանքներ և շատ բաներ) մենք պետք է մեր գործով կամ օրինակով նպաստենք քրիստոնեության տարածմանը:Բայց անկախ ժամանակաշրջանից, կամ այլ հանգամանքներից ո՞րն է հասարակ քրիստոնյային ուղարկված պատգամը այս կոնտեքստում:

Srk. said...
5/1/12, 3:29 PM

@Hasmik ջան շատ ճիշտ ու դիպուկ մոտեցում էր ցույց տվել: Որպեսզի մեր խոսակցությունը չկանխի մյուս ընթրցողների մտքերն ու մեկնաբանությունները, ապա ես իմ կարծիքը, քո թույլտվությամբ կհայտնեմ ավելի ուշ: Սպասենք նոր արծիքների` վերջին հարցադրմանս հետ կապված:

Edgar said...
5/1/12, 7:11 PM

Ըստ ինձ, Տիրոջ այս խոսքը մեզ այսօր շատ է հարկավոր, մանավանդ, որ ապրում ենք աշխարհում, որտեղ քրիստոնեական շատ քիչ բան կա... այս խրատը կարո է օգնել կատարել Տիրոջ բոլոր պատվիրանները... միամտությամբ` այսինքն սրտի ու հոգու պարզությամբ, բայց նաև խորագիտությամբբ, որը թույլ կտա Ավետարանի խոսքերը կիրառել այնպես, որ տեղին ու ժամանակին լինեն, որ կարողանանք սրտի պարզություն ունենալ հարաբերվելու մարդկանց հետ, բայց նաև օձի խորագիտություն շահելու համար մարդկանց հոգիները....

Unknown said...
5/1/12, 7:22 PM

Օրհնեցեք Տեր Հայր ջան

Իմ հոգևոր կյանքում պիկ պահերին եմ հիշում այս խոսքերը, որովհետև իմ հոգևոր հայրս է ինձ էտպես սովորեցրել:
Երբ մի պահ է գալիս, երբ պետք է որոշում կայացնեմ (անգամ հասարակ մի խոսք ասելու) մտածում եմ ինչպես դա անել, կամ ինչ անել. հիշում եմ այս խոսքերը և խորագիտությամբ (տրամաբանությամբ, մտքով և խելքով բանականորեն) որոշում եմ կայացնում և դա զուգորդում եմ աղավնու միամտությամբ (պարզ սրտով, մաքուր խղճով, խոսքին հավատարիմ):

Կարծում եմ ճիշտ հաղորդակցության հիմքն է տալիս Քրիստոս:

Anonymous said...
5/1/12, 7:58 PM

Դժվար է մի պահ աբստրահվել հրաշալի մեկնությունից ու մի նոր բան ասել:Այսօր կարդալով սա, ես կքաղեմ ինձ համար հետևյալը. գուցե ամեն դարաշրջան ունեցել է իր չարության բաժինը, բայց այսօր ապրողիս համար այն թվում է ամենաչարն ու դժվարը, ու թերևս աղավնու միամտություն ունենալը կօգնի չպատասխանել չարությանը, լռել ու պարփակել այդ ամենը քո ներսում ու չավելացնել մի նոր չար խոսք ու արարք:Սակայն մեր կրոնը թույլ է տալիս նաև նախանշված պահին պայքարի դուրս գալ ու հաղթական ճակատամարտում մեզ կօգնի օձի խորագիտությունը:

Աննա said...
5/1/12, 9:28 PM

Լինել աղավնիների նման միամիտ նշանակում է բառիս բուն իմաստով գլխում և սրտում,ունենալ մի միտք՝Քրիստոսի խոսքը, և այն ինչ ասենք,լինի այն,ինչ մտածում ենք և զգում ենք,չլինի ոչ մի հետին միտք և շահ:Օձերի նման խորագետ լինել իսկապես նշանակում է խոսել տեղին և ժամանակին,ինչպես նաև,որ ոչ պակաս կարևոր է,կարողանալ լռել ճիշտ ժամանակին: Օձերի պես խորագետ լինել նշանակում է դիտել ու դիտարկել,ուսումնասիրել ու հասկանալ,ու երևի թե չդատել:Երբ առանց դատելու ես մոտենում,ամեն ինչ ավելի բնական ու ճիշտ է ստացվում:Եվ ասածս կավարտեմ հենց մեր Տիրոջ խոսքերով.լինել օձերի նման խորագետ նշանակում է խոզերի առաջ մարգարիտները շաղ չտալ:

Anonymous said...
5/2/12, 12:11 AM

Ես դա նոր ծնված մանուկի պես եմ պատկերացնում պատկերացրեք նոր ծնված Հայ մանուկը իր սիրուն Հայկական անմեղ աչուկներով նայում է ձեզ բայց ով կարող է նմանվել այդ մանուկին կարծում եմ նա ով Սեր է զգում և գիտի թե ինչպիսի Սիրո մասին էր ասում Քրիստոս երբ ասում էր սիրիր քո դիմացինին անձիդ պես բայց մենք միայն մեր անձի մասին ենք մտածում կամ ամենաշատը մեր հարազատների և բարեկամների միթե եդպես չե? առանց անկեղծ Սիրո ամեն բան կարծես օտար լինի կամ կեղծ լինի ես մեկ բան եմ զգացել մենք Հայերս Սիրո պակաս ենք զգում կարծես մեր մեջ մի ինչվոր անասելի անբացատրելի դատարկություն է գոյացել ես կարծում եմ դա այն դատարկ տեղն է որը մենք պիտի լցնենք Սիրով մեր դիմացինը պետք է մեզ Սեր տա և մենքել պետք է այդ սերը փոխանցենք միմյանց այլ ոչթե մոմի լույսի պես հանգցնենք մեր մեջ և ուրիշին միայն չարիք ցանկանանք

Srk. said...
5/17/12, 8:32 AM

Սիրելիներդ իմ, շնորհակալ եմ պատասխանների համար. դրանք իրենց խորքով գերազանցեցին իմ սպասումները և եղան անգամ այնպիսիք, որոնք իմ մտքով երբեք չէին անցնի: Աստված օրհնի Ձեզ ու լուսավորի ձեր միտքը:
Հիմա այն, ինչ ես եմ քաղել այս կարճ տողից: Որպես հոգևորական շատ է պատահում, որ հայտնվում եմ մի միջավայրում, որտեղ մեղմ ասած ըմբռնումները քրիստոնեական չեն կամ խեղաթյուրված քրիստոնեական են: Ձեզ հետ էլ այդպես պատահած կլինի: Ո՞րն է ձեր առաջին «ռեակցիան»: Նախանձախնդրություն... հակառակություն, ճիշտը ուսուցանելու ձգտում... հանդիմանություն... Քրիստոս ասում է, որ այս ճանապարհով մեծ հաջողության չենք հասնի. անհրաժեշտ է օձի խորագիտություն: Անհրաժեշտ է լավ ուսումնասիրել, ծանր ու թեթև անել, հաճախ նաև դառնալ հասարակության մասնիկ, որպեսզի հանդիպենք ոչ թե հակառակության, այլ շահենք մարդկանց սրտերը: Այսքանը: Շնորհակալ եմ:

Hasmik said...
5/17/12, 9:10 PM

Ամեն:

Unknown said...
5/17/12, 9:24 PM

@Srk. :
Ձեզանից էլ եմ շնորհակալ Տեր Հայր, որ հնարավորություն ընձեռեցիք մեր մտքերը կիսել: Եվ ինչպես կասեր իմ սիրելի Սրբազաններից մեկը՝ ապրեք, ՕՐՀՆՎԵՔ

Hovhannes Gevorgyan said...
8/7/22, 8:30 PM

Շատ իմաստալից էր

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...