26.3.14

ԼՈՒՅՍ և ԽԱՎԱՐ - Մեկնություն ՀԱՎԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ աղոթքի

Հաւատով խոստովանիմ եւ երկիրպագանեմ քեզ, անբաժանելի լոյս, միասնական սուրբ երրորդութիւն եւ մի աստուածութիւն, արարիչ լուսոյ եւ հալածիչ խաւարի. հալածեա ի հոգւոյ իմմէ զխաւար մեղաց եւ անգիտութեան, եւ լուսաւորեա զմիտս իմ ի ժամուս յայսմիկ աղօթել քեզ ի հաճոյս, եւ ընդունել ի քէն զխնդրուածս իմ. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

Հավատով խոստովանում և երկըրպագում եմ Քեզ, անբաժանելի լո՛ւյս, միասնական Սո՛ւրբ Երրորդություն և Մի Աստվածություն, արարի՛չ լոյսի և հալածի՛չ խավարի, հալածի՛ր իմ հոգուց մեղքերի և անգիտութեան խավարը և լուսաւորի՛ր միտքս այժմ` աղոթելու Քեզ  հաճույքով ու ստանալու Քեզանից իմ խնդրածները. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

Արարիչ լույսի և հալածիչ խավարի - Աստվածաշնչի առաջին և ամենից վեհ խոսքերից մեկն է «Աստված ասաց. «Թող լույս լինի, և լույս եղավ»: Լույսը, արդարև, Աստծո ստեղծած առաջին տեսանելի և զգալի բանն է, որն էլ իր հերթին տեսանելի է դարձնում նյութական բոլոր բաները: Երբ չկա լույս, տիրում է խավարը: Լույսի հայտնվելը ինքնին փարատում, կամ ավելի պատկերավոր ասած՝ «հալածում» է խավարը:


Հալածի՛ր իմ հոգուց մեղքերի և անգիտութեան խավարը - Սա, այս աղոթատան երկու խնդրանքներից մեկն է: Բարոյական աշխարհում նյութական աշխարհի խավարին համապատասխանող երևույթը մեղքն է ու բարոյական տգիտությունը: Մեղքը մարդու կյանքի մեջ կարևոր իրողություն է, որովհետև իր հետևանքներով ահավոր է մարդու կյանքի համար: Եթե մեղքը գոյություն չունենար, Քրիստոսի փրկագործությունը պիտի տեղի չունենար, այնպես, ինչպես այդ տեղի ունեցավ «ժամանակների լրումին»:

Աշխարհի բոլոր չարիքների և դրա մեջ շրջող բոլոր թշվառությունների բուն պատճառը մեղքն է: Մեղքը անհատների և ազգերի կյանքը հաճախ դժոխքի վերածող բացասական ու ավերիչ մի ուժ է: Մեծագույն չարիքը, որ մեղքը պատճառում է մարդուն, նրան իր հավիտանական ճակատագրի իրագործումից զրկելն է, Աստծո հետ մտերմիկ հաղորդակցությունից զրկելն է, հավիտենական կյանքի երջանկությունից (ինչի համար և մարդը սահմանված է) զրկելն է: Առհասարակ, մեր բարոյական կյանքը հիմնված է մեղքի մասին մեր ունեցած կամ չունեցած գաղափարների վրա: Մեր՝ այս կամ այն կերպ ապրելը, այս գործը անելը և մյուսից խուսափելը առհասարակ կախված է մեղքի մասին մեր ունեցած ըմբռնումից: Մեղք ասվածը Աստծո գաղափարի հետ ամենից սերտորեն կապված երևույթներից է: Այն արարքը, խոսքը կամ մտածումը, որը հակառակ է Աստծո արդարությանը, սրբությանը, բարությանը, իմաստությանը ու վեհությանը, մեղք է: Աստված տիեզերքի մեջ գործում է որոշակի օրենքներով, որոնք բոլորն էլ կրում են Նրա իմաստության դրոշմը: Մենք՝ որպես այս տիեզերքի մասնիկներ, պարտավոր ենք գործել համաձայն Աստծո գործելու եղանակի. «Եղե՛ք կատարյալ, ինչպես ձեր երկնավոր Հայրն է կատարյալ»: Մենք տիեզերքի մեջ անկախ և ինքնագլուխ արարածներ չենք, մենք տիեզերքի Արարչից կախում ունեցող և մեր բարիքի ու օգուտի համար Աստծո դրած օրենքների շրջանակում գործելու համար սահմանված էակներ ենք: Մեղքը, սակայն, տիեզերքը ստեղծող և այն ղեկավարող Էակի հաստատած օրենքներին հակառակ գործելն է: Սուրբ Գրքի սահմանումով «մեղքը ինքնին անօրենություն է»: Մեղքը օրենքը չճանաչելն է, օրենք չունենալն է, հոգու խավարն է:

Բնական խավարի մեջ՝
ա. չի երևում իրերի իսկությունը. չենք կարող ճշտել դրանց գեղեցկությունը կամ տգեղությունը, դրանց վնասակար կամ անվնաս լինելը,
բ. մարդիկ, առհասարակ, իրենց ճամփան չեն տեսնում, չգիտեն, թե ուր են գնում,
գ. մարդիկ վախով են լցվում,
դ. վերջապես, բնական խավարը վտանգավոր, վնասակար և գիշատիչ կենդանիների գործելու ժամն է:

Նույնն է իրողությունը բարոյական և հոգեկան խավարի համար: Մեղքի կամ անգիտության խավարով պաշարված անձը՝
ա. Այլևս չի կարող տեսնել աստվածային ճշմարտությունների իսկությունը, քանի որ կորցրած լինելով չարը բարուց զանազանելու կարողությունը, նրանց մեջ մարում է նաև ճշմարտությունն ու իսկությունը ցույց տվող բարոյական լույսը:
բ. Մեղավորը կորցնում է իր ճամփան և չգիտի, թե ուր է գնում: Այլապես, եթե իմանար, պիտի անդրադառնար, որ իր բռնած ճամփան տանում է դեպի կորուստ և անմիջապես պիտի դառնար դրանից:
գ. Որքան էլ որ մեղավորը ջանա ինքն իրեն ներկայացնել անհոգ և անվախ, խորքի մեջ շարունակաբար համակված է դատապարտության երկյուղով և խղճի խայթով, որոնք խափանելու համար շարուանակ վազում է հաճույքի հետևից կամ չարիք է նյությում:
դ. Բարոյական խավարը, այսինքն՝ մեղքի և հոգևոր ճշմարտության անգիտության վիճակը այն միջավայրն է, որտեղ ազատորեն գործում է չարության իշխանը. «Ա՛յս է ձեր ժամը և խավարի իշխանության զորությունը» (Ղուկ. 22:53):

Հետևաբար, աղոթքի կանգնած հավատացյալի առաջին խնդրանքը «Լույսի Արարչից» պիտի լինի ազատել իրեն մեղքի և բարոյական տգիտության  խավարից, ինչը և ինքնաբերաբար կատարվում է հաջորդ խնդրանքով:

Լուսաւորի՛ր միտքս այժմ - «Այժմ» ասելով, բնականաբար, ակնարկում է աղոթքի ժամը: Իսկ «լուսավորիր միտքս» խնդրանքով Աստծուց հայցվում է իմաստության շնորհը, որպեսզի ենթական իմանա, թե որն է Աստծուց խնդրելու լավագույն բանը, և թե որն է Աստծուն այդ խնդրանքը ներկայացնելու լավագույն կերպը: Լույսի Գերազանց Աղբյուրին լուսավորված մոտենալու համար նախապայմանն է աղոթքի ժամանակ իմանալը, թե մարդը հոգեկան ի՛նչ վիճակի մեջ է գտնվում և հոգեկան ի՛նչ պահանջներ ունի:

Աղոթելու Քեզ  հաճույքով ու ստանալու Քեզանից իմ խնդրածները - Շատ բնականորեն մենք աղոթքի պահին Աստծուց մեզ համար փափագելի բարիքներ ենք խնդրում: Այդպես արեց մինչև իսկ մեր տերը Գեթսեմանիի մեջ. «Հա՛յր, ամեն ինչ քեզ կարելի է. այս բաժակը ինձնից հեռացրո՛ւ»: Հիսուս Աստծուց խնդրեց, որպեսզի չարչարանաց բաժակը խմելուց ազատի, բայց անմիջապես ավելացրեց. «բայց ոչ թե ինչպես ե՛ս եմ կամենում, այլ՝ ինչպես դո՛ւ ես կամենում»: Աստծո կողմից մեր խնդրանքների ընդունման գաղտնիքը այդ խնդրանքների՝ Աստծուն հաճելի լինելու մեջ է: Այլ կերպ ասած՝ կարևոր է, որպեսզի Աստված իմանա, որ կատաված խնդրանքները ենթակայի և նրա շրջապատի հոգևոր բարիքներին և Աստծո գերազանց փառքի համար են:
Ուրեմն այս աղոթատունը կամ դրա մեջ արտահայտված միտքը և ոգին պետք է մեր բոլոր աղոթքների նախերգանքը կազմեն, որպեսզի դրանք հաճելի և ընդունելի լինեն Աստծո առաջ:
ՇՆՈՐՀՔ ԵՊԻՍԿ.
(Սիոն, 1958, ԺԱ-ԺԲ)

0 արտահայտվիր:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...