5.10.10

ՆԱՄԱԿ ԻՆՔՍ ԻՆՁ (մաս 2)







Կարդա՛ նաև`
 


Բարև... անկեղծ ասած, փոքր-ինչ դժվար է բարևել մեկին, ում ով լինելն այնքան էլ հստակ չգիտեմ: Չնայած, որոշ կասկածներ ունեմ:
Նամակ գրելիս չեմ սիրում հատկապես սկիզբը, քանի որ նախաբանով սկսելն ինձ մոտ միշտ էլ դժվար ու վատ է ստացվում, իսկ նախաբանը պարտադիր է։
Նամակդ հասավ իր հասցեատիրոջը՝ սրտիս: Պատկերացրու, որ մի ծա՜նր հոգոց եմ հանում: Շա՜տ ափսոս, որ սովորական այս թղթի կտորն իմ ձայնը քեզ չի կարող փոխանցել: Չնայած, ինձ թվում է, որ դու հիմա էլ լսում ես այն: Ինչ որ է...
Պիտի ասեմ, որ տատանվում էի քեզ նամակ գրելու հարցում: Ախր ես քեզ չեմ էլ ճանաչում կամ... Քեզ պատասխանում եմ, որովհետև ամբողջովին ճշմարիտ ես: Բայց խնդրում եմ ասա՛, թե ո՛վ ես դու: Վստահ եմ, որ դու Աստված չես: Ես դրան չեմ կարող արժանի լինել: Դու նաև ասում ես, որ խիղճս էլ չես ու չէիր էլ ուզենա լինել: Լավ, իսկ ո՞վ ես դու: Ես քեզ հոգի անունն էլ չեմ կարող տալ, որովհետև իմ հոգին բավական պղտոր է, իսկ դու՝ մաքուր ու անաղարտ: Ես քեզ նաև սիրտ անունը չեմ կարող տալ, որովհետև դու հենց սրտիս՝ ինձ ես նամակն ուղղել: Հասկանում եմ, դու իմ ճշմարտությունն ես, բայց որտեղի՞ց ես, հարգելի՛ ճշմարտություն... 

Խնդրում եմ, պարզի՛ր այս ամենն ինձ համար:
Լավ, արի մինչև վերջ անկեղծ լինեմ. ինձ թվում է, որ դու Աստծու ճշմարտությունն ես: Ես հավատում եմ, որ յուրաքանչյուր մեկի խղճի մի մասնիկն աստվածային ճշմարտությունն է, որը ենթակա չէ աղավաղման, ապականության: Հուսով եմ՝ չեմ սխալվում: Դու աստվածային լույսն ես, որ յուրաքանչյուրի մեջ էլ կա, սակայն բոլորը չէ, որ կարողանում են գտնել քեզ: Ես հպարտ եմ, որ դու հայտնվել ես ինձ: Ես ինքս ինձանով քեզ չէի կարող գտնել:
Ես երբեք իրականությունից խույս չեմ տալիս, սակայն միշտ էլ նողկանքով եմ լցված դրա դեմ: Ես, առհասարակ, զզվում եմ, նողկում, գարշում եմ ինքս ինձանից: Չէ՞ որ իրականության
մի անբաժանելի մասնիկն էլ ես եմ: Գիտե՞ս, երբ ես սատկեմ ու դուրս շպրտվեմ մարդկային հարաբերությունների փուչ շրջանակից՝ այս խիստ նեղ, խեղդող օղակից, միևնույն է, ես էլի մնալու եմ իրականությունից անտարանջատ: Եվ այս իսկ պատճառով շատ անգամ զարհուրում եմ այն մտքից, թե հնարավոր է, որ ես երբեք էլ չկարողանամ սիրել ինձ: Օ՜, դա ինձ համար հավիտենական տանջանքից էլ վեր է: Քո կարծիքով ես եսասեր չե՞մ. ես այդպես չէի ասի: Ես սիրում եմ իմ ԵՍ-ը, ես պաշտում եմ այն, ես երկրպագում եմ այդ ճիճվին: Պաշտում եմ իմ հպարտ, նախանձոտ, բարկացկոտ, ագահ, ծույլ, որկրամոլ, բղջախոհ ԵՍ-երը: Այո՛, այո՛, ես տարբեր տեսակի ԵՍ-եր ունեմ: Սրանց հակառակ երևույթների անուններն անգամ չեմ ուզում արտասանել. թո՛ղ որ դրանք իմ բերանում չպղծվեն:

Գիշեր է, մո՜ւթ, շատ սև ու թանձր գիշեր. հոգիս է այն: Ձմե՜ռ... Տարվա հատկապես այս եղանակին ինձ շատ լավ եմ զգում: Սա հայելային արտացոլումն է ամբողջ իմ էության: Դրսում հիմա շատ ցուրտ է, բայց հաստատ գիտեմ, ներսում սրանից էլ ավելի ցուրտ է: Տարբերությունն այն է լոկ, որ դրսում ձյան մաքո՜ւր, սպիտակ փաթիլներ կան, իսկ ներսում... Ներսում միայն գիշեր է՝ հեղձուցիչ, ճնշող, ամեն ինչ կլանող: Այս գիշերն արդեն լափել է ինձ: Հիմա ես կամաց-կամաց մարսվում եմ: Հա, հա՜, մի՛ զարմացիր. այ, տեսնում ես, միայն ես չեմ, որ զարմանում եմ, այլ նաև դու: Գազան գիշերն ինձ կուլ է տվել ու հիմա ես կամաց-կամաց լուծվում եմ այս հսկայի որովայնում: Շուտով ամեն ինչ կվերջանա. աղիքներն ինձ կգալարեն, կճզմեն, ինձանից ինչ պետք է, կքամեն ու...
Դողում եմ, սառը քրտինքը պատել է ճակատս... հոգիս մրսում է: Երբևէ այսպիսի վիճակում չեմ եղել: Ես միշտ էլ իմացել եմ ինձ հետ տեղի ունեցող գրեթե ամեն ինչ: Սակայն այս անգամ իմ գիտեցած իրականությունն ուղղակի շպրտվեց ճակատիս, թունավոր նետի նման մեխվեց սրտիս մեջ:
Քեզ նամակ եմ գրում ու չգիտեմ, թե ի՛նչ գրել: Ախր դատարկ արկղի մեջ ինչպե՞ս գեղեցիկ խաղալիքներ գտնեմ: Վստահ մի բան գիտեմ, որ ոչնչից միայն Աստված ստեղծագործեց: Չնայած, գիտե՞ս, պիտի շտկեմ խոսքս. Աստված ոչ թե ոչնչից ստեղծեց, արարեց, այլ Ինքն իրենից երկնեց: Շատերն այս հանգամանքը հաշվի չեն առնում ու զարմանում են, թե այդ ինչպե՛ս ոչնչից ստեղծվեց ինչ: Չերկարեցնեմ, դու ինձանից ավելի լավ գիտես:
Երբևէ ձու կոտրե՞լ ես: Ես կոտրել եմ: Ու մինչև այսօր էլ թաքուն մի ցանկություն ունեմ. ուզում եմ բարձրանալ ինը հարկանի մեր շենքի տանիքն ու այնտեղից ձվերով խփել մեքենաների կտուրներին, ի՞նչ կասես: Ձու ջարդելը բավական հեշտ է, չէ՞, բայց չէ՞ որ այդ նույն ձվից նաև փոքրիկ մի կենդանի էլ կարող է լույս աշխարհ գալ: Սակայն արի ու տես, որ ձուն կոտրել կարելի է մեկ վայրկյանում, իսկ փոքրիկ ճուտիկ արարել՝ հարյուր հազարավոր այդպիսի վայրկյաններում: Եվ ինչու՞... Ա՜, հիմա հարգարժան ֆիզիկոսները, կենսաբաններն ու մյուս գիտուն գիտնականները կասեն. «...որովհետև ձուն կազմված է այնպիսի նյութերից, որոնք հեշտությամբ բեկվում են: Հեշտությամբ են բեկվում, քանի որ նրանց մոլեկուլային կառուցվա՜ծքը...»: Լա՜վ, լա՛վ, հասկացա՛նք, իսկ ինչու՞: Հարցս ավելի պարզեցնեմ. ինչու՞ է ձուն հեշտ կոտրվում, մինչդեռ այն վերականգնելն անհնարին է: Արդյոք ինչու՞ է միշտ չարն ավելի հեշտ գործել: Ինչու՞, երբ բաժակը մեր ձեռքից ընկնում է, անմիջապես փշուր-փշուր է լինում: Թող լիներ հակառակը. մենք փորձեինք բաժակը կոտրել, ու չկարողանայինք, մեծ քարերով հարվածեինք ու նորից ոչինչ չստացվեր: Միայն երկար ժամանակ չարչարվելուց հետո մեզ հաջողվեր այն կոտրել, իսկ մի փոքրիկ մանկիկ, որ կուզենար այդ բաժակով ջուր խմել, գար, հավաքեր բաժակի փշուրները և դրանք իր անմեղ թաթիկների նուրբ շարժումներով միացներ իրար:
Ինչու՞, երբ ես կոտրում, ջարդուխուրդ եմ անում ժամացույցը, նայում եմ ԺԱՄԱԳՈՐԾ-ին ու տխմարի պես ծիծաղում եմ: ԺԱՄԱԳՈՐԾ-ն Աստված է, չէ՞, իսկ ժամացույցն էլ ինձ պարգևված կյանքն է: Սա լավ եմ հասկացել:
Ես գիտեմ, իմ արարքը գարշելի է, սակայն ինչու՞... Ինչու՞ չեմ կարողանում հեռանալ ինձանից, իմ չար հոգուց ու իմ չար մտքերից:
Ես գիտեմ, որ դու լավն ես, սակայն ես քեզանից շատ եմ վախենում, ես քեզանից խուսափում եմ: Չեմ կարող քո կողքին լինել. կկուրանամ: Ես դև չե՞մ, ես սատանա չե՞մ: Երևում է շատ գթասիրտն ես: Ես գիտեի, որ դու բարի ես, բայց որ այսքան, այդ արդեն նորություն է: Ես խուսափում եմ լույսից, որովհետև սև կետը երբեք չի կարող լուսավորվել, համենայն դեպս այն
երբեք չի սպիտակի: Այն պետք է ջնջել կամ, թերևս, ներկել: Իսկ ինչպե՞ս: Խնդրում եմ ասա՛ ինձ, ի՞նչ անեմ, ինչպե՞ս վարվեմ, ես ոչինչ չգիտեմ, սովորեցրո՛ւ ինձ, տո՛ւր ինձ ներկերն ու վրձինը, որպեսզի կարողանամ ստեղծագործել կտավի վրա։ Տե՛ս, նամակիդ վերջում ես քեզ հյուր էի եկել, իսկ հիմա ես քեզ մոտ չեմ: Չէ՜, դու խաբում ես ինձ կամ էլ խաղ ես անում հետս: Ի՜նչ արցունքներ, ես չէի լալիս: Ես ինչպե՞ս կարող եմ լաց լինել ու հիմա գռեհկաբար հռհռալ: Մի՛ վիրավորվիր, ես ինձ վրա եմ հռհռում: Գիտե՞ս, ես լաց լինելը միշտ թուլություն էի համարում, սակայն հիմա փոխվել է կարծիքս. միայն ամենաուժեղ մարդիկ են լալիս: Հասկանո՞ւմ ես, ես լաց եմ եղել, ես ողբացել եմ, բայց երբեք չեմ ստորացել, չեմ վնգստացել շան լակոտի պես: Է՜հ, սակայն ում է պետք. ես հիմա էլի նույն ԵՍ-ն եմ՝ քեզանից հեռու, միշտ սև ու խավար:
Ա՛յ, երբ նամակդ ստացա, կարդացի այն, ես հյուր եկա չէ՞ քեզ: Հիշում ես անշուշտ, որ վերջում քեզ այցելեցի: Ախր ինչու՞ մի փոքր երկար չէիր գրել: Եթե դու երկար գրեիր, ես քեզ մոտ ավելի շատ կմնայի: Սակայն ի՞նչ եմ ապուշի պես բարբաջում, ես անգամ քո նամակին արժանի չեմ: Էլ չգրես, մի՛ գրիր, գուցե մինչև վերջ մարսվեմ, դուրս նետվեմ այս հսկայի գարշելի մարմնից ու հանգստանամ:
Չէ՜, ներիր քիչ առաջ ասած խոսքերիս համար: Համարիր, թե ես այդպիսի բաներ չեմ ասել, գրի՜ր, գրիր ինձ, խնդրո՜ւմ եմ:
Ես խոզ եմ, այո՛, անշնորհակալ խոզ, բայց համարձակություն ունեմ հանդգնելու և քեզանից նորից խնդրելու.
- Ճանապա՛րհ տուր ինձ:
Դու ինձ ասում ես ճշմարտությունը, սակայն չես ասում դրան հասնելու միջոցը: Քեզ թվում է, թե ես այդքան բան գիտե՞մ, ոչ-ո՜չ, ամենևի՛ն, ես ոչինչ էլ չգիտեմ: Իսկ ավելի ճիշտ, ես միայն ոչինչ գիտեմ։ Ես գիտեմ Ճշմարտության մասին, բայց չգիտեմ, թե ինչպե՛ս դրան հասնել և հասնելուց հետո էլ չդավաճանել:
Կարծես թե խնդրանքներս շատ էին: Ի՞նչ արած, ինչպես դու ես ասում, սխալներն էլ շատ են:
Լա՛վ, քեզ շատ չեմ անհանգստացնի, ժամանակդ էլ զուր չեմ վատնի: Համենայն դեպս, ես երջանիկ եմ, որ դու կաս: Միշտ գրիր, ես քո ծարավն ունեմ, ես պատրաստ եմ ամեն ինչում քեզ լսելու և խորհուրդ ստանալու:
ԺԱՄԱԳՈՐԾ-ին էլ, եթե կարող ես, շնորհակալություն հայտնիր, բայց միայն թե չասես, որ ես եմ խնդրել: Ես ունակ չեմ շնորհակալ լինելու, ոչ էլ՝ արժանի:
Հաջողություն, հուսով եմ պատասխան նամակդ շուտ կստացվի: 

Քո՝
խոզ

12 արտահայտվիր:

Srk. said...
10/5/10, 6:59 PM

Հուզվեցի ընկեր. հիշեցի, որ 2 շաբաթից փոքր-ինչ հեռու կլինես ինձանից: Բայց դու գիտես, թե ինչքան ուրախ եմ քեզ համար :)

AngeloK said...
10/6/10, 10:04 AM

Լավն ա էլի, ինչ ասեմ...

Unknown said...
10/7/10, 11:52 AM

e lav ha, es el em huzvum, bayc inch ara&, aravel me& uraxutyunn e mer huzmunqi pat&ar@.

AngeloK said...
10/8/10, 8:31 AM

Մենք քեզ նամակ կգրենք, մաս 3 :)

Srk. said...
10/8/10, 8:42 AM

Անհամբեր կսպասեմ...

AngeloK said...
10/8/10, 8:45 AM

:)))

Արսեն սրկ. said...
10/9/10, 9:32 PM

:)))

Anonymous said...
1/18/12, 9:31 PM

Ճիշտ է նամակը անձամբ ինձ ուղղված չէ, բայց մեծ սիրով ես կպատասխանեի, եթե մի փոքր անգամ իմանյաի թե ում կողմից է գրված

Unknown said...
1/21/12, 4:59 PM

Այ հենց այդ է, որ ես չեմ կարող ասել թե ում կողմից է գրված նամակը: Ամբողջ հետաքրքրությունն այն է, որ ընթերցողն ինքն է մտածում, թե որ նամակն ում կողմից է գրված: Այս ստեղծագործության մեջ պարզ է, նամակագրությունը երկկողմանի է. առաջին դեմքը, որը հենց սկսում է նամակագրությունը շատ տարբեր կերպարներով է հայտնվում, իսկ երկրորդ դեմքը մարդն ինքն է իր ներաշխարհով, իր եսով: Կարողեմ ասել, որ երկրորդ դեմքը ես եմ, իսկ մնացածը ինքներդ դատեք ու գտեք:

Anonymous said...
2/28/12, 10:38 AM

Indz tvum e vor duq ays namak@ dzer pahapan hreshtakin eq grel,te sxalvum em?inc tvum e es aysqan ankexc namak miayn nran kgrei.....

Unknown said...
4/12/16, 6:24 PM

Shat hetakrkir namak er es uxaki mi pah patkeracri vor duk inj vor mekic nexacac ek,heto haskaca vor duk henc dzezanic ek nexacac,bayc verjum ayn mtkin eka vor ays namakov duk apacucum ek vor mardy ir eutyamb bari,andznazoh,arakini eak e .......
Idep ankexcanam ays namaky indz ognec haskanal vor ays myankum petk chi miayn mer masin mtacel ....

Unknown said...
4/12/16, 6:31 PM

Shat hetakrkir namak er es uxaki mi pah patkeracri vor duk inj vor mekic nexacac ek,heto haskaca vor duk henc dzezanic ek nexacac,bayc verjum ayn mtkin eka vor ays namakov duk apacucum ek vor mardy ir eutyamb bari,andznazoh,arakini eak e .......
Idep ankexcanam ays namaky indz ognec haskanal vor ays myankum petk chi miayn mer masin mtacel ....

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...